Հայաստանի թիվ մեկ թշնամին. Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները, մանիպուլյացիաները, մտավարժանքները` միջազգային հյուրերի ներկայությամբ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ելույթ ունենալով Երևանում կազմակերպված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ մի շարք հակասական հայտարարություններ է արել, որոնք ոչ միայն մեր հանրության մոտ են կասկածներ հարուցել, այլև այդ միջոցառման մասնակիցների: Բացի այն, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչների այդ օրվա ելույթներում են հակասություններ եղել, այլև տարբեր ժամանակներում Փաշինյանի կողմից արված հայտարարությունների միջև: Ներկաներից շատերը քննարկումներից դուրս են եկել խոր անվստահությամբ` միջոցառումը համարելով ժամանակի անիմաստ վատնում:

Ներկայացնենք նրա որոշ հայտարարություններ:

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում

«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում, և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Եվ արտահայտություն կա ՝ «точка невозврата», (անդառնալիության կետ) և եթե այն չենք անցել, ապա մեծ է հավանականությունը, որ կանցնենք այդ կետը։ Եվ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանը պատրաստ է անցման նպատակով Ադրբեջանին ճանապարհներ տրամադրել, ինչպես Իրանը

Հայաստանն ուզում է և պատրաստ է անցման նպատակով Ադրբեջանին ճանապարհներ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ Իրանը։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու պատրաստակամություն է ենթադրում։

Ընդգծելով, որ Երևանը պատրաստ է Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Վայոց ձորով և բոլոր հնարավոր տեղերով ճանապարհներ տրամադրելու ադրբեջանական կողմին՝ նա նշել է, որ այդ ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու, վնասելու և ստորադասելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ շատ լավ, եթե Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը։ Նախ՝ ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանն ուզում է և պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել այդ նույն անցումները, ինչ Իրանը»,-նշել է նա։
Նաև չի բացառել, որ անցումների համար կարող են գործել նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ, որոնք պետք է գործեն փոխադարձության սկզբունքով։

«Անվտանգությունը այն է, որ եթե Հայաստանում անկայունություն լինի, մի երկրի սուպերմարկետում մի դարակաշար դատարկ մնա». Փաշինյան

Աշխարհում մաքսիմում 2, գուցե երեք պետություն կա, որ կարող է ասել՝ ես իմ անվտանգությունը կարող եմ ապահովել.

«Անվտանգության ապահովման կարևորագույն գործիք են տնտեսական փոխկապակցվածությունները: Մենք ինչքան քիչ երկրի հետ ունենք տնտեսական փոխկապակցվածություն, այնքան ավելի մեծ սպառնալիքի տակ է մեր անվտանգությունը:

Կարող է ցինիկ հնչել, բայց ես հարց եմ դնում՝ իսկ ո՞ր երկրի սուպերմարկետում ապրանքի դեֆիցիտ կլինի, եթե Հայաստանի հետ մի բան պատահի: Անվտանգությունը մենք անընդհատ պատկերացնում ենք տանկով, բայց եթե բանը հասել է տանկի կիրառմանը, ուրեմն անվտանգության ապահովման հարցը ձախողվել է:

Անվտանգությունը էն ա, որ եթե ՀՀ-ում անկայունություն լինի, մի ինչ-որ մի շատ կարևոր երկրի կարևոր սուպերմարկետում գոնե մի դարակաշար դատարկ է մնալու:

Այստեղից է անվտանգության սպառնալիքը: Մարդիկ պետք է իմանան, որ այդ դարակաշարը կդատարկվի և այդ երկրում դրա պատճառով կարող է քաղաքական խնդիրներ առաջանան, հուզումներ լինեն: Այ էդ դեպքում կմտածեն, որ Հայաստանում պետք է որևէ բան չպատահի, որ մեր բլիթների լոգիստիկային որևէ բան չխանգարի»,- հայտարարել է Փաշինյանը:

Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան

Ըստ «խաղաղության խաչմերուկի» ծրագրի, ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու, կամ առանց ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է Փաշինյանը:

«Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ շատ լավ, Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը: Նախ, ես ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը ուզում է և պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այն նույն անցումն ապահովել: Ավելին, մենք չենք բացառում նաև որոշակի պարզեցումներ ընթացակարգերի, և ընկալում ենք դա երկկողմանիության տրամաբանության մեջ:

Մեր սոցցանցերում ասում են՝ այ եթե այդ ճանապարհը բացվի, դա կլինի հերթական դավաճանությունը: Այսինքն` մենք պետք է ասենք՝ մենք թույլ չենք տալիս մեր տարածքով Ադրբեջանից գնալ Նախիջևա՞ն: Սա ի՞նչ տրամաբանություն է, ինչո՞ւ պետք է դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար: Ընդհակառակը, մենք անկեղծ ու թափանցիկ ասում ենք, որ մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տրամադրել: Մենք, իհարկե, դեմ չենք, որ Իրանով գնան, դա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց վերահաստատում ենք, որ նույն պայմաններով նաև մենք ենք խպատրաստ տրամադրել»,-ասել է նա:

Կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, և որը Ադրբեջանն ընդամենը ամիսներ առաջ է առաջարկել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին ասում ենք՝ եկեք, ինչը համաձայնեցված է ստորագրենք, և անցնենք մնացածին, որը համաձայնեցված չի, և հնչում է տեսակետ, որ ոչ, մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, «խաղաղության պայմանագիրը» պետք է չստորագրվի. Այս մասին հայտարարել է Փաշինյանը:

«Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում: Օրինակ, կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որը Ադրբեջանն ամիսներ առաջ է առաջարկել: Ենթադրենք կա X թվով հոդված, որոնք բոլորը համաձայնեցված են: Կողմերից մեկը կարող է ասել՝ մի հատ հոդված էլ կա, դա էլ պետք է համաձայնեցնել: Կարող ենք դա էլ համաձայնեցնել, հետո կարող է պարզվի, որ էլի մի հոդված կա: Ոչ մի տեղ չկա գրված, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 14 կամ 17 հոդված: Այստեղ խնդիրը քաղաքական կամքի մեջ է:

Անընդհատ կարող է առաջ գլ ևս մեկ հոդված և կողմերից մեկը կարող է ասել՝ մինչև սա չհամաձայնենցնենք, մենք անիմաստ ենք համարում այդ պայմանագրի ստորագրումը: Փաստն այն է, որ չկա որևէ պայմանագիր, որը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին»,- ասել է նա:

Կմասնակցի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին

«Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք»,-ասել է նա:

Ինչ վերաբերվում է Հարավկովկասյանի տարածաշրջանյան միության գաղափարին, նա նկատել է․

«Կովկասյան միությունը» հենց հնչում է շատ կոնկրետ նախագիծ, որի վերաբերյալ վերաբերմունք ունենալու համար պետք է ծանոթ լինել մանրամասներին, բայց այս համատեքստում ուզում եմ ընդգծել մեր խաղաղության խաչմերուկ նախագիծը, որին հույս ունեմ ծանոթ եք, ու որը տարածաշրջանի մակարդակով մտածելու ու գործելու եղանակներից մեկն է»։

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիայից զենք գնել, իսկ ՀՀ-ն Ֆրանսիայից չի կարող. Փաշինյան

«Մենք ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում, և նաև, ըստ էության, պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում:

Հատկապես Ադրբեջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը Արևմուտքից զենք է գնում: Ընդ որում՝ գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր, որ նրանք ասում են՝ Արևմուտքը զինում է Հայաստանին: Կներեք, բայց որ Ադրբեջանը Չեխիայից զենք է գնում, Իտալիայից զենք է գնում, այդ երբվանի՞ց Չեխիան, Սլովակիան, Իտալիան այլևս Արևմուտք չեն: Այսինքն՝ ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիայից զենք գնի, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, Հայաստանը չի կարող Հնդկաստանից զենք ձեռք բերել:

Ընդ որում՝ ասում եմ՝ մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ»,- հայտարարել է Փաշինյանը:

Արգելել եմ Հայաստան հնամաշ շորեր, ավտոներ, մաշած պագրիշկեք ուղարկեն. Փաշինյան

«Մենք պետք է դադարենք Հայաստանն ընկալել որպես ֆորպոստ:

Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի միակ ֆունկցիան պետք է լինի իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելը։ Բարեկեցության մեջ մտնում են ազատությունը, արդարությունը, ժողովրդավարությունը»,- նշել է նա։

Նա հայտարարել է, որ իր կարծիքով` քաղաքացիների երջանկությունը ևս պետք է որպես քաղաքական նպատակ ձևակերպվի.

«Բայց ասում են՝ ո՞նց եք երջանկացնելու ընտանիքներին։ Երջանկացնելու մասին չի խոսքը, այլ երջանկությունը հնարավոր դարձնելու, ամեն մեկն ինքը թող որոշի՝ ինչպես է երջանիկ»,- ինքն իրեն պատասխանել է Փաշինյանը։

Ըստ նրա, օրինակ, արվեստագետը երջանիկ է, երբ ունի լսարան, իսկ Հայաստանում արվեստագետները մեծամասամբ երջանիկ չեն, որովհետև լսարանը շատ սահմանափակ է։

Նրա կարծիքով՝ մարդու երջանկության համար էլ կարևոր են խաղաղությունը, բարեկեցությունը, նաև հոգևոր կյանքը, որը, ըստ վարչապետի, մեզ մոտ կրկին սխալ ընկալում ունի՝ միայն կրոնական իմաստով, մինչդեռ մշակութային կյանքն էլ հոգևոր կյանքի անբաժան մասն է։

Ըստ Փաշինյանի՝ մարդը երջանիկ է, երբ կարող է գնալ թատրոն, համերգ, երբ բեմերում տեղի են ունենում իրադարձություններ, որի համար արժե ջանք գործադրել և գումար ծախսել.

«Իսկ ֆորպոստում երջանկությունը նպատակ չէ, մաքառումն է նպատակ։ Ես նաև ուզում եմ, որ Հայաստանը կարեկցանքի օբյեկտ լինելու կարգավիճակից դուրս գա»,- ասել է նա:

«Ես, օրինակ, արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն։ Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել: Այսինքն` Հայաստան կիսամաշ բաներ ուղարկելու, դրանք ամիսներով լուսաբանելու ընկալումից պետք է դուրս գալ: Ես կոնֆլիկտ ունեմ Հայաստանի այդ ընկալման հետ»,-միջազգային հյուրերի ներկայությամբ նման հայտարարություններ է արել նա:

Խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը. Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբանությունների հետ, ոնց որ հայելային են, որովհետև Հայաստանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանագիրը պետք է բոլոր հնարավոր հարցերը լուծի, Ադրբեջանում էլ կա տեսակետ, որ «Խաղաղության պայմանագիրը» բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի:

Իմ կարծիքով, «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ բառացի գրված է, թե՝ գրված չէ: Որովհետև «Խաղաղության պայմանագիր» նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ինչ ենք ասում. որ խաղաղության պայմանագրի, այդ թվում՝ ներառյալ Ադրբեջանի կողմից արված հայտարարություններով, 80 տոկոսով համաձայնեցված է»,- հայտարարել է Փաշինյանը, որը 2021թ. արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր` ոչինչ, թող գերիներն 2 ամիս էլ սպասեն Բաքվի բանտերում:

Հիշեցնենք, ամիսներ անց թևակոխելու ենք 2025 թվական, գերիները դեռ Բաքվի բանտերում են:

Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական մակարդակում առաջին անգամ են փաստաթուղթ ստորագրել. Փաշինյան

«Ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական մակարդակում առաջին անգամ են փաստաթուղթ ստորագրել, եւ սա իրական Հայաստանի ռազմավարության որոշակի արդյունք է: Բոլորս շատ ապրումներ ենք ունեցել, մասնավորապես Տավուշի մարզի սահմանազատման արդյունքում: Ես կխնդրեի, որ մեր այն հայրենակիցները, որոնք ժամանակ ունեն եւ դեռ հարցեր ունեն այդ պրոցեսի մասին, գնան Կիրանց, գնան Ոսկեպար, տեսախցիկներից դուրս շփվեն այդ գյուղերի բնակիչների հետ, որոնք ամենամեծ մտահոգություններն ունեին:

Վերջին անգամ, երբ այցելել եմ այնտեղ, մի հարց եմ տվել, ասել եմ՝ սիրելի հայրենակիցներ, ո՞նց է կյանքը ահմանազատումից հետո: Կարոեղ եմ ասել, որ նրանց պատասխանները ինձ ավելի քան բավարարելն է: Դա էլ է վերաբերմունքի փոփոխություն: Միջավայրի փոփոխությունը չի կարող չլինել, որովհետեւ կա սահման: Տեղի ունեցածին ամենամեծ ու ամենակարեւոր արձագանքը տվեցին Սյունիքի Ճակատեն գյուղի բնակիչները, երբ ինձ հարց տվեցին, թե իսկ մեզ մոտ երբ է դա տեղի ունենալու»,-հայտարարել է նա:

Որոշել ենք՝ պետք է ունենանք մոդուլային ատոմակայան, որ Հայաստանի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի․ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է:

Այս հարցում մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառներից մեկը, որ որոշել ենք այդպես վարվել․ մասնագետները բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում: Այսինքն` վթարը միջավայրին չի սպառնում»,-հայտարարել է Փաշինյանը։

Նաև նշել է, որ մոդուլյար ատոմակայանների տեխնոլոգիայի կիրառման փուլին են հասել մի քանի երկրներ. «ԱՄՆ-ն ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է, բայց դրանով զբաղվում է նաեւ Ֆրանսիան, ՌԴ-ն, Հարավային Կորեան: Մենք աշխատում ենք գործընկերների հետ: Այս պահին մի խնդիր կա,աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ»:

Երբ տեսնենք ԵՄ-ին անդամակցելու քիչ թե շատ իրական հնարավորություն կա, պահը հաստատ բաց չենք թողնի

«ԵՄ-ի հետ կապված տեսլականի մասին իմ հայտարարությունից հետո քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես պետք է որդեգրի ԵՄ-ին անդամակցելու քաղաքական ուղեգիծ, թե ոչ:

Այստեղ էլ պետք է հասկանանք, որ սա միակողմանի, նույնիսկ երկկողմանի գործողություն չէ: Այստեղ է, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձեւակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում: Ես երբեք չեմ թաքցրել, որ, ի վերջո, պետք է նաեւ ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Այստեղ շատ կարեւոր է Վրաստան-ԵՄ հարաբերությունները, թե ինչ տեղի կունենա, շատ կարեւոր է Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ինչպես կզարգանան, եւ այս համատեքստում շատ կարեւոր են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ինչպես կզարգանան»,- հայտարարել է նա:

Նաև հայտարարել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է, ինչը Հայաստանին մերձեցնելու է ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ արեւմտյան գործընկերների հետ.

«Մյուս կողմից, մենք մեր ժողովրդավարությունը չպետք է եւ չենք կարող հակադրել մեր տարածաշրջանին, մեր տարածաշրջանային քաղաքականությանը: ԵՄ-ի հետ կապված մեր հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ: Ընդ որում թափանցիկ պետք է լինեն նաեւ ԵՄ մեր գործընկերների մտադրությունները: Ես չեմ կարող բացառել, որ եթե մենք տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ թվում` կառավարելի պահելով այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը հաստատ բաց չենք թողնի»,- հայտարարել է նա:

Բանակի և անվտանգության մասին

«Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է, ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում ու, ըստ էության` պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում։

Մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ։ Մենք ասում ենք` 29.743 քկմ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը` իրավունք, որ երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ընդ որում, ՄԱԿ-ի և այլ միջազգային փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն` ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,-հայտարարել է նա։

Անդրադառանալով հարցին` ինչպես է նա պատկերացնում ՀՀ անվտանգային միջավայրը կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, պատասխանել է, որ առաջին հերթին՝ մեր միջավայրում ագրեսիվ մտադրությունների նվազեցման հետ։

Նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են և այստեղ երկարաժամկետ հատվածում հակամարտության որևէ պոտենցիալ չկա։

Թուրքիայում ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների փոփոխություն է տեղի ունենում

«Մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ եւ ցամաքային բացում իրականացնենք:

Ես, ինձ մի պահ դնելով դիտորդի դերում, որը հետևում է Թուրքիայում ընթացող քննարկումներին, կասեմ, որ ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում Թուրքիայում»,հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այս հարցում մեծ նշանակություն ունեն ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, որոնք դեռ զգալի արդյունքներ չեն արձանագրել, սակայն կարևոր է, որ երկու երկրները գտնվում են հաղորդակցության մեջ։

Փաշինյանի հայրենասիրության մոդելը. «Հայրենասիրության այն մոդելը, որով հայրենիքը սիրել ենք, նրա համար է, որ ՀՀ պետություն գոյություն չունենա»

«Հայտնի արտահայտություն կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ի՞նչ դասեր քաղել: Այն դասերը, որ մենք ունենք մեր պատմությունից, մենք չենք գրել մեզ համար, ուրիշներն են գրել: Ասել են՝ կարդացեք հարգելի հայեր, ձեր պատմությունից դասերը հետևյալն են, կետ՝ մեկ. գնացեք անգիր արե՛ք, եկե՛ք: Գնացել ենք անգիր արել, ասել են՝ կետ 2,3…

Մենք մեր պատմությունը չգիտենք: Ես հիմա մի բան կասեմ, որ կիսել եմ միայն իմ ընտանիքի հետ: 2018 թվականից ի վեր ինձ համար որպես վարչապետ ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել դա եղել է մեր հայրենասիրությունը, ընդ որում` ասվածի մեջ հեգնանք չկա: Ամենամեծ պրոբլեմը, որը ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի, ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերոսներով, կերպարներով անուններով նկարներով ններմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն:

Ընդ որում, ինչ որ այդտեղ կա, ամեն ինչը մեզ համար սիրելի է, բայց նպատակը պետք է հասկանալ. հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստան պետություն գոյություն չունենա, այդ մոդելի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստան անկախ ինքնիշխան պետություն գոյություն չունենա»,- հայտարարել է նա:

Նա վերահաստատել է՝ հայրենասիրության այն մոդելը, որով մենք մեր հայրենիքը սիրել ենք, նրա համար է, որ մենք հայրենիք չունենանք այլ սիրենք՝ տեսական.
«Տեսական հայրենիք ունենանք ու սիրենք, պատից կախած ունենք, կենացների մեջ ունենք, տորթերի վրա ունենք, իսկ գետնի վրա չունենանք, ինչն էլ մեզ հետ տեղի է ունեցել վերջին մի քանի հարյուրամյակում»:

ՀՀ ժողովուրդը պաշտպանում է «իրական Հայաստանի» մեր տեսլականը, հակառակը նշանակում է ՀՀ պետականության կորուստ

Նա հայտարարել է, որ պայմանականորեն կա Հայաստանի երկու տեսլական՝ պատմական և իրական, և եթե պատմական Հայաստանի տեսլականն այն է, որ ՀՀ-ն գործիք է, ֆորպոստ է, հենարան, որպեսզի մենք ունենանք ավելի մեծ հայրենիք ու պետություն, ապա իրական Հայաստանի հայեցակարգն է՝ Հայաստանը միջոց է սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար, այն ընկալմամբ, որ մեջ է մտնում ազատությունը, արդարությունը և անվտանգությունը։

«Կտրված չլինելով մեր իրականությունից, ՀՀ կառավարությունը եկել է այն համոզման, որ իրական Հայաստանի տեսլականն է, որ կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը, որովհետև հակառակը նշանակում է, որ ՀՀ-ն դնում ենք այն պատմական ցիկլի մեջ, որի ելքն անխուսափելի է՝ ՀՀ պետականության կորուստ:

Հետևաբար, իմ ուղերձն այն է, որ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է իրական Հայաստանի հայեցակարգը, ընդ որում՝ դա չի որդեգրել որպես խաղ, չի որդեգրել որպես խորամանկություն, այլ որդեգրել է որպես ՀՀ-ի հարատևության համար անհրաժեշտ նախապայման: Եվ ես ուզում եմ ասել, համոզմունք հայտնել, որ ՀՀ ժողովուրդը պաշտպանում է այդ տեսլականը»,- հայտարարել է նա:

«Աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը»

«Մեր պատկերացումները շատ կարճաժամկետ են. այդ երեւույթը ինքս ինձ վրա էլ զգում եմ, որ երբ մենք երեւույթները քննարկում ենք, սովորել ենք քննարկել այս պահը 15 րոպե առաջ և 15 րոպե հետո: Կարծում եմ, ընդհանրապես մենք պետք է պրոցեսները դիտարկենք ավելի երկար ժամանակահատվածում: Մենք կարող ենք արձանագրել, որ անվտանգային այն ճարտարապետությունը, որը մենք որդեգրել ենք, ըստ էության, ցույց է տվել իր արդյունավետությունը: Մենք այս հարցը դիտարկելիս ունենք էլի ընկալման երկու բեւեռ. առաջինը զենք, զինամթերք, բանակ եւ այլն, երկրորդ բեւեռը` արտաքին միջավայր, միջազգային հանրություն, բարեկամներ, դաշնակիցներ եւ այլն:

Ես ուզում եմ, որ պատկերներին նայենք մեր դիրքերից: Երբ ասում եմ, որ մեր անվտանգային ճարտարապետությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, նկատի ունեմ առաջին հերթին մեզ:

Անվտանգության մեր ընկալումը եղել է այն, որ մենք մեր տարածաշրջանում կարող ենք կոնֆլիկտներ ունենալ բոլոր հնարավոր ուղղություններով, փակ սահմաններով, լարված հարաբերություններով, եւ մենք կունենանք հեռու կամ ոչ այնքան հեռու դաշնակիցներ, որոնք մեր մեջքին կկանգնեն եւ մենք մեր տարածաշրջանում ինչ տոնայնությամբ և երբ ինչպես ուզենք՝ խոսենք: Մեր մտքով չի անցել, որ դաշնակիցը դաշնակից, բարեկամը բարեկամ, բայց այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահը: Այդ շահերի համատեքստում եթե հայկական գործոնը տեղ ունի, այդ տեղը ոչ առաջնային է, ոչ երկրորդային, ոչ երրորդային, ոչ չորրորդային ու հինգերերդային: Մեր մտքով չի անցել, որ մեր մոտեցումներում կա կոնստրուկցիոն սխալ. այդ երկրներն իրենց շահերի բերումով ինչպես կուզեն կվարվեն առաջին հերթին մեզ հետ՝ երրորդ երկրների հետ իրենց հարաբերությունները պարզելու համար»,-հայտարարել է նա:

«Այո, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք դրանք ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չենք դնում». Փաշինյան

«Այո՛, Հայաստանն սկսել է բանակի և ԶՈւ-ի համար բարեփոխումներ անել, որը նաև Ադրբեջանում է քննարկվում, թե իբր դա նշանակում է՝ ՀՀ-ն խաղաղություն չի ուզում։ Մինչդեռ, ըստ նրա, երկրները ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրենց անվտանգությունը պաշտպանելու համար կարող են ձեռք բերել զինամթերք։

ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունենք տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կմ, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել»,-հայտարարել է Արցախն ամբողջությամբ և Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնած Փաշինյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ԹՇՆԱՄԻՆ

Միջազգային բանախոսների, փորձագետների ներկայությամբ ժողովրդի անունից դարձյալ կեղծ հայտարարություններ է արել 2018-ին իշխանությունը զավթած, երկիրը, հասարակությունը պառակտած, երկիրը աղետալի պատերազմի մեջ ներքաշած, նվաստացուցիչ պարտության մատնած, 5000-ից ավելի զորհերի պատճառ դարձած, Բաքվի բանտերում հայ ռազմագերիներին թողած, Արցախը հանձնած, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցի զինվորների մուտքն ապահոված, Հայաստան ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնող, տնտեսությունը աղետի առջև կանգնեցրած, բանակը, պետական բոլոր ինստիտուտները կազմաքանդած, երկրի արտաքին պարտքը կրկնապատկած, արտագաղթի, աղքատության ծավալները մեծացրած, ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ոտնահարած մեկը, որի անունն է Նիկոլ Փաշինյան: Մարդ, որը Հայաստանին, Արցախին ավելի մեծ վնաս է հասցրել, քան որևէ արտաքին թշնամի: Իսկ երկրի պետական բյուջեի մսխման, թալանի և կոռուպցիայի ծավալների մասին նույնիսկ չենք խոսում…

Տեսանյութեր

Լրահոս