«Ամենամոլի նիկոլականներն այսօր ասում են՝ «ձեռքս կոտրվեր, Նիկոլին չընտրեի». Եկեղեցին մեր վերջին հենարանն է, ուզում են չեզոքացնել». Շահե Աճեմյան
Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին չի հաջողվելու Առաքելական եկեղեցու դեմ սկսված գրոհը հասցնել ավարտին։ Համոզված է, որ այս ամենը մեկ բաժակ ջրում փոթորիկ է, որը շատ շուտով կմարի, քանի որ Առաքելական եկեղեցուն նույնիսկ օտար ասպատակիչները չեն կարողացել ծնկի բերել։
«Իշխանությունների սկսած այս գրոհը եկեղեցու դեմ պարզապես որևէ զարգացում չի ունենալու, ինչի՞ց խոսենք, եկեղեցական օրենքների՞ց, պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Բայց արի ու տես, որ իշխանությունը քիթը մտցրել է եկեղեցու ներքին գործերի մեջ ու խառնում է։ Այս ամենի նպատակը բոլորս էլ լավ գիտենք՝ ուզում են ժողովրդին պառակտեն, եկեղեցու դերը մեր ազգի կյանքում նվազեցնեն։ Եկեղեցին մեր վերջին հենարանն է, ուզում են չեզոքացնել։ Սրբազաններին են կալանավորում, այլ հոգևորականների վրա քրեական գործեր են «կարում», պարզ է՝ հրահանգներն Էրդողանից ու Ալիևից են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շահե Աճեմյանը։
Նրա խոսքով՝ արդեն 7 տարի է՝ Հայաստանը զավթված է թշնամիների կողմից, Նիկոլ Փաշինյանին թշնամին օգտագործում է որպես գործիք, ով կացնահարում է երկրի բոլոր սրբությունները։
«Մենք կանգուն ենք մնալու, որովհետև ինչպես մեր վերջին սյունը՝ Առաքելական եկեղեցին է կանգուն մնալու, այնպես էլ՝ մենք։
Ինչպե՞ս են պատրաստվում պատարագ մատուցել, երբ պատարագ մատուցողը կարգալույծ է, նրա կողմից պատարագի մատուցումն արդյո՞ք մեղք չի։ Հավատացեք, սա էլ կանցնի, նիկոլներն էլ կանցնեն կգնան, բայց մեր ազգն ու եկեղեցին հավերժ մնալու են»,- հավելեց նա։
Ազատամարտիկը վստահ է՝ պատմությունն իր գնահատականը տալու է Հայաստանը 7,5 տարի ղեկավարած այսօրվա իշխանությանը։
«Պատմությունն անպայման կասի, թե հայ ազգն ու Հայաստանն ինչ դավաճանական օրեր են անցկացրել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Մեր եկեղեցականներին այդքան անուն են «կպցնում», բացի Նիկոլից ու իր ֆեյքերից, այդ ամենին ո՞վ է հավատում։ Հայ ազգն իր կյանքի բոլոր կարևոր իրադարձությունները հենց եկեղեցում է անում՝ ստանալու հոգևորականի օրհնությունը։ Իսկ Նիկոլը հոգեվարքի մեջ է, զգում է՝ իշխանությունը ձեռքից գնում է։ Ամենամոլի նիկոլականներն այսօր ասում են՝ «ձեռքս կոտրվեր, Նիկոլին չընտրեի»։ Հիմա ինչ ուզում են՝ թող անեն, իրենց գորշ պահվածքով, ուժայիններին հրամայելով՝ ի՞նչ պետք է անեն, փողով բոլորին գնել են՝ ոստիկանությանը, ԱԱԾ-ին»,- շեշտեց Շահե Աճեմյանը։
Ըստ նրա, հայ ազգի հավատն ամուր է, հետևաբար՝ այդ հավատով նա առաջնորդվելու է ու կանգնելու է Առաքելական եկեղեցու կողքին։

