Ինչո՞ւ պիտի Շուշիի ճակատամարտն ավարտվեր նոյեմբերի 9-ին. արդյոք պատահականությո՞ւն էր Աբազյանի՝ ԱԱԾ տնօրենի նշանակումը նոյեմբերի 8-ին
2020թ. 44-օրյա պատերազմի այս օրը՝ նոյեմբերի 9-ին, երբ Ադրբեջանն արդեն տոնում էր Շուշին գրավելու կամ ստանալու հաղթանակը, հայկական կողմի պատասխանատուները հայտարարում էին, որ բերդաքաղաքի համար ռազմական պայքարը շարունակվում է:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ժամը 10:43-ին Ֆեյսբուքում գրառում կատարեց.
«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Սա է իրերի իրական դրությունը։ Այլ չհիմնավորված կարծիքներն ուղղակի մերժեք»:
Արծրուն Հովհաննիսյանը Շուշիի հետ կապված ևս մի քանի գրառում արեց: Նույն օրը երեկոյան Շուշիում մարտերի մասին իրար հերթ չտալով սկսեցին գրել ՀՀ-ի և Արցախի իշխանությունները: Մասնավորապես, նոյեմբերի 9-ին Ժամը 19:07-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ»:
Ժամը 19:12-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:
Ժամը 19:36-ին Արցախի ԱԳ նախարար Մայիս Մայիլյանը նույնը կրկնեց.
«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»:
Մինչդեռ, այդ ժամանակ, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում, դրանից առաջ, մասնավորապես, գրել էր.
«Պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչև վերջ»։
Վ. Պողոսյանի այս գրառումից հետո սկսվեց տեղեկությունների շրջանառումը, թե նրա ֆեյսբուքյան էջը կոտրել են: Սակայն 168.am-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանն անմիջապես հերքեց դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ դաշտ նետված այդ լուրը՝ «իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»:
Այսինքն, գործ ունեինք ոչ թե հայկական և ադրբեջանական կողմերի տեղեկությունների իրարամերժության, այլ ՀՀ-ի և Արցախի պաշտոնական ներկայացուցիչների միջև տեղեկատվական պայքարի հետ:
Նշենք, որ մեկ օր հետո՝ նոյեմբերի 10-ին, Արցախի նախագահը, որն իր գրառման մեջ մարտերի մասին խոսելիս «Շուշի» անունը չէր օգտագործել, ոչ միայն հաստատեց Վահրամ Պողոսյանի գրառումը, այլ հայտարարեց՝ Շուշի քաղաքի նկատմամբ ամբողջությամբ կորցրել էինք վերահսկողությունը նոյեմբերի 7-ին:
Ի դեպ, նոյեմբերի 9-ին ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրա համար Շտապօգնություն են կանչել: Տեղեկությունը համապատասխանում էր իրականությանը, բայց ժամը 23:25-ին նա գրառում կատարեց.
«Սիրելիներս արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան ես իմ բանակին երբեք չեմ լքի, թե նահանջի, թե հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ»:
168.am-ի տեղեկություններով, 44-օրյա պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի և Վահրամ Պողոսյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել:
Արծրուն Հովհաննիսյանի՝ Շուշիի հետ կապված հայտարարությունների համատեքստում հարկ է հիշեցնել 2020-ի նոյեմբերի 8-ին Պետրոս Ղազարյանին նրա տված հարցազրույցը, որտեղ նա հորդորում էր Շուշիի հետ կապված վաղաժամ ոչ լավատեսական, ոչ էլ, առավելևս, հոռետեսական գնահատականներ տալ:
«Շուշիի համար ճակատամարտը, որ արդեն 3-4 օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, հաջողությունների և անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- շեշտել էր Հովհաննիսյանը:
Ինչի՞ հիման վրա էր նոյեմբերի 8-ին նման հայտարարություն անում Արծրուն Հովհաննիսյանը կամ վստահ, որ Շուշիի համար ճակատամարտը հենց նոյեմբերի 9-ին է ավարտվելու՝ ռազմաճակատից ստացվող լուրերի՞, հայկական զինված ուժերի ռեսուրսների մասին ներքին տեղեկությունների՞, թե՞ տեղյակ էր կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրման նախապատրաստության մասին, ինչը ժամեր հետո տեղի ունեցավ: Գուցե:
Իսկ պատերազմից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը ակնարկել էր, որ իր հաղորդած տեղեկությունները ստացել է ԳՇ-ից, թեպետ կարևոր և ճակատագրական օրերին ինքն անձամբ եղել է Արցախում, իսկ այդ ժամանակ ԳՇ պետի պարտականությունները կատարող Օնիկ Գասպարյանը՝ ոչ մի անգամ: Սա այլ խոսակցության թեմա է:
«Ես մինչև վերջին օրը հավատում էի, որ Շուշիի շրջակայքում կա ընդամենը 200-300 թուրք, ռադիոխաղի միջոցով մեզ խաբել էին, որ թուրքերը Շուշիի շրջակայքում շրջափակման մեջ են և օգնություն են խնդրում իրենց հիմնական ուժերից, որովհետև հայերն իրենց կոտորում են։ Այդպիսի տեղեկություն էր պտտվում գլխավոր շտաբում, և դա հասնում էր ինձ, բայց պատերազմից հետո պարզվում է, որ լրիվ ուրիշ իրականություն էր»,- վերը նշված հարցազրույցում ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 9-ի կամ 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանը, առհասարակ, 2020-ի նոյեմբերի 10-ի իրադարձություններին, հայտարարարություններին կանդրադառնանք վաղը:
Իսկ այսօր ուշադրություն հրավիրենք մի քանի, թերևս, ոչ պատահական և կարևոր կադրային փաստերի վրա:
Կապիտուլյացիայից մեկ օր առաջ՝ 2020–ի նոյեմբերի 8-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Միքայել Համբարձումյանն ազատվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից, նրան ազատում են նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:
Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող էր նշանակվել հոկտեմբերի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ մշակված հայտնի օպերացիայի ձախողումից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց Արգիշտի Քյարամյանը, որը, ի դեպ, Արցախում ներկա է եղել այդ օպերացիայի հետ կապված քննարկմանը: Ավելին, պաշտոնազրկումից հետո մնացել է Արցախում, եղել Շուշիում, և այնտեղից Սեյրան Օհանյանի հետ դուրս եկել նոյեմբերի 5-ի լույս 6-ին, երբ հրամանատարական կետը հանվել է բերդաքաղաքից, իսկ Արցախից Սեյրան Օհանյանի հետ Երևան է եկել նոյեմբերի 7-ին:
Իսկ նոյեմբերի 8-ին Միքայել Համբարձումյանի պաշտոնազրկումից հետո ԱԱԾ տնօրեն է նշանակվում Արմեն Աբազյանը, որը պաշտոնավարում է մինչ օրս:
Ի դեպ, ավելի ուշ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչած գնահատականներին պատասխանելու համատեքստում նշել էր, որ Աբազյանի ջանքերի շնորհիվ է եռակողմ հայտարարության նախնական տարբերակից հանվել Տավուշին վերաբերող կետը:
«Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»,- 2021-ի հունիսին ասել էր գեներալ Գասպարյանը:
Իհարկե, սրա համար նաև այլ անձանց պետք է շնորհակալ լինենք, որի մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք, հիմա կլռենք:
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում կադրային ուշագրավ փոփոխություններին, նշենք, որ 2020-ի նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվում Սամվել Մովսիսյանը, որն այս պահին նշված կառույցի պետի պաշտոնակատարի պարտականություններն է կատարում, երկար ժամանակ է՝ պետ չկա, 168.am-ը հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, սպասում է պատասխանին այս առնչությամբ:
Շարունակելով կադրային թեման, հավելենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ գործող պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարեց ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը, որը ներկայումս այլ ղեկավար ունի՝ գնդապետ Արմեն Գյոզալյան:
ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում է, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը: Մենք օպերատիվ կառավարման, կառավարման համակարգի հետ, առհասարակ, խնդիրներ ենք ունեցել պատերազմի ժամանակ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը պատերազմի ժամանակ ևս կարևոր պաշտոն է զբաղեցրել՝ ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ:
Ի դեպ, ի տարբերություն Էդվարդ Ասրյանի՝ Առաքել Մարտիկյանը չէր ստորագրել Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ: Գուցե այսպես ավելի ազնիվ է…
Իսկ նոյեմբերի 9-ի կեսգիշերից հետո անազնիվ «գործարքի» արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունը, ընդ որում, համաձայնագիրը Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տեսակոնֆերանսի միջոցով, Նիկոլ Փաշինյանը դա արել է կադրից դուրս:
Այս ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է ՊՆ բունկերում, այլ տեղեկություններով՝ այդ ժամանակ նա եղել է օտար երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում:
Վերջերս ՔՊ համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարությունը ստորագրել է իր աշխատասենյակում, և, որ իր գործընկերներից շատերն այդ պահին ներկա են եղել: Ում նկատի ուներ՝ գործընկեր ասելով, փակագծեր չբացվեցին: