Մեծ լվացք կառավարությունում
Հանապազօրյա «սրտիկը» մեռելային դեմքով ցույց տալուց հետո երեկ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակ է կանչել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։
Մոտ մեկ ժամ տևած խոսակցության ընթացքում նա հասցրել է բռնաբարել սահմանադրության, իրավակարգի և պետության համար կենսական նշանակություն ունեցող միանգամից մի քանի հիմնասյուներ՝ մասնավոր սեփականության անձեռնմխելիության, դատական իշխանության անկախության սկզբունքներից մինչև անմեղության կանխավարկած, և այլն։ Որևէ իրավական երկրում միայն այդ տեսագրությունը բավարար կլիներ իշխանափոխության գործընթաց սկսելու համար, քանի որ դրանում առկա են իշխանության ուզուրպացիայի միանգամից մի քանի դրսևորումներ։
Բայց քանի որ Հայաստանն իրավականությունից հեռու է մոտավորապես այնքան, որքան Ռոմանոս Պետրոսյանի մականունը՝ ոսկեղենիկ հայերենից, վարչապետի աշխատասենյակում կայացած իրավակարգի բռնաբարության ակտը որևէ հետևանքի չի հանգեցնելու, ինչպես որ անհետևանք են մնացել նախորդիվ տեղի ունեցած անհաշվելի նման դեպքերը։
Փաստաբանական հանրության, իրավաբանների շրջանում արդարացիորեն ուշադրության է արժանացել այդ տեսագրության հատկապես այն հատվածը, որում գործադիր իշխանության ղեկավարը՝ ուղիղ տեքստով, խոսում է «փողերի լվացման» մասին՝ նույնքան ուղիղ կերպով պատվեր իջեցնելով քննչական մարմիններին ու դատական իշխանությանը, թե ինչ իրավական ձևակերպումներով պետք է ավարտին հասցվի ՀԷՑ-ի փաստացի խլումը։
Իրավաբանական հանրույթի արձագանքը, իհարկե, կարևոր է, թեև իրերի ներկայիս դրության պայմաններում, դա ևս չի ունենալու որևէ հետևանք։ Իսկ դրա գլխավոր պատճառն արդեն քաղաքական, քարոզչական ու տեխնոլոգիական է, որը նույնպես կապված է լվացման հետ, բայց ոչ փողերի։
Նիկոլ Փաշինյանը՝ օգտագործելով պետական, վարչական հսկայական ռեսուրսները, ստեղծել է «ուղեղների լվացման» մեգահամակարգ, որը, մինչև այս պահը բարձր արդյունավետությամբ աշխատում է՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս։ Հասարակությունը դեռևս անդժգոհ երանությամբ վայելում է Նիկոլ Փաշինյանի կողմից մատուցվող բոլոր պատումները՝ անկախ տրամաբանության ու բարոյականության հետ դրանց ունեցած կոնֆլիկտներից։
«Պարտությունը հաղթանակ է», «Արցախը կորցնելով՝ ստացանք Հայաստանը», «Այսօր Հայաստանն առավել անկախ է, քան վերջին 500 տարվա ընթացքում», «Խաղաղությունն արդեն հաստատվել է»․․․
Օրինակներն անհաշվելիորեն շատ են, բայց բոլորի հիմքում նույն՝ ուղեղների լվացման սկզբունքն է։
Ներհայաստանյան տիրույթում դա ուղղակիորեն կապված է փողերի լվացման հետ այն առումով, որ «ուղեղի լվացումն» ուղեկցվում է փող ունենալու պատրանքով․ բոլոր նրանք, ովքեր հավատում են, օրինակ, ՀԷՑ-ի պարագայում Փաշինյանի ներկայացրած «փողերի լվացման» հորինված պատումին, ակնկալում են, որ ապագայում «վերադարձված» փողերից իրենց էլ է բաժին հասնելու։
Բայց ուղեղների լվացման հարցում իշխանությունը հաջողել է նաև արտաքին աշխարհում։ Ի տարբերություն ներքին լսարանի, դրսում ոչ թե հավատում են հայկական պատումներին, այլ ձևացնում են, թե հավատում են դրանց՝ այդպիսով արդարացնելով իրենց լռությունը ժողովրդավարության ու օրինականության ակնհայտ բռնաբարության հարցում։
Բայց արտաքին աշխարհին պետք են ոչ թե «լվացված փողերը», այլ դրանք վերադարձնողների աշխարհաքաղաքական ծառայությունները, որոնք ՔՊ-ական իշխանությունը մատուցում է մեծագույն հաճույքով։
Մոտավորապես այնպիսի ջանասիրությամբ, ինչպես Ռոմանոս Պետրոսյանն էր թույլ տալիս ձայնագրել սեփական ուղեղի լվացման ակտը՝ վարչապետի աշխատասնեյակում։
Փողերի լվացման համար պատժաչափեր սահմանող Քրեական ու մնացած օրենսգրքերը լռում են ուղեղների լվացման առնչությամբ։
Մոտավորապես այնպես, ինչպես նույն օրենսգրքերը խիստ են ֆիզիկական բռնաբարության դեպքում, բայց անհաղորդ են մտավոր բռնաբարության պարագային։
Գործող իշխանության դեմ պայքարի ճանապարհը ուղեղների լվացման մեգահամակարգի ոչնչացումն է, որը դժվարին, բայց այս պահին միակը թվացող հնարավորությունն է։ Եթե, իհարկե, իշխանության դեմ պայքարողները պայքարում են իրապես և ոչ թե՝ ուղեղների լվացման համակարգում իրենց հատկացված դերաբաշխման շրջանակներում։
Հարություն Ավետիսյան

