Ջաբրայիլի ադրբեջանական օպերացիայի հատուկ նշանակությունը պատերազմի ելքի վրա. սեպտեմբերի 27-ին ՊԲ-ն 9-րդ պահպանությունից պաշտպանության չի անցել

168.am-ը մի առիթով մանրամասն վերլուծել է 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, դրանց միջև շղթայական հնարավոր կապը, այդ թվում՝ Գյանջայի թիրախավորման շուրջ զարգացումները, չենք անտեսել նաև հակահարձակման հայտնի օպերացիային վերաբերող բաց փաստերը՝ սկսած Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից և դրանց խմբագրումից։

Բայց քանի որ, մասնագետների կարծիքով, պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էին, իսկ Ադրբեջանի նախագահն էլ օրերս անդրադարձել է Ջրականի, Հադրութի իրենց օպերացիաներին և դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա, հարկ ենք համարել ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցել 4 տարի առաջ այս օրերին տեղի ունեցածին։

Հոկտեմբերի 4-ին՝ Ջրական քաղաքի կամ գյուղաքաղաքի (Ջաբրայիլ) գրավման օրը, Ադրբեջանի նախագահն օկուպացված բնակավայրում հայտարարել է.

«Ջաբրայիլի օպերացիան հատուկ նշանակություն ուներ, Ջաբրայիլ քաղաքի ազատագրումը դրական ազդեցություն ունեցավ պատերազմի ընթացքի վրա, նաև բարձրացրեց բանակի ոգին: Ջաբրայիլի օպերացիայից հետո հաջողությամբ իրականացվել է Հադրութի օպերացիան: Հակառակորդն ուներ հզոր ամրություններ, ընդ որում, բոլոր բարձունքներին իրենք էին տիրում, այդ թվում՝ Ջաբրայիլում, ուստի ստիպված էինք ճեղքել մի քանի պաշտպանական գիծ: Հադրութից հետո հոկտեմբերի 17-ին հաջողությամբ ավարտեցինք Ֆիզուլիի օպերացիան, և արդեն ճանապարհ բացվեց դեպի Շուշիիի, Զանգելանի և Կուբաթլուի ուղղություններ»:

Կարդացեք նաև

Հավելենք, որ պատերազմից հետո իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, ասել էր, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:

Այսինքն, Շուշիի անկման արմատները պետք է տեսնել այստեղ, այդ թվում՝ Հադրութը կորցնելու համատեքստում: 168.am-ի հետ հարցազրույցներից մեկում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում: Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, ռազմավարական մակարդակի պատասխանատուն, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար»:

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ պատերազմի հենց սկզբից պարզ էր, որ բարդ է լինելու, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 10-ից սկսած է հասկացել, որ ունենալու ենք այն, ինչ ունեցանք:

Պահեստազորի փոխգնդապետ Հրաչյա Պետրոսյանցն էլ կարծիք էր հայտնել.

«Ինձ համար պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։ Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, սակայն ես կարծում եմ, որ այդ օրերին մշակված և ձախողված օպերացիաների արդյունքում մենք կորցրեցինք մարտունակ զորախումբ, որոնց որպես ռեզերվ պահպանելը հնարավորություն կտար ստեղծել պաշտպանական բնագիծ և թույլ չտալ Հադրութի և Շուշիի գրավումը։ Երկրորդ՝ եթե մեզ մոտ ճիշտ կառավարումն աշխատեր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բավականին կտրվել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնվում էին մեր վերահսկողության տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց»:

Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեջ մեղադրվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ով 2 տարի է՝ անազատության մեջ է, 2023 թվականի հուլիսին հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես նշել էր.

«Երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ՝ ինչպես օդում, այնպես էլ՝ գետնի վրա։ Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը»:

Ի դեպ, այս տարվա հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մի ուշագրավ հայտարարություն էր արել:

«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения):

Իսկ սրանից առաջ հայտնի էր դարձել, որ Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է մերժել:

Մասնավորապես, 2022 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» էր արել:

«Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» (ազատագրվել բառի չակերտները։- Մ.Պ.) է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21։00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Շուշիի կորստի կամ անկման հետ կապված դեռ շատ չբացահայտված, չհրապարակված բաներ կան, մի բան հստակ է՝ դրան հանգեցրել են այլ տարածքային կորուստներ և պաշտպանական գծերի ճեղքումներ, իսկ թե ինչու չեն կարողացել պահել Ջրականը, Վարանդան, Հադրութը, ինչու է այդ օպերացիաներում Ադրբեջանը հաջողություն գրանցել, ինչու է հայկական կողմը Ջրականում այդքան զոհ ունեցել, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, դեռ քննելու և դետալային վերլուծության շատ բաներ կան, թեպետ շատ տեղերում հայկական զորքը շատ լավ կռվել է:

Ի դեպ, Աշոտ Փաշինյանը, ինչպես մեզ հայտնել էին ՊՆ-ից, պատերազմի օրերին եղել է Ջրականում (Ջաբրայիլ) և Որոտանում (Կուբաթլի), բայց թե ո՞ր օրերին, որքա՞ն ժամանակով, ի՞նչ մարտական գործողությունների է մասնակցել, պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահել։

Այս համատեքստում անդրադառնանք Արցախում հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի հաստատած հայտնի հակահարձակման օպերացիային, որը Փաշինյանը սկզբում հակաահաբեկչական հարված էր որակել, և որի շուրջ քննարկմանը ներկա է եղել պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանը, այդ ժամանակ դեռ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը և ՔՊ-ական այլ պաշտոնյաներ, ինչպես նաև Սամվել Բաբայանը, Ջալալ Հարությունյանը, Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ այս ձախողված օպերացիայի համար մեղադրանք էր առաջադրվել Ջալալ Հարությունյանին, սակայն ռազմագիտական փորձաքննությունից հետո որոշեցին նրան արդարացնել: Եվ այս օպերացիայի համար ոչ ոք պատասխան չի տվել:

Իսկ ի՞նչ էր ասվում մեղադրանքում այս դրվագով։

«N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ.-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:

2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը:

…Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:

2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը»:

Մեղադրականում նշվում էր նաև, որ հակահարվածի այս օպերացիան ձեռնարկվել է 2020թ. հոկտեմբերի 5-ից՝ չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, դեռ մի կողմ ենք դնում ուժերի 1:3 հարաբերակցության փաստը:

Իսկ հակահարվածի ձախողման հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկատվության, զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:

Բայց արի ու տես, որ հետո Ջալալ Հարությունյանն արդարացվում է, բայց թե ինչո՞ւ, ռազմագիտական փորձաքննությունից մանրամասներ չեն հրապարակում։ Իսկ 2023 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովի նիստում այս օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա, ընդ որում՝ նա ասել էր, որ տեղյակ է հանգամանքներին, և հոկտեմբերի 5-6-ին եղել է Ստեփանակերտում, ՊԲ հրամկետում, արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը տեղի էր ունեցել:

«Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը, ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով օպերացիայի իրագործումը պետք է որոշեին ռազմական պաշտոնյաները։

«Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանն ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- եզրափակել էր Փաշինյանը՝ ըստ էության, հիմք ընդունելով Սամվել Բաբայանի այս առնչությամբ բոլոր ասածները:

Իսկ Բաբայանն ասել էր, որ «Քյանդ-Հորադիզ» օպերացիայի գաղափարն ինքն է առաջարկել, և որը, ըստ էության, որոշակի առնչություն ունի Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի վերը նշված դրվագի հետ:

«Ամսի (հոկտեմբերի։- Մ.Պ) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- մանրամասնել էր Բաբայանը:

Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ասել էր, որ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղության հետ կապված եղել են հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են:

«Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»,- ընդգծել էր փաստաբանը:

Արսեն Սարդարյանը նաև նշել էր. «Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն, այս քայլը համապատասխան փաստաթղթերից բխած քայլ է եղել»:

Ի դեպ, Ջալալ Հարությունյանի փաստաբանը լրագրողներին ասել էր, որ տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տվել օպերացիան գիշերն իրականացնելու համար:

Այս համատեքստում չմոռանանք, որ հոկտեմբերի 7-ին՝ օպերացիայի իրականացման օրը, հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի՝  РБК-ին տված հարցազրույցը, որտեղ նա հանրայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան:

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։

Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը:
Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»,- նշել էր Փաշինյանը:

Հետաքրքիր է՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության կամ Ջալալ Հարությունյանին ներկայացված մեղադրանքում նշված փաստերին Փաշինյանը տեղյակ չի՞ եղել, թե՞ նրան չեն ներկայացրել իրականությունը: Այս հարցերին ևս պետք է պատասխաններ տրվեն Ջալալ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի, Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչո՞ւ չէ՝ Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենների կողմից: Պետք է դետալային վերլուծության կատարվի, որովհետև, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է, իսկ պատասխանատուները պետք է պատասխանատվություն կրեն, եթե ցանկանում են չկրկնել ձախողումները և սխալները, և եթե նման ցանկություն կա:

Ի դեպ, հետաքրքիր է՝ ինչո՞ւ այդպես էլ ԱԽ նիստում չներկայացվեց Օնիկ Գասպարյանի 4-օրյա պատերազմի վերլուծությունը, որի մասին խոսում էին դեռ 2021 թվականի գարնանը:

Եվ քանի որ անդրադարձանք Ջրականին, նշենք, որ պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատերազմից հետո խոստովանել էր.

«9-րդ պաշտպանական շրջանը սեպտեմբերի 27-ին ենթարկվել է թշնամու շատ հզոր խմբավորման հարվածի. 20-22.000 զորք հարձակվել է միայն 9-րդ պաշտպանականի վրա, որը մոտավոր ունեցել է 1500 հոգի անձնակազմ: Ընդ որում, թշնամին հարձակվել է ոչ թե ամբողջ 9-րդ պաշտպանականի վրա, այլ աջաթևյան 2 գումարտակների՝ Արաքսի ափից հաշվեք 2 գումարտակ:

2 գումարտակը մոտավորապես անում է 500-700 մարդ: 500 մարդ դիմակայել է մոտ 22.000 մարդու: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ճակատը չի ճեղքվել: Ճակատում ընդամենը եղել է 1-1.5 կմ նահանջ: Հակառակորդն էս տեղամասում, էս բնագծում մինչև 80 խոցված տանկ է թողել: Դիրքեր ենք ունեցել, որոնք ենթարկվել են հարձակման՝ 20-25 դիրք, ամեն դիրքում եղել է 6-7 զինվոր, իսկ ամեն դիրքի վրա 10 տանկ է եկել: Այսինքն, զինվորի քանակից շատ տանկ է եկել: Բայց երկու անգամ գումարտակի հրամանատարները վիրավորված, տեղային հակագրոհ են արել, ինչ-որ դիրքեր հետ են բերել, բայց չեն կարողացել երկար պահել: Եվ միայն 8-րդ օրն են այս 2 գումարտակները հետ քաշվել, որովհետև չեն համալրվել: Ավելի ճիշտ, կանոնավոր զորք չի եղել, եկել է մոբիլիզացված զորքը, իսկ մոբիլիզացված պահեստազորայիները չեն կռվել զինվորի հետ նույն էֆեկտիվությամբ, ինչ զինվորը: Սկսենք նրանից, որ 9-րդ պաշտպանական շրջանը պահպանությունից պաշտպանության անցած չի եղել սեպտեմբերի 27-ի օրով: Սա մի մեծ հարց էորը պիտի քննվի, սա առանձին քննարկման հարց է: 9-րդ ՊՇ-ի 300 զոհվածների մեջ 40-ը սպա է: Այսինքն, զոհված զորքի 10 տոկոսից ավելին սպաներ են»:

Արդյո՞ք պատերազմի ելքի վրա ազդեցություն ունեցած վերոնշյալ հարցերը, ադրբեջանական օպերացիաների հաջողության և մեր ձախողման պատճառները ներառվել են Քննիչ հանձնաժողովի զեկույցում, որոնք հանգեցրել են Շուշիի կորստին, թեպետ այն, ըստ էության, նաև քաղաքական որոշման արդյունք է:

Ի դեպ, այս տարվա հունվարին 44-օրյայի ժամանակ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաները ղեկավարած գեներալին Ալիևը Ադրբեջանի Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար էր նշանակել։

Խոսքն Ադրբեջանի Հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի մասին է:

Իսկ օրեր սռաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովին ազատել են զբաղեցրած պաշտոնից, ով մասնակցել է և՛ 2016 թվականի Ապրիլյան քառօրյային, և՛ 2020 թվականի 44-օրյային: Ավելին, Ալիևը դեռ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին էր շնորհավորել Բարխուդարովին առ այն, որ նաև նրա ղեկավարած զորամիավորման շնորհիվ են Ջրական քաղաքը և մի շարք գյուղեր կարողացել վերցնել:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Բարխուդարովին փոխարինելու է Վիլայաթ Գուլիևը, ով 2024-ին է գեներալ դարձել, ծնունդով Ջրականից է և ում ղեկավարած բրիգադը ևս կռվել է Ջրականի, Հադրութի և Վարանդայի ուղղությամբ:

Թե ինչո՞ւ է Ալիևը Բարխուդարովին ազատել, հայտնի չէ, ում մասին, ի դեպ, հայկական լրատվամիջոցները գրում էին, թե իբր Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի հետ ազգակցական, արյունակցական կապեր ունի, ինչը, ամենայն հավանականությամբ, իրականությանը չի համապատասխանում, իսկ Ալիևը Ջրականի օպերացիան իրականացնողներին, ամեն դեպքում, վարձահատույց է լինում՝ Ադրբեջանի բանակում պաշտոններ վստահելով:

Տեսանյութեր

Լրահոս