«Իշխանությունների նախընտրական քարոզչության գործիքը կորցնում է իր զորությունը». Դավիթ Ջամալյան

Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մերձավոր Արևելքի՝ Գազայի հատվածում խաղաղություն հաստատելու գագաթնաժողովին։ Հանդիպումից հետո նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ մեծ պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավեր ստանալը և գագաթնաժողովին մասնակցելը։

Նիկոլ Փաշինյանը պահը բաց չի թողել և ԱՄՆ նախագահին հիշեցրել է՝ ինքը ՀՀ ղեկավարն է։

Գագաթնաժողովի ժամանակ Թրամփը դիմել է նաև Նիկոլ Փաշինյանին և Ալիևին ու հիշեցրել, որ իր միջնորդությամբ կարգավորվել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը:

Մինչ Թրամփը հայտարարում է կոնֆլիկտի կարգավորման մասին, Ադրբեջանն ինտենսիվորեն շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով և Բաքվի դատարանում մի քանի հոդվածներով դատում է հայ ռազմագերին ու պատանդներին։

Կարդացեք նաև

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը մեկ թղթի կտորով չի հաստատվում, այդ թուղթն ընդամենը Նիկոլ Փաշինյանին էր պետք, որպեսզի բերեր Հայաստան ու ասեր՝ «տեսեք-տեսեք, խաղաղություն եմ հաստատում»։ Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանի խոսույթն ու քայլերը խաղաղության մասին չեն։

«Երկու ամիս առաջ այդ թուղթը նախաստորագրվեց Վաշինգտոնում, ի՞նչ եղավ դրանից հետո՝ առնվազն 4 անգամ Թրամփը մեր երկիրը շփոթեց Ալբանիայի հետ։ ՀՀ օրվա իշխանությունները երկիրը միջազգային հարթակներում այնպիսի ցածր մակարդակի են հասցրել, այնքան են նվազեցրել մեր երկրի վարկանիշը, որ նույնիսկ Թրամփը չի էլ ֆիքսել, թե որ երկրներին է միջնորդում, նա անգամ մեզ իր օրակարգում չի էլ պատկերացնում։

Այս ամենն անեկդոտ ու զավեշտ կլիներ, եթե մեր երկրի գլխին թուրքական վտանգը «դամոկլյան սրի» նման կախված չլիներ։ Թրամփը մեծ մարդ է, շփոթում է, չի հիշում, հետևությունները մենք պետք է անենք»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Նա հիշեցրեց նաև վերջերս ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները՝ Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» խուսույթն օգտագործելու համար, շեշտելով՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ Ադրբեջանից հնչում են պահանջներ, հետևաբար՝ այդ խաղաղությունն կոչվածն այդքան էլ հաստատուն չէ։

«Ադրբեջանը մի կողմից է սպանում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը»՝ իր պահանջները ներկայացնելով, մյուս կողմից էլ՝ Թրամփը, որի օրակարգում Հայաստանը չկա։ Նրանք տեսնում են, որ «խաղաղության օրակարգի» հիմքերն իրենց աչքի առաջ խարխլվում են, փլուզում, ուստի որոշել են խոստովանել, որ խաղաղությունը երաշխավորված չէ։

Սթափ միտք ունեցող մարդն այս ամեն տեսնելով՝ հասկանում է մեկ բան՝ նախաստորագրվածը մի թղթի կտոր էր, որն ուղղակի պոկել է Նիկոլ Փաշինյանը և փորձում է հանրությունից ձայն գողանալ։ Բայց ինչպես հասկանում ենք, օրվա իշխանությունների նախընտրական քարոզչության այս գործիքը կորցնում է իր զորությունը»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Այս համատեքստում Դավիթ Ջամալյանը նկատեց՝ օրերս Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունն էր նաև ապացուցում, որ խաղաղություն չկա, երբ նա խոսեց ՀՀ Սահմանադրությունն անհապաղ փոխելու մասին՝ շեշտելով, որ միայն այդ դեպքում Հայաստանի հետ կստորագրեն «խաղաղության պայմանագիրը»։

Ռազմական փորձագետի բնորոշմամբ, այս հայտարարությունը մեկ անգամ ևս սթափեցրեց հայ հանրությանը։

Նրա կարծիքով՝ չնայած այս ամենին, մինչև 2026թ. հունիս Նիկոլ Փաշինյանը շարունակելու է խոսել այդ «թղթի կտորի» մասին, քանի որ նա բոլոր թեզերը սպառել է, միայն այս թղթի կտորն է մնացել նրա հույսն ու ապավենը՝ ընտրություններում հանրության ձայնը ստանալու համար։ Սակայն որքան Ադրբեջանից այդ պահանջները հաճախ հնչեն, հայ հասարակությունն այնքան իրավիճակին սթափ կնայի։

Տեսանյութեր

Լրահոս