«Իշխանությունները Տավուշում Ադրբեջանի համար ստեղծել են ագրեսիայի իսկական պլացդարմ». Դավիթ Ջամալյան

Տավուշում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի համատեղ իրականացրած սահմանազատումը որոշ տարածքներում արդեն ավարտված է, սահմանի երկու կողմում տեղադրված սահմանային սյուների մոտ կանգնած են երկու երկրների սահմանապահները, ինչ մասին ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, ըստ այդմ՝ պետք է զինվորները հանգստանան, և նրանց պետք է փոխարինեն սահմանապահները։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասաց, որ եթե ՀՀ իշխանություններին թվում է, թե ադրբեջանական սահմանապահներն ավելի անվտանգ են, քան զինծառայողները, սխալվում են։

«Այս գործընթացը՝ սահմանազատումը, իսկ իրականում՝ ՀՀ իշխանությունների կողմից տարածքների հանձնումը տեղի է ունենում հատվածական՝ փուլային տարբերակով։ Տվյալ դեպքում հստակ ասում եմ՝ մենք գործ ունենք այս փուլում ադրբեջանական ագրեսիան Հայաստանին մոտեցնելու հետ։ Եթե այս նույն հակասահմանադրականությամբ գործընթացն ընթանար ամբողջական տրամաբանությամբ, այսինքն՝ սահմանազատումը տեղի ունենար ամբողջ սահմանով մեկ՝ Կողբից մինչև Նռնաձոր ու Նախիջևանի հատված, ապա այդ դեպքում գոնե ինչ-որ տեղ հիմնավոր կլիներ այն փաստարկը, թե այդ կերպ ՀՀ իշխանությունը կանխում է նոր պատերազմը։ Թեպետ, կրկնում եմ՝ եթե այս տրամաբանությամբ ընթանար, միևնույն է՝ հակասահմանադրական էր»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Նրա գնահատմամբ՝ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշում ադրբեջանական սեպը վերածվել էր պլացդարմի, որտեղ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է լուրջ ուժեր կուտակելով՝ փորձ կատարել մխրճվելու ՀՀ տարածքի խորքերը՝ կտրելով բոլոր կոմունիկացիաները։ Այսպիսով Ադրբեջանը կարող է հասնել մինչև Լոռու մարզ, որտեղ կան շատ կարևոր հանքեր։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ ՀՀ իշխանությունները Տավուշում Ադրբեջանի համար ստեղծել են ագրեսիայի իսկական պլացդարմ։ Ավելին՝ այս հատվածական գործընթացից հետո Ադրբեջանը կարող է այնպիսի պահանջներ ներկայացնել Հայաստանին, որ դրանց չկատարումը կարող է դառնալ գրեթե անհնարին։ Օրինակ, հարցը կարող է դնել շատ կտրուկ, որ Ջերմուկի արվարձաններից չի հեռանա, սրա մասին արդեն Ալիևը բացահայտ հայտարարել է։ Այդ ամենը կարող է Ադրբեջանն օգտագործել՝ որպես պատերազմ, Հայաստանի վրա հերթական հարձակման համար։ Ստացվում է, որ 44-օրյա պատերազմից հետո ամենապաշտպանված հատվածներից մեկում՝ երրորդ բանակային կորպուսի հատվածում, արդեն կունենանք խնդիր, քանի որ մեր բոլոր բարձունքները սկուտեղի վրա մատուցված են թշնամուն»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Նրա մեկնաբանությամբ՝ եթե իրավիճակն այսպիսին չլիներ, թշնամու հնարավոր ագրեսիայի դեպքում Տավուշի այդ հատվածում երրորդ բանակային կորպուսը կարող էր որևէ այլ նախաձեռնություն հանդես բերել, այնպես, որ Ադրբեջանը չկարողանար իր զորքը կուտակել սահմանին։

«Բայց հիմա տեսնում ենք, որ այս գործողությունների արդյունքում երրորդ բանակային կորպուսը նախաձեռնողականություն ցուցաբերելու համար կաշկանդված է։ Այնպես որ, մեր երկրի պաշտպանունակությանը լուրջ վնաս է հասցվել, եթե իրավիճակը փոխվի, ապա այդ վնասն անդառնալի չէ, եթե այսպես մնա՝ անդառնալի է»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս