2020թ. նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձվել. Քյարամյանը չի հարցաքննվել

Մայիսի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.

1. Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վտանգավոր հայտարարություն էր արել՝ պնդելով.

«44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն: Ինչի՞, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ… Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ: Ղարաբաղի նախագահի էդ համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ էդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին: Ես ոչ մի բան ինձնից չեմ հորինում: Ես Սամվել Բաբայանին էդ ժամանակ երևի առաջին անգամ եմ տեսել և ծանոթացել: Ես շատ ճիշտ եմ ասում, էն, ինչ որ տեսել եմ»:

Ըստ այդմ՝

Կարդացեք նաև

– Քննչական կոմիտեն իշխանական պատգամավորից պատրաստվո՞ւմ է հիմնավորում պահանջել և ըստ դրա՝ գործողություններ ձեռնարկել, այսինքն, իրավական որևէ ընթացակարգ կարո՞ղ է կիրառվել:

– Խաչատուր Սուքիասյանը հղում է անում 2020 թվականի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին, ուստի Քննչական կոմիտեն հնարավո՞ր է նրան ևս հարցաքննության կանչի:

2. 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել:

3. 2024 թվականի փետրվարին կոլեգիայի նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի համատեքստում քրեական գործերին անդրադառնալով՝ հայտարարել էր՝ «բացի մեկ ուղղությունից, բոլոր հիմնական ուղղություններով պատերազմական հանցագործությունների քննությունը գրեթե ավարտել ենք»: Ինչի՞ մասին էր խոսքը, և արդյո՞ք այս պահին այդ ուղղությամբ քննությունն ավարտված է:

Ի դեպ, բացի այս, ՔԿ նախագահը նշել էր. «420 անձից ավելի մեղադրյալներով գործեր են ուղարկվել դատարան: Սակայն, այնուամենայնիվ, կան որոշ մանր դրվագներ այդ ուղղություններում, որոնցով քննության տեղ կա: Որպեսզի մենք ամբողջացնենք մեր կատարած աշխատանքը, պետք է պլանավորվի՝ ըստ դրվագների, ուղղությունների՝ ներկայացնել կատարված աշխատանքը, և մինչև մայիս էլ այդ աշխատանքը պետք է կատարվի: Մենք պետք է կարողանանք փաստել, որ մենք պատերազմական հանցագործությունները դիվիզիայից մինչև ջոկ քննել ենք և տիրապետում ենք այդ ինֆորմացիային: Եվ սա պատմական նշանակություն ունեցող հանգամանք է»:

Ի՞նչ դրվագների մասին է խոսքը, և ո՞ր ուղղություններին է վերաբերում, և արդյո՞ք ամբողջացվել են դրանք նախապես նշված ժամկետում: Խնդրում ենք մանրամասներ և թվային տվյալներ հայտնել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի հետ կապված:

4. Շուշիի պաշտպանության ոչ պատշաճ կազմակերպման գործով, որով անցնում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցաքննվե՞լ է, քանի որ այնտեղ է եղել պատերազմի ժամանակ և դուրս է եկել Շուշիից, ըստ էության, քաղաքի անկումից 1-2 օր առաջ (քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 7-ի կեսօրին է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել Շուշիի անկման մասին.- Մ.Պ.) ՀՀ ՊՆ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի հետ, որն այս գործով որպես վկա հարցաքննվել է:

Ի դեպ, այս գործը դատարանում է, բայց, ըստ էության, Միքայել Արզումանյանի գործն ավարտվում է 2020 թ. նոյեմբերի 7-ով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում հայտարարել է, որ Շուշին հետ վերցնելու գործողություններ են եղել նոյեմբերի 7-ից հետո, այս հանգամանքը քննության առարկա դարձե՞լ է:

5. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում դասալքության քանի՞ դեպք է բացահայտվել և քանի՞ գործ է հարուցվել, ինչպես նաև՝ պատերազմի ընթացքում պետական դավաճանության դեպքերի առթիվ քանի՞ քրեական վարույթ է հարուցվել և քանի՞ անձի վերաբերյալ:

Մեր այս հարցմանը և դրանում ներառված հարցերին Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն պատասխան գրություն է ուղարկել 1 ամիս հետո, և կարևոր հարցադրումների, ըստ էության, կամ հստակ պատասխաններ չեն տրվել, կամ դրանց պատասխանները չեն համարվել հրապարակման ենթակա:  Եվ այսպես՝

 Սամվել Բաբայանը հարցաքննվել է

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը և այս համատեքստում Սամվել Բաբայանին առնչվող մեր հարցադրմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են.

«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից 27.05.2024 թվականին հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի շարք վարույթների շրջանակներում Սամվել Բաբայանը հարցաքննվել է՝ վկայի դատավարական կարգավիճակով»:

Իսկ թե արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել, ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ մի շարք հանգամանքներ քննության առարկա են դարձվել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վարույթների շրջանակներում:

 Շուշիի անկման գործով Արգիշտի Քյարամյանը չի հարցաքննվել

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործի՝ Շուշիի վերաբերյալ դրվագին, Արգիշտի Քյարամյանի այս գործով հարցաքննվել-չհարցաքննվելու, և նոյեմբերի 7-ի քաղաքի անկումից հետո Նիկոլ Փաշինյանի Շուշին հետ վերցնելու հրահանգին, որոշ չափով նաև ռազմական դրվագների ուղղություններին առնչվող մեր հարցադրումներին՝ Քննչական կոմիտեն հետևյալ պատասխանն է տվել.

«44-օրյա պատերազմի ընթացքում ծավալված ռազմական գործողությունների բոլոր ուղղությունները, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված իշխանության անգործության, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու, զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված առերևույթ այլ հանցագործությունների կատարման դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում կատարված՝ զինվորական կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում չի հարցաքննվել»:

ՀՀ քննչական կոմիտեն մեր մյուս հարցադրումներին ի պատասխան՝ նշել է, որ՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:

Իսկ մենք Միքայել Արզումանյանի գործով՝ Շուշիի պաշտպանության դրվագով և Արգիշտի Քյարամյանի 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ մի քանի հիշեցում անենք:

Առաջին, Միքայել Արզումանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի Շուշիի պաշտպանությանը վերաբերող մեղադրանքը, ըստ էության, ավարտվում է նոյեմբերի 7-ով:

«Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք:

Այնուհետև շրջանցել են Շուշի-Քարին Տակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ»,- նշվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Երկրորդ, նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշել էր, ինչպես 168.am-ին ասել էր Սեյրան Օհանյանը, հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ինքը, և՛ Արգիշտի Քարամյանը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս են եկել Շուշի քաղաքից: Իսկ ամսի 7-ին նրանք մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված ինչ-որ հարցեր լուծելու:

Ի դեպ, ավելի ուշ լրատվամիջոցներից մեկին Սամվել Բաբայանն իր հերթին պատմել էր. 

«Ես եկել եմ Արցախից նոյեմբերի 6-ին՝ Ղարաբաղի նախագահի խնդրանքով: Բանակցություններ եմ վարել այստեղ ռուսական մի ընկերության հետ, որը նայոմնիկներով է զբաղվում: Ամսի 6-ին ինձ գործուղում են այստեղ բանակցությունների, ես գալիս եմ բանակցեմ, որ նայոմնիկ գնա ստեղից, ու դուք ամսի 9-ին ղազագիր եք ստորագրում»:

Արդյո՞ք այս հարցերը քննության առարկա դարձել են, և որ նոյեմբերի 7-ից հետո Փաշինյանը հրահանգը Շուշին հետ վերցնելու համար մարդկային և ռազմական, ռազմատեխնիկական ռեսուրսի խնդիր կարող էր լինել, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են ձախողվել հակագրոհի գործողությունները:

Երրորդ, 168.am գրել էր, որ Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորն Արգիշտի Քյարամյանի խորհրդական է նշանակվել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2020-2022թթ.՝ Արցախի Հանրապետության զինվորական կոմիսարը, իսկ 2022-2023թթ.-ին՝ ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալը եղած Սերգեյ Առստամյանը լավագույն դեպքում որպես վկա է հարցաքննվել Շուշիի գործով:

Չորրորդ, Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից՝ հոկտեմբերի 8-ին, և Երևանում ընդունում-հանձնումից հետո դարձյալ մեկնել է Արցախ և մնացել այնտեղ: Ի դեպ, հայտնի հակահարվածի դրվագով, որի գործողությունների պլանը հաստատել էր իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը, մեղադրվել էր ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, բայց որոշ ժամանակ անց արդարացվել էր: Այսինքն, այս օպերացիայի համար պատասխան տվող չկա, մինչդեռ այն, մասնագետների կարծիքով, իր ազդեցությունն ունեցել է պատերազմի ելքի վրա:

Եթե հանրագումարի բերենք Քննչական կոմիտեի պատասխան գրությունը, ապա 44-օրյա պարտության մեղավորը միայն բանակն է ու զինվորականությունը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար, ով օրենքով կարող է ռազմական և քաղաքական որոշումներ կայացնել և կայացրել է, մեղավոր չէ, թեպետ պատերազմը վարում է պետությունը:

Ի դեպ, 2023 թվականի մարտին մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակման ենթակա չէր համարել Շուշիի գործով և հայտնի հակահարվածի օպերացիայի հետ կապված Արգիշտի Քյարամյանի հարցաքննվել-չհարցաքննվելու տեղեկությունը: Իսկ մեկ տարի անց այս տեղեկությունը փաստորեն դարձել է հրապարակման ենթակա և մեզ հստակ պատասխանել են՝ ԱԱԾ նախկին ղեկավարը և ՔԿ գործող նախագահը չի հարցաքննվել:

 

Տեսանյութեր

Լրահոս