Հակապուտինյան հայտարարություններ, օրակարգի և ՀՀ-ին լուրջ աջակցության բացակայություն․ Ստոլտենբերգը Երևանով ավարտում է այցը Հարավային Կովկաս
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավարտում է իր շրջագայությունը Հարավային Կովկասում։
Մարտի 17-ից նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում, այսօր նա Հայաստանում էր։ 2020 թվականից ի վեր սա դաշինքի ղեկավարի առաջին այցն է տարածաշրջան, իսկ 2020 թվականից հետո՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ աշխարհում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել։
Ստոլտենբերգի այցը Բաքու
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքու էր մեկնել մարտի 17-ին և այնտեղ անցկացրել երկու օր։ Այդ ընթացքում նա հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ի դեպ, Ադրբեջանը դարձավ հարավկովկասյան միակ երկիրը, որտեղ քարտուղարը հանդիպեց պաշտպանության նախարարին։
Իսկ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Յենս Ստոլտենբերգը չի խնայել Բաքվի նկատմամբ բարեկամական ժեստերը՝ նշելով Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման և «ՆԱՏՕ-ի մի քանի անդամների հետ ավելի սերտ կապերի զարգացման գործում»։
Գլխավոր քարտուղարն Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP29 գլոբալ գագաթնաժողովն անվանել է «կարևոր հանգրվան համագործակցության համար բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են կլիմայի փոփոխությամբ և անվտանգությամբ, քանի որ այդ հարցերը սերտորեն փոխկապակցված են»
Բացի այդ, պարոն Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին դաշինքի գործողություններին և առաքելություններին, ներառյալ՝ Կոսովոյում և Աֆղանստանում ունեցած ներդրման և Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններից մեկը վերաբերում էր Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի ակտիվացման անհրաժեշտությանը։
AzTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս երկու երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է։ Մեր երեկվա հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նաև հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:
Ըստ Ստոլտենբերգի՝ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: «ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը նրանց թվում է։ Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Ադրբեջանը դուրս է ռազմական բոլոր բլոկներից։ Դա ինքնիշխան որոշում է, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրան»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նույն հարցազրույցում նա ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը վտանգ կստեղծի նաև Ադրբեջանի համար։ «Սա կարևոր է Կովկասի համար: Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա ոչ միայն մարտահրավեր կլինի ուկրաինացիների համար, այլ նաև վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,- ասել է նա։
Ըստ Ստոլտենբերգի՝ «հետևաբար, մեր շահերից է բխում, ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է՝ կանխել նախագահ Պուտինի հաղթանակը»:
Քարտուղարի այցը Թբիլիսի
Երկուշաբթի Յենս Ստոլտենբերգի Թբիլիսի այցի ծրագրում ներառված էին բանակցություններ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հատկանշական է, որ Բաքվում զերծ մնալով Ռուսաստանի դեմ լուրջ «հարձակումներից»՝ Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիում բազմաթիվ զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի և Վրաստանի միջև։ «Ռուսաստանը հետապնդում է իմպերիալիստական նկրտումներ, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված, որին իր դաշնակիցները 99 տոկոսով ռազմական աջակցություն են ցուցաբերում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Այնուամենայնիվ, Յենս Ստոլտենբերգը շրջանցել է Թբիլիսիի համար կարևոր այն հարցը, թե ինչպես կզարգանա Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան՝ սահմանափակվելով Թբիլիսիին քաղաքական աջակցություն ցուցաբերելով։
Յենս Ստոլտենբերգի այցը Երևան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի երևանյան այցի օրակարգում էին հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Ստոլտենբերգ-ՀՀ Պաշտպանության նախարար հանդիպում նախատեսված չէ, ինչը ևս կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար ՆԱՏՕ-ի հարավկովկասյան առաջնահերթությունները։ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդեց նրանց համատեղ հայտարարությունները մամուլի համար։
Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, ասաց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը: «Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ասաց նա։
Ստոլտենբերգը Երևանում չափազանց զուսպ գտնվեց, ՀՀ-ին՝ որպես Ադրբեջանի ագրեսիայի թիրախ, աջակցություն հայտնելու տեսանկյունից՝ կողմերին կոչ անելով համաձայնության հասնել երկարատև խաղաղության համար։
Նա նշեց, որ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Իր երեքուկես րոպե տևողությամբ խոսքի մեծ մասը Ստոլտենբերգը նվիրեց Պուտինի քննադատությանը։ Նա մասնավորապես ասաց, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։
«Ես ողջունում եմ Ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- հայտարարեց Ստոլտենբերգը Հայաստանում, որն ամենօրյա ռեժիմով ՆԱՏՕ-ի դաշնակից Ալիևի ռեժիմի ագրեսիայի զոհն է։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հարավկովկասյան շեշտադրումները հերթական անգամ ի ցույց դրեցին արևմտյան դիրքորոշումների երկակիությունը։
Արևմուտքի համար Պուտինն ագրեսոր է, իսկ Ալիևը՝ ոչ, Ալիևը, որը պատերազմում հաղթեց, տարիներ անց բռնի տեղահանության ենթարկեց 120 հազար արցախահայերին և ներկայումս նորանոր պահանջներ է դնում, Պուտինը չպետք է հաղթի, քանի որ պուտինյան ագրեսիան կարող է տարածվել, սակայն Ալիևը կարող է հաղթել, և ալիևյան ագրեսիան կարող է տարածվել ու երկարաձգվել, ինչի ականատեսն ենք այսօր, երբ պատերազմից չորս տարի անց Ալիևը նորանոր տարածքային պահանջներ է դնում ՀՀ-ի առջև և սպառնում պատերազմով։
Ավելին, այս մթնոլորտում «արնաքամ» Հայաստանից Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն նոր ակնկալիքներ ունեն․ սպասում են, որ Հայաստանը նոր ծառայություններ կմատուցի Արևմուտքին՝ կաջակցի Ուկրաինային, թույլ չի տա, որպեսզի Պուտինը հաղթի, կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ստեղծելով հավելյալ էներգատնտեսական, քաղաքական ու անվտանգային խնդիրներ Հայաստանի համար։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ամփոփելով Ստոլտենբերգի տարածաշրջանային և հայաստանյան այցը՝ նշեց, որ ՆԱՏՕ-ի գործող քարտուղարն առաջիկայում կավարտի իր առաքելությունը, ուստի սա նրա հրաժեշտի այցն էր ռեգիոն, որի նպատակներից էր նաև ռեգիոնի հակառուսականության մակարդակը ստուգելը վերջին տարիների իրադարձությունների ու փոփոխությունների ֆոնին։
Ըստ նրա, այս այցի ընթացքում սպասելի էին նրա հայտարարություններ Ռուսաստանի դեմ, սակայն հակառուսական հայտարարությունների ամենամեծ չափաբաժինը լսվեց Երևանից։
«Թերևս դա ևս պատահական չէ, քանի որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ ամենասերտ գործակցություն ունեցող երկիրն է, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամն է, թեև վերջին շրջանում շատ բան փոխվել է, փոխվում է, սակայն դեռ ոչ պաշտոնապես։
Ուստի ՌԴ նախագահին ուղղված քննադատություն հնչեց Հայաստանից, ինչպես նաև Վրաստանից, քանի որ հավաքական Արևմուտքը Վրաստանից գոհ չէ Ուկրաինայի պատերազմի հարցում աջակցության համար։ Իսկ Ադրբեջանի դեպքում կա էներգետիկ ոլորտում լուրջ համագործակցություն, այդ թվում՝ Թուրքիայի հետ, Թուրքիայի դերը ևս կարևոր է ՆԱՏՕ-ի համար, Ադրբեջանը նաև աշխարհաքաղաքական միտումներ է թելադրում, ուստի ՆԱՏՕ-ի քարտուղարի վերաբերմունքի տարբերությունը նկատելի էր»,- ասաց Խրամչիխինը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ից ակնկալում են, որ ՀՀ-ն կշարունակի և է՛լ ավելի լուրջ հակառուսական քայլեր կանի, սակայն այս այցը նաև արտացոլեց ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում օրակարգի և հեռանկարի բացակայությունը։
«Իհարկե, ինչ-որ ծրագրեր և խորություն կարող է լինել միայն այն հարցերում, որոնք իրականում չեն փոխում ռեգիոնի հավասարակշռությունը։ Սակայն մինչ այդ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ելքը պետք է ապահովված լինի»,- նկատեց նա։