Հարավային Կովկասում ՌԴ հետագա քաղաքականությունը կախված է Ուկրաինայի շուրջ գլխավոր գործարքից․ վերլուծաբան

Մինչ ուկրաինական և ռուսական անօդաչու թռչող սարքերը թիրախավորում են միմյանց տարածքները՝ նոր վնասներ ու զոհեր պատճառելով, հատելով մինչև անգամ Մոլդովայի ու Ռումինիայի օդային տարածքները, Աբու Դաբիում ռուսական ու ամերիկյան պատվիրակություններն, ըստ արևմտյան մամուլի, շարունակում են բանակցություններն Ուկրաինայի հարցով կարգավորման Թրամփի 28-կետանոց առաջարկի շուրջ։

Կիրակի օրը Ժնևում ուկրաինա-ամերիկյան բանակցություններից հետո, Politico  պարբերականի համաձայն, փաստաթուղթը մշակվել է, կրճատվել՝ 28 կետանոց առաջարկը վերածվել  19 կետանոց առաջարկի, դուրս են բերվել փաստաթղթից մի քանի ամենազգայուն պահանջներից։ Մասնավորապես,  նշվում է, որ հանվել է այն կետը, որը պահանջում էր Ուկրաինայից Դոնբասը զիջել Ռուսաստանին, ինչպես նաև այլ տարածքային դրույթներ։ Հրապարակման համաձայն՝ սա այն պլանի տարբերակն է, որը ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը ներկայացնում է ռուսական պատվիրակությանն Աբու Դաբիում ընթացող բանակցություններում։ Հանդիպումները սկսվել են երեկ և կշարունակվեն այսօր։ Մոսկվան պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը։

Ըստ Bloomberg-ի՝ ռուս բանակցողները վերանայված ծրագիրը համարել են «աննշան» և հայտարարել են, որ անհնար է օգտագործել այն՝ որպես կարգավորման հիմք։ CBS News-ը և Financial Times-ը նույնպես հաստատում են, որ Դրիսկոլը գտնվում է Աբու Դաբիում՝ ռուսական կողմի հետ հանդիպումների համար։ Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզապես հայտարարել է. «Մենք դեռ ասելիք չունենք։ Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրություններին և վերլուծում դրանք»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, թե Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ դեպի խաղաղություն, այն արժանի է քննարկման։  «Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ այնպիսի խաղաղություն, որն իրականում կապիտուլյացիա է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքով՝ տարածքային զիջումների հարցում որոշումներ կարող են կայացնել բացառապես ուկրաինացիները։

Կարդացեք նաև

«Այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, պատկերացում է ստեղծում, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ դա պետք է ընդունելի լինի նաև ուկրաինացիների և եվրոպացիների համար։ Պատասխանն է՝ ոչ»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։ Ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու եվրոպական մի շարք ղեկավարներ աջակցում են Վլադիմիր Զելենսկիին, փորձում են ամերիկյան կողմից ավելի մեղմ փաստաթուղթ ստանալ, կամ առաջարկում են փաստաթղթի իրենց տարբերակը՝ բաղկացած 24 կետից։ Իսկ ԱՄՆ-ը, ըստ արևմտյան մի շարք պարբերականների, աննախադեպ ճնշումներ է բանեցնում ուկրաինական կողմի նկատմամբ գործարքի կնքման նպատակով։

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բանակցային բարդ գործընթաց է մեկնարկել, քանի որ առաջարկված փաստաթուղթը բարդ է ընդունել ուկրաինական տեսանկյունից, եթե դիտարկենք իրավիճակը։ Մյուս կողմից՝ նրա խոսքով, բանակցելու առաջարկը որևէ մեկը չի ցանկանում մերժել, քանի որ դա կարող է ենթադրել պատերազմի գոտում իրավիճակի էլ ավելի սրում, աշխարհագրության ընդլայնում և մի շարք ռիսկեր։

Ըստ վերլուծաբանի, ակնհայտ է նաև, որ սա գործարքի պլան է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, Եվրոպան ցանկանում է ավելացնել Ուկրաինայի ու իր շահն այս ամենում, որին էլ միտված է այս օրերին ԵՄ և մի շարք եվրոպական երկրների քաղաքականությունը։

«Բոլորն են հասկանում, որ պլանը ներկայացված է, ամերիկյան կողմն իսկապես ցանկանում է գործարքը կայացնել, սկզբնական փաստաթղթում ներառված էին կետեր, որոնք հիմնականում  ընդունելի էին ռուսական կողմի համար, սակայն ներկայումս Եվրոպան և Ուկրաինան փորձում են առաջ մղել այն տեսակետը, որ այն պետք է ավելի բալանսավորված լինի։

Մյուս կողմից՝ գործընթացի տապալումը, որը շատ հավանական է, ռիսկային է։ Եթե ամերիկյան կողմը հրաժարվի այս ջանքերից, ակնհայտ է նաև, որ բանակցությունների հնարավորությունը կնվազի, պատերազմը կերկարաձգվի։ Ուստի այստեղ իրավիճակը բարդ է թե միջնորդի համար, որը ժամանակ առ ժամանակ ճնշում է բանեցնում Ուկրաինայի, Ռուսաստանի նկատմամբ, թե եվրոպական կողմի համար է բարդ, թե Ուկրաինայի։

Տեսնում ենք, որ զուգահեռ այս ամենին՝ դրոնային հարձակումների ծավալն էապես աճել է, որը ևս ճնշման միջոց է, պետք է հետևել բանակցություններին։ Կարծում եմ՝ ներկայումս ռուս-ամերիկյան բանակցությունները կարևոր են, չեմ կարծում, թե փոփոխված տարբերակն ընդունելի լինի ՌԴ-ի համար, գուցե սա հանգեցնի Ուկրաինայի նկատմամբ էլ ավելի մեծ ճնշումների կամ գործընթացի չեղարկման։ Սա Թրամփի վարչակազմի արդեն երկրորդ կամ երրորդ փորձն է»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:

Ինչ վերաբերում է հարավկովկասյան ռեգիոնին, ապա նա գտնում է, որ հնարավոր կարգավորումը կունենա իր ազդեցությունը։

Սակայն, նրա խոսքով, չափազանց կարևոր է դիտարկել այն, թե ինչպես կավարտվի պատերազմը, ինչ փաստաթուղթ կհամաձայնեցվի, պատերազմից ինչ իրավիճակով դուրս կգա Ռուսաստանը։ Դա, նրա որակմամբ, Հարավային Կովկասի համար կարևոր է։

«Չի բացառվում, որ որոշակի սցենարների դեպքում Ռուսաստանը փորձի ակտիվանալ այս ռեգիոնում, գուցե փորձեն ակտիվացնել 3+3 ձևաչափը կամ այլ ֆորմատներ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների վրա աշխատելով։ Նաև սա է պատճառը, որ եվրոպական երկրները ցանկանում են վիճարկել առաջարկվող պլանը, ցանկանում են, որ այն չբխի միմիայն Ռուսաստանի շահերից։ Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանն էապես կվերանայի իր արտաքին քաղաքականությունը, սակայն, թե ինչ ուղղությամբ կընթանա, որ սցենարով կառաջնորդվի, կախված է գլխավոր համաձայնությունից»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս