44-օրյայի ժամանակ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաները ղեկավարած գեներալը՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար

Ադրբեջանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Հայաստանի հետ նոր պատերազմ չեն ուզում, բայց սեփական զինված ուժերի զարգացումն ու հզորացումը շարունակելու է իրենց համար առաջնահերթություն լինել:

Իսկ այս հարցում կարևոր դերակատարում ունի նաև կադրային քաղաքականությունը և կադրերի ճիշտ ընտրությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար՝ փոխարինելով գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևին։

Բացի այս, նշվում է, որ ադրբեջանական բանակի մի շարք պաշտոնյաների են զորացրել:

Կարդացեք նաև

Նշենք, որ պաշտոնից ազատված Էֆենդիևին այդ պաշտոնին մոտ 2 տարի առաջ էին նշանակել:

2021 թվականի հուլիսին razm.info մասնագիտացված կայքն անդրադառնալով նրա նշանակմանը Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում՝ գրել էր, որ նախկինում Ադրբեջանի ՊՆ-ում նման պաշտոն չի եղել, ուստի այդ նշանակմամբ կատարվում է նաև կառուցվածքային փոփոխություն ու ստեղծվում առանձին ցամաքային զորքերի հրամանատարություն։

Կայքը գրել էր նաև, որ Էնվեր Էֆենդիևի կերպարի մասին տեղեկությունները հակասական են։ Նա մինչ այդ 2021-ի նշանակումը եղել էր Ադրբեջանի ԶՈւ մարտական պատրաստության և ուսուցման գլխավոր վարչության պետը, մասնակցել էր 2020թ. պատերազմին, պատերազմի ընթացքում և հետո որոշ ժամանակ ղեկավարել էր նաև Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսը:

Ինչ վերաբերում է Հիքմեթ Միրզոևին, ապա նա մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին և 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ավելին՝ եղել է այդ գործողությունների գլխավոր ղեկավարներից մեկը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հենց Միրզոևն է ղեկավարել Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաները:

Իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, ասել էր, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:

Իսկ Հիքմեթ Միրզոևի նշանակումն Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, ըստ էության, տեղավորվում է Ալիևի՝ երկրի զինված ուժերի հզորացման, հատուկ նշանակության ուժերի զարգացման տեսլականի տրամաբանության մեջ:

2023 թվականի ամռանը Ալիևը՝ շեշտելով 44-օրյա պատերազմի ժամանակ այդ ջոկատների «առանձնահատուկ հերոսությունը», նշել էր, որ բանակում հատուկ նշանակության ջոկատների թիվը պետք է ավելանա, որպեսզի Ադրբեջանի «անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնեն թշնամու ուժերին»։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանին, այդ թվում՝ Տավուշի գյուղերի վերադարձ, և ուղիղ հայտարարել, որ 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքներից չեն հեռացնելու զորքը, իսկ մեր տարածքում նրանք տեղակայված են կարևոր մարտավարական և ռազմավարական բարձունքներում, ինչի շնորհիվ Ադրբեջանն ունի գերակշռություն՝ այդ ուղղություններով հետագա ռազմական գործողություններ ծավալելու համար, իսկ այստեղ զգալի դեր ունեն նաև մոբիլ խմբերն ու հատուկ նշանակության ուժերը:

Տեսանյութեր

Լրահոս