44-օրյա պատերազմի այս օրը իշխանությունը շեղում էր հասարակության ուշադրությունը Շուշիից. Սինանյանը տարածում էր ադրբեջանական ֆեյք լուրեր, Մանե Գևորգյանը՝ հերքում օգտատերերին

2020-ի 44-օրյա պատերազմի այս օրը՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ մարտական գործողություններ են ընթանում Շուշիի մերձակայքում ու ճանապարհներին։

«Ես երեկ ասացի, որ պաշտպանեցինք Շուշին, բայց հակառակորդը մեծ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշին գրավելու իր պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է, հասցնելով մեծ վնասներ, որ Շուշին մնա կանգուն»,- շարունակել էր նա:

Ֆեյսբուքյան գրառումներում նա նույնն էր կրկնում՝ անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են:

Մյուս կողմից շեշտում էր՝ «ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է»:

Մինչդեռ պատերազմի կապիտուլյացիոն ավարտից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտարարել էր.

«Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել էինք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այսօր ամենածանր գիշերն եմ ունեցել: Ստիպված ենք եղել նման որոշում կայացնել: 43 օր մարտական գործողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի Շրջանը, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբատլուի և Հադրութի շրջանը և ամենագլխավորը՝ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր»:

Իսկ Աննա Հակոբյանը, որն իր ջոկատով միայն նոյեմբերի 6-ին էր պատրաստ մարտական առաջադրանք կատարելու, նոյեմբերի 7-ին իր ֆեյսբուքյան էջով ոչ միայն տարածում էր Արծրուն Հովհաննիսյանի գրառումները, այլև գրում սեփականը, որտեղ, մասնավորապես, նշել էր.

«Սիրելի տիկնայք, կողմնորոշվե՛ք, խնդրում եմ։

Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։

Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլևս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։

Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի և՛ իրեն, և՛ իր երեխային, և՛ իր հայրենիքը։

Մենք ո՛չ հայրենիք և ո՛չ էլ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»:

Իսկ թե ինքը՝ Աննա Հակոբյանը և իր «Էրատո» ջոկատը մասնակցե՞ց Շուշիի մարտերին, փորձե՞ց փրկել բերդաքաղաքը, նման տեղեկություններ չկան: Ավելին՝ մինչ այժմ պարզ չէ՝ պատերազմի վերջերին մարտական առաջադրանքի պատրաստ «Էրատո» ջոկատը որտե՞ղ է մասնակցել թեժ մարտերի:

Բայց ոչ պակաս ուշագրավ է 2020-ի նոյեմբերի 7-ի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ֆեյսբուքյան գրառումը, ով, տրվելով ադրբեջանական ֆեյք լուրերին, կամ գուցե` դիտմամբ տարածում էր, թե սպանվել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրավում, որի մասին արդեն պատերազմից հետո մանրամասն ներկայացրեց

Ի դեպ, այդ օրը՝ նոյեմբերի 7-ին, հայկական սոցցանցային տիրույթում ինչ-ինչ օգտատերեր արխիվային տեսանյութ էին տարածել և եզրակացրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել:

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ որոշել էր ակտիվ հերքել այս տեղեկությունը:

Հնարավոր է՝ սոցցանցերում նման տպավորություն ստեղծվեց հասարակության ուշադրությունը շեղելու համար, քանի որ սեղանին Շուշիի հանձնման հարցն էր:

Տեսանյութեր

Լրահոս