Արդյո՞ք Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևը հրաժարվելու է իր «արդարացի պահանջից», կամ՝ մեսիջներ թուրք-ադրբեջանական ֆորումից
Նոյեմբերի 24-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան այցելած հայ «քաղհասարակության» ներկայացուցիչներն ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց հանդիպումները, քննարկումները, տպավորությունները:
Մասնավորապես, Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին և նրա հետ քննարկել վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ քայլերը։

Հետո, ինչպես պարզվում է, Ալիևի օգնականը որոշել է հայ հասարակությանն ուղղված իր ուղերձները ոչ թե ուղղակիորեն և հրապարակավ անել, այլ Բաքու այցելած հայ փորձագետների միջոցով փոխանցել:
Իսկ Երևանում դրանք ներկայացնելու պարտավորությունը ստանձնել էր «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը:
Այն է՝ «Ադբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունի, ադրբեջանական կողմը ցանկանում է ներկա վիճակից կառուցել համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ»:
Այստեղ պետք է ճշտում մտցնել. Ադրբեջանը և Հայաստանը դե յուրե իրար պատերազմ չեն հայտարարել, որ այն ավարտվի: Սա՝ առաջին:
Երկրորդ, Ադրբեջանը 2021-2022 թվականներին ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և հրաժարվել է դուրս գալ այդտեղից, մերժել է անգամ զորքերի հայելային հետքաշման առաջարկը:
Եվ դեռ պարզ չէ՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում ՀՀ օկուպացված ավելի քան 200 քկմ տարածքից որքա՞նը կվերականգնվի: Դեռ չենք նշում Տավուշում իրականացված պիլոտային սահմանազատումն ու սահմանագծումը, որից պարզ է՝ ով ավելի շատ շահեկան դիրքերում հայտնվեց:
Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նույն Արեգ Քոչինյանը, խոսելով Տավուշում իրականացված սահմանազատումից, հայտարարել էր.
«Միայն ՀՀ զինված ուժերը չեն, որ լքել են դիրքեր, նույնն արել են նաև Ադրբեջանի զինված ուժերը: Այո, կան կոնկրետ տեղանքով և թվով ադրբեջանական դիրքեր, որոնք Ադրբեջանի զինված ուժերը լքել են այս պայմանավորվածությունների արդյունքում:
Իհարկե, կոնկրետ այս հատվածում Հայաստանի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով, կհամարձակվեմ ենթադրել, ավելի էական են, քան Ադրբեջանինը: Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ է անընդհատ Հայաստանը զիջում: Իսկապես չե՞ք հասկանում, որովհետև Հայաստանը պարտվել է պատերազմում, Հայաստանին է առաջին հերթին պետք խաղաղության պայմանագիրը, դելիմիտացիան և դեմարկացիան, ինչպես նաև՝ կոմունիկացիաների բացումը: Ես բացարձակ չեմ տեսնում՝ Ադրբեջանին ինչի է հիմա դա պետք, հակառակը՝ դա Ադրբեջանի համար մի ապրանք է, որը կարող է բավականին երկար և արդյունավետ վաճառել»:
Այսինքն, Հայաստանն Ադրբեջանին հանձնել է շատ ավելի մեծ թվով և կարևոր դիրքեր:
Բայց այստեղ հետաքրքիր է նաև՝ արդյո՞ք այս նույն պարտվածի հոգեբանությամբ են նրանք շփվել ադրբեջանցի փորձագետների կամ Ալիևի օգնական Հաջիևի հետ: Կամ՝ արդյո՞ք այսօր էլ է Արեգ Քոչինյանն այն կարծիքին, որ կոմունիկացիաների բացումից, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումից Ադրբեջանը չի շահում, երբ այն համարվում է կարևոր գործոն թյուրքական աշխարհի միավորման հարցում՝ որպես Միջին միջանցքի բաղադրիչ մաս:
Երրորդ, երեկ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանը մասնակից ադրբեջանական պատվիրակության անդամների ով լինելուն, նրանց ոչ խաղաղասիրական հայտարարություններին, Արեգ Քոչինյանն այսպիսի միտք է արտահայտել, որ եթե սկսեն վեթինգով զբաղվել, դա ճանապարհ է ոչ մի տեղ, և, որ այն հայելային էֆեկտ է ունենալու, քանի որ պատերազմի օրերին իրենք ևս այնպիսի հայտարարություններ են արել, որոնց եթե վերադառնան, կարելի է զարմանալ՝ ինչպես են մտել Ադրբեջան և վերադարձել:
Հարց՝ Արեգ Քոչինյանը վստա՞հ է, որ Գյանջայում (Գանձակ) ծնված Հիքմեթ Հաջիևն ինչ-որ պահի Հայաստանից նորից չի պահանջելու հետաքննել 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերը», ինչպես դա արել է 2024 թվականի հոկտեմբերին, եթե հաշվի չառնենք, որ Հաջիևի պահանջներն ինչ-որ առումով տեղավորվել են Բաքվի «դատավարության» օրակարգում:
Հիշեցնենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում գրել էր.
«2020թ. հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն չէր, այլ ահաբեկչության կանխամտածված քաղաքականություն: Եվ Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի (Գանձակի) հրթիռային հարձակումները»:
Իսկ «Գյանջայի դեպքերի» համատեքստում Բաքվի «դատավարության» ժամանակ պարբերաբար Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (Բաքուն սկզբում հենց նրան է մեղադրել «Գյանջայի դեպքերի» համար) «ցուցմունքների» միջոցով մեղադրական սլաքը Բաքուն ուղղում էր նաև ՀՀ զինված ուժերին և 44-օրյա պատերազմի օրերի ռազմական ղեկավարությանը:
Ավելին, 168.am-ը գրել էր, որ այս տարի սեպտեմբերի 27-ին Ալիևը, 44-օրյա պատերազմի իրենց շեհիդների հիշատակը հարգելու համար, այցելել էր 44-օրյայից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիր, որի նպատակն է՝ հիշեցնել «Գյանջայի դեպքերի» և «ՀՀ զինված ուժերի հրթիռային հարվածների մասին Հայաստանի տարածքից»:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ էին հայտնել, որ Ադրբեջանի նախագահը Գյանջայի հուշահամալիրում հանդիպել է փոքրիկ Նիլա Ալիևային, ում ծնողներն իբր «սպանվել են Հայաստանի տարածքից հրթիռային հարվածից»: Ադրբեջանական «Ազերթաջը» նույնիսկ հարցազրույց է արել աղջկա հետ:
Այսինքն, Ալիևը «Գյանջայի դեպքերով» Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ պայքարը, առնվազն՝ տեղեկատվական, չի դադարեցնելու: Եվ սա նաև Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևի պահանջն է:
Ի դեպ, քանի որ հոդվածի առիթը հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցերն են, հիշեցնենք, որ 2019-ին հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցեր էին կազմակերպվել, բայց, ինչպես տեսնում ենք, դա չի նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ դիմել է Ադրբեջանի հասարակությանը, որ Արցախի հարցում գտնելու են այնպիսի լուծում, որը բավարարի Արցախի, ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդներին, իսկ թե ինչ եղավ, ավելորդ է ասել:
Իշխանափոխությունից հետո Աննա Հակոբյանն էլ իր պարտքն էր համարել դիմելու ադրբեջանցի մայրերին, և ոչ մեկ անգամ, բայց, կրկնում ենք, եղավ այնպես, ինչպես Ադրբեջանի նախագահն էր պլանավորել. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, հետո 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ հայաթափվեց Արցախը, դեռ մի կողմ ենք դնում, որ ՀՀ իշխանությունները կատարել են Հայաստանին առնչվող մի շարք պահանջներ, ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում է:
Եվ նման պայմաններում, ներքին խնդիրներից ելնելով և սեփական միջազգային իմիջի համար, Ալիևին, իհարկե, ձեռնտու են նաև «քաղհասարակական» խաղաղասիրական շփումները, այստեղ իր քաղաքական շահն ունի նաև Նիկոլ Փաշինյանը:
Սա չի նշանակում, որ ՀՀ իշխանության ընդդիմախոսները դեմ են խաղաղության հաստատմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնում էր Արեգ Քոչինյանը՝ մեղադրելով նրանց գործակալ լինելու մեջ: Բայց ցանկացած քաղաքական և ոչ քաղաքական նմանօրինակ շփումներում և դրանից դուրս պետք է հաշվի առնվեն կողմերի իրավունքները հավասարապես:
Օրինակ, ադրբեջանական կողմն անընդհատ բարձրացնում է ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, բայց ՀՀ իշխանություններն ասում են, որ հայկական կողմը չպետք է միջազգային հարթակներում խոսի արցախցիների և Բաքվից փախստականների վերադարձի իրավունքներից: Այո, դա այսօր հնարավոր չէ գործնականում, բայց սա չի նշանակում, որ այս հարցերը պետք է փակվեն:
Որպես թարմ օրինակ՝ նշենք, որ և՛ Բաքու մեկնած Արեգ Քոչինյանը, և՛ Բաքվում հայկական պատվիրակությանն ընդունած Ալիևին մոտ կանգնած քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը Բաքվում հայերի այցից առանձնացրել է նույն միջադեպը, երբ ավելի քան 30 տարի առաջ Հայաստանից Բաքու գնացած ադրբեջանցին հայ փորձագետների հետ «պատահական հուզիչ» հանդիպում և զրույց է ունեցել, պատմել, որ կարոտել իր երևանյան բակը: Ինչպիսի սինխրոնիզացիա:
Իսկ Երևան այցի ժամանակ ադրբեջանցի փորձագետները պատահաբար չե՞ն հանդիպել Արցախից, Բաքվից՝ իրենց բնակավայրերը կարոտած հայերի, թե՞ համապատասխան վայրեր նրանց հայ գործընկերները չեն ուղեկցել:
Ինչ վերաբերում է հայ փորձագետների այն պնդմանը, թե իրենք չեն ներկայացնում պաշտոնական տեսակետ, ծիծաղելի է, քանի որ ոչ միայն իրենց ընտրությունն է իշխանության «դաբրոյով», այլև՝ այցն էլ պետական բյուջեից է ֆինանսավորվել: Ադրբեջանցի փորձագետների ընտրությունն էլ, բնականաբար, Ալիևի համաձայնությամբ է եղել, այլ հարց է՝ արդյո՞ք նրանք Երևան Ադրբեջանի պետական բյուջեի հաշվին էին եկել, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ՝ ոչ:
Ի դեպ, Ադրբեջանում հայ փորձագետներին ճանապարհելուց հետո օկուպացված Շուշիում թուրք-ադրբեջանական ուղեղային կենտրոնների ֆորում է հրավիրվել, որի ժամանակ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է.
«Վերջերս Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան: Հիմա Հայաստանը խոսում է խաղաղության մասին, բայց դրա հետևում Ադրբեջանի հաղթանակն է: Առանց այդ հաղթանակի՝ նրանք չէին խոսի խաղաղության մասին: 2019 թվականին Հայաստանի ղեկավարը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է»: Այս ամենը հնարավոր չէ մոռանալ»: Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության:


