Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում, ո՞վ է կանգնած կադրային փոփոխությունների հետևում, ո՞վ կարող է լինել Ադրբեջանի հաջորդ պաշտպանության նախարարը
Եթե ամիսներ առաջ կարող էինք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահը երկրի զինված ուժերում բարձր պաշտոններ է վստահում 2020 թվականի պատերազմով անցածներին և թուրքական բանակի չափորոշիչներին տիրապետողներին, ապա այսօր կարող ենք ասել նաև հակառակը՝ ադրբեջանական զինված ուժերից հեռացվում են 44-օրյա պատերազմի ժամանակ և, առհասարակ բանակում ներդրում ունեցած զինվորականները:
Մասնավորապես, օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մայիս Բարխուդարովին ազատել են զբաղեցրած պաշտոնից, տեղեկությունն ավելի ուշ Բարխուդարովն ինքը հաստատել էր։
Նշենք, որ նա մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյային և նրա անունը կապում են Լելե- Թեփե բարձունքը վերցնելու գործողության հետ։
Բարխուդարովը նաև 2020 թվականի 44-օրյային է մասնակցություն ունեցել, ավելին, Ալիևը դեռ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին շնորհավորել էր Բարխուդարովին առ այն, որ նաև նրա ղեկավարած զորամիավորման շնորհիվ են Ջրական քաղաքը և մի շարք գյուղեր կարողացել գրավել:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Բարխուդարովին փոխարինելու է Վիլայաթ Գուլիևը, ով 2024-ին է գեներալ դարձել, ծնունդով Ջրականից է, և ում ղեկավարած բրիգադը ևս կռվել է Ջրականի, Հադրութի և Վարանդայի ուղղությամբ:
Թե ինչո՞ւ է Ալիևը Բարխուդարովին ազատել, պաշտոնական որևէ տեղեկություն չկա:
Իսկ «Թուրան» գործակալության աղբյուրների փոխանցմամբ, Բարխուդարովի պաշտոնազրկումը կապված է հայտնի «Թարթառի գործի» հետ:
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում տեղեկացրել էին զինվորների կալանավորումների մասին՝ հօգուտ Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսության մեղադրանքով։
Ավելի ուշ՝ 2019-ին, երբ այս գործի հետ կապված որոշակի մանրամասներ բացահայտվեցին, ադրբեջանական հանրությանը հայտնի դարձան 2017-ի մայիսին և հունիսին տեղի ունեցած զանգվածային կտտանքները, որոնք հաջորդել էին Ապրիլյան պատերազմին:
Այս գործի շրջանակում տուժողները տարիներ շարունակ պահանջում են պատասխանատվության ենթարկել գեներալներ Հիքմեթ Հասանովին և Մայիս Բարխուդարովին:
«Թարթառի գործի» համատեքստում հավելենք, որ 2021-ի նոյեմբերի 23-ին «Թուրան» գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, թե 2016-ի ապրիլին Ադրբեջանի բանակի առաջ խնդիր էր դրված՝ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող «օկուպացված» տարածքի մի մասը:
Խնդիրը հատուկ նշանակության ջոկատները կատարել են, սակայն, ըստ ադրբեջանական գործակալության, բարձր ղեկավարության հրամանով, զինուժը, որը պիտի հասներ հատուկ նշանակության զինծառայողների մոտ և ընդուներ դիրքերը, չի գնացել, արդյունքում՝ 100-ավոր հատուկ նշանակության զինծառայողներ են ոչնչացվել:
«Թարթառի գործով» անցնող և կտտանքների ենթարկված կապիտան Էլմար Ալլահվերդիևը պատմել էր, որ 2016-ի Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն Իլհամ Ալիևին զեկուցել է, թե՝ «Սեյսուլան և Թալիշ գյուղերն «ազատագրված են», մինչդեռ իրականում դրանք հայկական վերահսկողության տակ են եղել և չեն վերցվել»:
«2017-ի մայիսի դեպքերը («Թարթառի դեպքերը») հիմնականում կապ ունեին Ադրբեջանի նախագահին կեղծ տեղեկություններ տրամադրելու հետ, թե կատարվել է զանգվածային դավաճանություն, ինչի արդյունքում հակառակորդը հակագրոհ է իրականացրել և իր հսկողությանը վերադարձրել իբր ազատագրված Սեյսուլան և Թալիշ գյուղերը»,- ընդգծել էր Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումներից մեկի հետախուզական բաժինը ղեկավարած Ալլահվերդիևը՝ շարունակելով, որ Սեյսուլանի ուղղությամբ իրենք առանց աջակցության են մնացել:
Նրա խոսքով, «այստեղ հակառակորդի տարածք ներթափանցման խորությունը 400 մետր էր, և ոչ, ինչպես Թալիշում՝ 7-8 կմ, դրա համար հաջողվել է իրեն հանել անձնակազմին»:
«Սակայն մոտոհրաձիգները և նրանց հրամանատարությունը փախչում էին, որոնք պիտի վերցված դիրքերը զբաղեցնեին»,- լրացրել է ադրբեջանցի կապիտանը՝ պնդելով, որ սրանից հետո իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, այդ ժամանակ ԳՇ պետ Սադիկովը և 1-ին կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովը հրամայել են կեղծ տեղեկություն տալ Իլհամ Ալիևին, ինչից ինքը հրաժարվել է, և արդյունքում դարձել «Թարթառի գործի» ֆիգուրանտ:
Ադրբեջանցի պահեստազորի որոշ սպաներ կարծիք էին հայտնել, որ «Թարթառի գործն» ի հայտ է եկել, քանի որ զինվորական բարձրագույն հրամանատարությունը ցանկացել է թաքցնել 2016 թվականին տեղի ունեցած պատերազմի իր կորուստները:
Շարունակելով Ադրբեջանի բանակում կադրային փոփոխությունների թեման՝ նշենք, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից Բարխուդարովի ազատմանը զուգահեռ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ պաշտոնից ազատել են նաև Ադրբեջանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի (Բաքու) հրամանատար, գեներալ Մունասիբ Բաբաևին և 3-րդ բանակային կորպուսի (Շամքիր) հրամանատար գնդապետ Օրուջ Աբդուլլաևին:
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ժամանակին հրապարակումներ էին անում, որ Աբդուլլաևը թալանում է բանակը:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը մի կողմից՝ օրինաչափ է համարել իրենց զինված ուժերում վերջին կադրային փոփոխությունները, մյուս կողմից՝ նկատել է, որ պաշտոններից հեռացվում են 44-օրյա պատերազմում նշանակալի դերակատարում ունեցած բարձրաստիճան զինվորականները:
«Թուրան» գործակալությունը գրել է, որ կադրային փոփոխությունները կատարվում են Ադրբեջանի ԶՈՒ Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի առաջարկությամբ, ով այս պաշտոնին նշանակվել է այս տարվա հունվարին:
Նշենք, որ Միրզոևը եղել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատարը և 44-օրյայի ժամանակ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաներն է ղեկավարել։
Ի դեպ, ադրբեջանական փորձագետների կարծիքով, չի բացառվում, որ Միրզոևը լինի Ադրբեջանի հաջորդ պաշտպանության նախարարը:
Սա, ըստ էության, հնարավոր է, եթե նախ՝ հաշվի առնենք, որ 2023 թվականի ամռանն Ալիևը՝ շեշտելով 44-օրյա պատերազմի ժամանակ հատուկ նշանակության ջոկատների «առանձնահատուկ հերոսությունը», նշել էր, որ բանակում հատուկ նշանակության ջոկատների թիվը պետք է ավելանա, որպեսզի Ադրբեջանի «անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնեն թշնամու ուժերին», երկրորդ՝ կադրային փոփոխություններն Ադրբեջանի զինված ուժերում կատարվում են թուրքական մոդելի բանակի անցման բարեփոխումների տրամաբանության մեջ՝ նոր կանոններ, նոր պահանջներ, երրորդ՝ ասում են՝ Հիքմեթ Միրզոևը, այսպես ասած, «Թուրքիայի մարդն է»:
Այստեղ հիշեցնենք, որ Բախտիար Էրսայը, որն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ «ղեկավարել» է Ադրբեջանի ԳՇ-ն, պատերազմից հետո նշանակվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդականը, և, ըստ էության, նա է այսօր դե ֆակտո ղեկավարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Այս համատեքստում հավելենք, որ 44-օրյա պատերազմից մի քանի օր էր անցել, երբ թուրքական աղբյուրներից մամուլում լուրեր շրջանառվեցին, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին, և, որ նա փախուստի մեջ է:
Ըստ մամուլի հրապարակումների, Սադիկովը վեճ էր ունեցել Ադրբեջան ժամանած թուրք զինվորականների հետ, անգամ մի խորհրդակցության ժամանակ կտրուկ հայտարարել է. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, միգուցե մեր կանանց նո՞ւյնպես տանք»:
Այսինքն, պատերազմի սկզբում նա հեռացվել է՝ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման օղակում թուրք զինվորականների մշտական ներկայության առնչությամբ ունեցած դժգոհության պատճառով:
Արդեն պատերազմից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր Նաջմեդին Սադիկովին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին տեղեկությունը:
Այսօր Ադրբեջանի բանակում թուրք և ադրբեջանցի գեներալների ու զինվորականության միջև կոնֆլիկտ կա:
Իսկ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում օրերս իրենց պաշտոններին հրաժեշտ տված ադրբեջանական գեներալներին, արդյո՞ք նրանք կհայտնվեն այս կամ այն գործով մեղադրյալի աթոռին, թե՞ ինչ-որ պահի նրանց ծառայությունները պետք կգան, ժամանակը ցույց կտա, ինչպես նաև այն, թե Ալիևն ինչ է շահելու ադրբեջանական զինվորականության վաստակի «ուրացումից»:
Ի դեպ, հնարավոր է, որ, մասնավորապես, Մայիս Բարխուդարովից ազատվելու Միրզոևի որոշման մեջ վրեժ լուծելու ցանկություն կա Ապրիլյան պատերազմի օրերին հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների մահվան համար, ինչի մասին գրել ենք:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանական գերատեսչությունն Ադրբեջանի բանակում կատարվող փոփոխությունից հետևություններ անում է։