«Մեզ առաջարկում են դառնալ Ուկրաինա. Ադրբեջանը պատրաստվում է Արցախից հետո 2-րդ էթնիկ զտմանը Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում». Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Բոլորս հասկանում ենք՝ մենք հիմա գտնվում ենք, ինչպես այս իշխանություններն են ասում, տրանզիտային փուլում՝ պատմական Հայաստանից իրական Հայաստանի անցման ճանապարհին․ դեռ չեն բավարարվել ադրբեջանական բոլոր պահանջները։
  • Բացի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից ու Սահմանադրության պայմանագրից, Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ է համարում Սփյուռքին ու Հայ Առաքելական եկեղեցուն։ Այդ պահանջներն են դրել ՀՀ գործող իշխանությունների առջև, որպեսզի որպես խոչընդոտ՝ վերացնեն:
  • Այսօր Արևմուտքն այն հնարավորությունը չունի, որ օգնի Հայաստանին, և ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մի քանի ցուրտ ձմեռ պիտի կարողանա անցկացնել, և, որ իրենք կօգնեն մեզ, զուտ պաթոս է։ Իրականում որևէ մեկը պատրաստ չէ օգնել Հայաստանին։ Մեզ առաջարկում են դառնալ Ուկրաինա, սակայն որևէ բան մեզ պատրաստ չէ տրամադրել։

Կարդացեք նաև

  • Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է գազ գնել Ադրբեջանից, չեզոքացվում են Ադրբեջանի՝ սպառնալիք լինելու մասին բոլոր հայտարարությունները։ Ասում են՝ դու չես կարող գազ գնել Ռուսաստանից, ում համարում ես անվտանգության սպառնալիք։ Ասում են՝ Իրանից չես կարող գնել, որի հետ ունես խողովակաշարեր: 
  • Այսօրվա իշխանական ու մերձիշխանական քարոզիչները թշնամի դիտարկում են ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին։
  • Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի ռազմական ներուժն ուղղված է ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ։ Նրանք պատրաստվում են Արցախից հետո 2-րդ էթնիկ զտմանը Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, այլուր։
  • Կեղծ է այն պնդումը, որ Հայաստանը Ռուսաստանից զենք չի ստացել։ Իրականում պայմանագրային պարտավորությունները Ռուսաստանի կողմից հիմնականում կատարված են։ Կային մի շարք զինատեսակներ, որոնք մենք ստանում էինք մինչև 2020թ․ 44-օրյա պատերազմը և պատերազմից հետո՝ դիմագրավելու համար թուրքական բայրաքթարներին, որոնք ոչ մի հաջողություն չգրանցեցին Ուկրաինայում։ Այսինքն՝ այդ զինատեսակները կային։
  • Երբ Հայաստանը հայտարարի, որ չի հեռանում Ռուսաստանից, չի փոխում արտաքին քաղաքական կուրսը, Արևմուտքից ոչ մի փամփուշտ չի ստանա։
  • Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանից հետո իրենք մի քանի ուղղություններով պետք է դիմադրեն Չինաստանին։ Հետևաբար՝ իրենց համար ավելի լավ է հնարավորինս թուլացնել Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը հետագայում չկարողանա օգնել Չինաստանին։
  • ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունը ՀՀ իշխանությունների կողմից պետք է օգտագործվեր՝ հայտարարելու համար, որ Ադրբեջանը կատարել է էթնիկ զտում, որ Ադրբեջանում CОP-29 են պատրաստվում անել այն պարագայում, երբ Ադրբեջանում դեռ պահվում են հայ ռազմագերիներ, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Հայաստանը կիսել 2 մասի։ Բոլոր երկրները նման հարթակներն օգտագործում են միջազգային կոնսենսուս ձևավորելու համար։ Ադրբեջանը, օրինակ, Զանգեզուրի միջանցքի շուրջ ձևավորեց այդ կոնսենսուսը։ Նիկոլ Փաշինյանն այդ հնարավորությունը չօգտագործեց։
  • Ադրբեջանից և Թուրքիայից հայտարարում են՝ Մեծամորի ատոմակայանը խնդիր է տարածաշրջանային անվտանգության համար, ու Հայաստանից հաջորդ օրն ասում են՝ պետք է անցնեն մոդուլային ատոմակայանների, ընդ որում, նախապատվությունը տալիս են ամերիկյան և ոչ թե՝ չինական տարբերակին։
  • Ադրբեջանն ասում է, որ Տավուշի մարզից տարածքներ պիտի հանձնվեն, դրանք հանձնվում են՝ առանց սահմանազատման։
  • Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանից իշխանությունները պատասխանում են, որ 2027թ․կփոխեն ՀՀ Սահմանադրությունը..․ Դրա համար պետք չէ նեղանալ ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Ռուսաստանից։

  • Իրանում շատ դժգոհ են, որ Հայաստանից, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի օրակարգի դեմ հայտարարություններ չեղան։ Իրան-Ռուսաստան հարաբերություններում երբեք Հայաստանի հարցերը չեն քննարկվել, հիմա Զանգեզուրի միջանցքի հարցը դրված է այդ քննարկումների առանցքում։ Ստացվում է, որ բոլորը զբաղվում են մեզնով, բացի մեզնից։ Իրանի հոգևոր առաջնորդի ելույթը Զանգեզուրի միջանցքի մասին ուղիղ մեսիջ էր Հայաստանին, որով նա բացատրում էր, որ Զանգեզուրի միջանցքի բացումը դեմ է Հայաստանի շահերին։
  • Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանն ուզում է և պատրաստ է անցման նպատակով Ադրբեջանին ճանապարհներ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ Իրանը։ Նրա այս հայտարարությունը շատ էր զայրացրել Իրանին:
  • Այն, որ Հայաստանը չեզոք երկիր պետք է լինի և դուրս գա ՀԱՊԿ-ից, ես Ադրբեջանից ու Թուրքիայից լսել էի դեռևս 2020թ․ պատերազմից առաջ։ Նույն այդ միտքը շարունակ կրկնում են Հայաստանի իշխանությունները և մերձիշխանական շրջանակները: Այսինքն՝ դա այնքան էլ Արևմուտքի գաղափարը չէ։ Ադրբեջանում և Թուրքիայում շատ լավ գիտեն, որ այնտեղ, որտեղ չկա մոնոլիտային ներկայություն, հեշտ կլինի այն վերածել Միջանցքի։
  • Իրանին ապաշրջափակումը ձեռնտու չէ, և նրանք դեմ են դրան, սակայն ասում են՝ պատրաստ են թույլ տալ ապաշրջափակել կոմունիկացիաները, եթե դրանք լինեն Ռուսաստանի վերահսկողության ներքո։
  • Ինքնիշխանության մասին է խոսում այն հանգամանքը, թե դու ունե՞ս արդյոք սահմանապահ զորքեր կամ մաքսային կետեր։ Միջպետական սահմանին պահնորդական կազմակերպության ներգրավումն ինքնիշխանությունից հրաժարման մասին է խոսում։ Դիվանագիտական պարտություններ են գրանցվում բոլոր ուղղություններով։
  • Իսրայելի կանոնավոր բանակը 172 000 է, բայց կարող է մոբիլիզացնել մինչև 300 000 մարդ։ Բայց արդյո՞ք դա բավական է, երբ Իսրայելի ռազմական դոկտրինում գրված է, որ Իսրայելն իրեն թույլ չպետք է տա երկարաժամկետ պատերազմներ վարել։
  • Իրան-ԱՄՆ հարաբերություններում Զանգեզուրի միջանցքի հարցը չկա, բայց դա չի նշանակում, որ մի օր դա օրակարգային չի լինելու։ 
  • Լիբանանյան կոնֆլիկտի պարագայում մեզ համար կարևորը մեր հայրենակիցների հարցն է։ Մեր հայրենակիցներն այդ պատերազմի օրակարգից դուրս են, և եթե կան հայեր, ովքեր ուզում են գալ Հայաստան, նրանց այդ հնարավորությունը պետք է տրվի։
  • Եթե Հայաստանը պատրաստ չէ դիմակայել Թուրքիային և Ադրբեջանին, Հնդկաստանը ոչ մի բան չի անելու նրանց դիմագրավելու համար։ Նույնն Իրանի պարագայում է։ Քանի դեռ մենք դիմադրում ենք թուրանական միջանցքի բացմանը, նրանք մեզ կաջակցեն։
  • Զենքի և զինտեխնիկայի առումով Հնդկաստանը կարող է փոխարինել Ռուսաստանին, որովհետև Հնդկաստանը զենք արտադրում է ռուսական սխեմաներով։ Որոշ զենքեր, որ մենք գնում ենք, շատ նման են հին խորհրդային զենքերին։

  • Որքան էլ մեզ տարբեր երկրներ զենք մատակարարեն, որևէ երկիր պատրաստ չէ լինել մեր անվտանգության երաշխավորը։ Որևէ մեկը պատրաստ չէ մեզ տալ երաշխիքներ ու կնքել պայմանագրեր։
  • Վրաստանում օտարերկրյա գործակալների դեմ օրենքն ընդունելուց հետո վտանգ կա, որ Վրաստանում տեղակայված գործակալները կգան Հայաստան, ու այստեղ կսկսեն գործել, ինչը Հայաստանը կվերածի գործակալական ցանցի տեղակայման վայրի, եթե Հայաստանը շարունակի վարել այն քաղաքականությունը, որը վարում է այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս