«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գրոհել Վեհարանի վրա, դա կլինի նրա իշխանության վերջը». Դավիթ Ջամալյան

«Նիկոլ Փաշինյանն իր ունեցած ռեսուրսը (նկատի ունեմ այն մեր հայրենակիցներին, որոնք դեռ Նիկոլին հավատում են, և որոնց թիվը շատ փոքր է) հավաքում է իր «բռի» մեջ, և մեր աչքի առաջ աղանդ է ծնվում։ Այդ աղանդի ծնունդը լինելու է զավթված Հովհաննավանքում»,- այս մասին 168.am հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի ու դրա հետևանքների մասին։

Ըստ նրա, հայ ազգը պետք է որոշի՝ Նիկոլ Փաշինյանի այդ աղանդը պետք է ծնվի՞, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ շատ ռիսկեր կան, գուցե Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով վերջակետ դնի իր իշխանության գոյությանը։

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում ուզում է  իր շուրջը հավաքել իր սակավաթիվ աջակիցներին՝ արդեն աղանդի տեսքով։

Մինչև այս պահը Նիկոլին չի հաջողվել հավաքել այն կրիտիկական զանգվածը, որով կփորձեր գրոհել Վեհարանի վրա, բացի այդ, տեսնում է, որ իր այս քայլերին կա լուրջ դիմադրություն, քանի որ ժողովուրդը սթափ է։

Կարդացեք նաև

Էջմիածին կատարած վերջին ուխագնացության ժամանակ մենք տեսանք, թե որքան մարդ գնաց ու կանգնեց Եկեղեցու կողքին։ Ոչ միայն Նիկոլը, այլև իր շրջապատում գտնվողները ևս հասկանում են, որ այստեղ շատ մեծ ռիսկեր կան, ուժային կառույցներում ևս այս ամենը լավ են հասկանում։

Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի աղանդավորական հավաքը Վեհարանի վրա գրոհելու նախերգանքն է։ Իհարկե, Նիկոլը կարող է մարդկանց հավաքել ու բերել Վեհարանի մոտ, բայց այլ հարց է՝ այդ հավաքագրված մարդիկ կգրոհե՞ն Վեհարանի վրա։ Կարծում եմ՝ ամենավերջին բարոյազուրկը պետք է լինի մարդը, ով կգնա ու կգրոհի Վեհարանի վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ՝ մարդը պետք է շատ միամիտ լինի, որպեսզի մտածի, թե Նիկոլ Փաշինյանի կողմից Առաքելական եկեղեցու դեմ սկսված գրոհը թուրք-ադրբեջանական թելադրանքով չէ։ Հստակ է՝ այս հալածանքներն Առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների նկատմամբ թուրք-ադրբեջանական թելադրանք է, ապացույցներ որոնել պետք չէ, դրանք ակնհայտ են։

«Մեր երկրում հազարավոր խնդիրներ կան՝ անվտանգայինից մինչև սոցիալական, բոլոր ոլորտներում աղետալի վիճակ է։ Այս տրամաբանությամբ՝ սթափ միտք ունեցող մարդը Նիկոլին պետք է հարց տա՝ «Երկիրդ կանգնած է աղետի առջև, խնդիրները խեղդում են ժողովրդին, դու էլ այս երկրի ոչ բարով ղեկավարն ես, այլ անելիք չունե՞ս։ Գտել ես մի կեղծ թեմա, ժողովրդին ես զբաղեցնում»։ Այդ ժամանակ ակնհայտ կդառնա այստեղ ադրբեջանական կապը. Երբ Փաշազադեն արտահայտում է իր ատելությունը մեր եկեղեցու նկատմամբ, նույն պահին նրա քայլին հետևում է  նաև Նիկոլ Փաշինյանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց՝ մարդիկ լավ են հասկանում այս իշխանությունների քայլերի հետևանքները, դրա համար էլ նրանց այդ նախաձեռնությունը հանրային լայն աջակցություն չի ստանում։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գրոհել Վեհարանի վրա, դա կլինի նրա իշխանության վերջը։

«Արշակ սրբազանի վերաբերյալ տարածեցին հերյուրանք, իսկ Արշակ սրբազանն իր հայտարարությամբ մեծ ապտակ հասցրեց սրանց։ Բոլորդ էլ հիշում եք, թե սրանք ինչ արեցին գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կազմակերպելով «տուշոնկա» օպերացիան, որը հետագայում դատարանով հերքվեց։ Սա էլ հերթական կեղծիքի ժանրից է՝ իշխանությունների նույն ձեռագիրն է»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Հիշեցնենք, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը՝ Հովհաննավանքի նախկին հոգևորական տեր Արամը, չի հեռանում եկեղեցուց, հայտարարել է, որ կիրակի պատարագ կանցկացնի եկեղեցում, Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունից հետո ևս հայտարարեց, որ մասնակցելու է այդ պատարագին։

Տեսանյութեր

Լրահոս