Ավինյանն ինձ հարցնում է` ի՞նչ կար այդ թանգարանում. դա ի՞նչ հարց է, ո՞նց պատասխանեմ. Գագիկ Թամանյան

20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, նոր ժամանակների ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմաթիվ արժեքավոր նմուշներ, մի քանի տարի է, որևէ թանգարանում չեն ցուցադրվում։ Պատճառների մասին զրուցել ենք ճարտարապետի թոռան՝ Գագիկ Թամանյանի հետ։

Որոշ ժամանակ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը գործում էր, հետո այն միացվեց «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ին։ Ի՞նչ տվեց այդ միավորումը։

Միավորումը քանդեց Թամանյանի թանգարանը, և հիմա Ալեքսանդր Թամանյանի թանգարան գոյություն չունի։ Արխիվները չափազանց կարևոր են, հարուստ նմուշներ կան, բայց ոչ մի տեղ չեն ցուցադրվում, իսկ դա ճիշտ չէ, որովհետև մենք՝ հայերս, ճարտարապետության նկատմամբ շատ հետաքրքիր և ճիշտ մոտեցում ենք ունեցել։ Մեր ուսանողները պետք է ուսումնասիրեն Ալեքսանդր Թամանյանի ժառանգությունը, որպեսզի իրենք էլ դառնան լիարժեք ճարտարապետներ։ Այդ հնարավորությունը, սակայն, նրանք հիմա չունեն։ Պետք է ուսումնասիրեն ոչ միայն Թամանյանի կենսագրությունը կամ գործունեությունը, այլև հասկանան, թե ինչ գաղափարներ է ունեցել։ Նա նաև քաղաքաշինարար էր։ Դա առանձին մասնագիտություն է, որին քչերն են տիրապետում։ Եթե քաղաքը ճիշտ չկառուցվի, մարդիկ չեն կարող երջանիկ լինել նման քաղաքում։

Նախքան միավորումը թանգարանը ծառայո՞ւմ էր իր նպատակին։

Կարդացեք նաև

Իհարկե ծառայում էր։ 15 տարի գործեց թանգարանը, որը գտնվում էր Կառավարության 3–րդ մասնաշենքի աջ մասում, որտեղ մինչև հիմա կիսանդրին դրված է, քարերին փորագրված է՝ Թամանյանի թանգարան, բայց դա չկա։ Փակվել է ու թե ե՞րբ պետք է բացվի, Աստված գիտի։ Գործել է 2001-2016թթ.։ Զրոյից սկսած՝ թանգարան ենք պահել։ Չէր կարելի փակել այն։ Թամանյանը պետք է Երևանում հասցե ունենա։ Չի կարող հիմնադիրը որևէ առնչություն չունենալ․․․ Ճարտարապետության թանգարանում Թամանյան չկա, գոյություն չունի։ Ասեմ, որ Թամանյանի կյանքը պղտորում էին ամեն օր, ամեն ժամ։ Ասում էին՝ դու բուրժուա ես, չգիտեմ ինչ ես, իրավունք չունես մեր քաղաքը կառուցել, և այլն։ Իսկ նա 13 տարվա ընթացքում ամբողջ քաղաքը կառուցեց։ Նա տվեց ամենակարևորը՝ գծեց Երևանի գլխավոր հատակագիծը, որն ուներ գաղափար։ Հենց մահացավ՝ այդ գաղափարից հետ կանգնեցին՝ գնալով ուրիշ ուղղությամբ։

Հիմա մենք տեսնում ենք, որ Թամանյանի գաղափարները լրիվ անհետացել են, մոռացվել։ Տեսնում ենք, թե ինչքան վատ քաղաք է դարձել Երևանը։ Եթե Թամանյանին լսեին, Երևանն այսպիսի քաղաք չպետք է լիներ։ Մեկ-մեկ ասում են՝ Կոնդի դեպքում սխալ է արել։ Պետք չէ դատել, թե ինչ է եղել 100 տարի առաջ։ Կոնդը 100 տարի առաջ նույնը չէր, ինչ հիմա է։ 1920-30-ական թթ․ Երևանը սոսկալի վիճակում էր։ Եվ եթե Թամանյանը կարողանար իր գաղափարը կյանքի կոչել, ապա մեր Երևանը կլիներ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը։ Մի փոքր կտոր է մնացել, որը դեռ չեն քանդել և թամանյանական ոճով է։ Երբ ֆրանսահայ նկարիչ Գառզուն եկավ Երևան, 5 ժամ կանգնեց ու միայն Կառավարության շենքի ֆասադներն ուսումնասիրեց։ Դա Թամանյանի գլուխգործոցն է։ Բայց Հանրապետության հրապարակն այդպես չպետք է լիներ։ Կառավարական տունը պետք է գերիշխող լիներ։ Իր մահվանից հետո, հաջորդ օրը, սկսեցին աղավաղումները, քաղաքի զարգացումն այլ ուղղություններով տանելը, ինչը հանգեցրեց աննորմալ վիճակի։ Տեսեք, թե ինչ է կատարվում տրանսպորտի հետ։ Բարձրահարկ շենքերը ոչ մի կապ չունեն ճիշտ կառուցված քաղաքի հետ։ Քաոսային կառուցումը ոչ մի լավ բանի չի բերում։

Ի դեպ, Թամանյանի մեծ տղան՝ Գևորգ Թամանյանը, հրաշալի գործ է արել քաղաքի համար։ Սուսիկ-փուսիկ ողջ կյանքն աշխատել է՝ մեզ թողնելով հրաշալի գլուխգործոցներ․ տներ, որտեղ շատ հարմար է ապրել։ Օրինակ՝ Մոսկովյան 31-ը, «Նաիրի» կինոթատրոնի շենքը և այլն։ Հիմա գնացեք, տեսեք՝ շենքերին գրվա՞ծ է, թե ով է կառուցել։ Չկա այդ բանը։ Իսկ սոսկալի բարձրահարկ շենքերի վրա գրված է, թե ով է կառուցել։ Մեր ուսանողները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ թամանյանական ժառանգության հետ։ 100 տարի պահել ենք մենք այդ ժառանգությունը։ Թողնենք անհետանա՞ն։ Սխալ կլինի։

2016թ, երբ միավորել են թանգարանները, դա բացատրել են նրանով, որ Թամանյանի թանգարանում ցուցադրություններ քիչ են կատարվում, արխիվային նյութերը գրքերի չեն վերածվում։ Սրա հետ համամի՞տ եք։

– Ոչ մի դեպքում։ Թանգարանը շատ ակտիվ աշխատում էր։ Ասեմ, որ շատ անհարմար շենք էր տրված, և ինչքան կարողացանք՝ աշխատեցինք։ Ես Ավստրալիայի Մելբուրն քաղաքում հիմնեցի երգչախումբ և համերգների հասույթն ուղարկում էի, որ հորեղբորս տղան թանգարանը պահելու հնարավորություն ունենա՝ դռներ առնի, տաքացնի այնտեղ, որովհետև 2001-2002թթ․ սոսկալի վիճակում էր։ Թամանյանի թանգարանը թանգարան-ինստիտուտ է, այնտեղ պետք է կատարվի նաև գիտական աշխատանք։ Բոլորը համաձայն են, որ թանգարան պետք է լինի, բայց ոչինչ չեն անում։ Ես շատերին եմ դիմել։ Հաջողվեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանդիպել։ Ինձ ընդունեց և ասաց․ «Ամեն ինչ կանեմ, և՛ տեղը կտամ, և՛ տունը կկառուցեմ, թանգարանը կսկսի իր գործունեությունը, բայց պետք է կառավարական որոշումը բերես»։ Ես կառավարական որոշում որտեղի՞ց բերեմ։ Իր գործն էր դա։ Մնացած բոլոր քաղաքապետերն ինձ չեն ընդունել։

– Դիմել եք նաև Հայկ Մարությանին, Տիգրան Ավինյանին․․․

– Այո, դիմել եմ, դեռ ոչինչ չի ստացվել։ Կրկին դիմում եմ գրել։ Գուցե պարոն Ավինյանն ինձ այս անգամ ընդունի, եթե կամենա։ Համոզված եմ, որ կարող է այդ հարցը լուծել։ Թամանյանի 145-ամյակին 2 րոպեով խոսել եմ իր հետ։ Ավինյանն ինձ հարցրեց՝ իսկ ի՞նչ կար այդ թանգարանում։ Մի քիչ զարմանալի հարց է։ Ես ո՞նց պատասխանեմ՝ ի՞նչ կար։ Ասացի՝ արխիվային նյութեր կան, իր գործերն էին ցուցադրված։ Նա, թե՝ «Պետք է գամ ձեր տուն, տեսնեմ այդ գործերը, նոր կսկսեմ թանգարան բացելը»։ Իրեն մեր տուն չենք կարող տանել, որովհետև նմուշներն արկղերի մեջ են։ Ամեն ինչ քարուքանդ է։ Սպասում ենք, որ թանգարան լինի, ու այդ ժամանակ արկղերից կհանենք, կդնենք՝ եկեք-նայեք։ Թանգարանը 15 տարի եղել է, այնպես չէ, որ զրոյից ենք սկսում։

Հորեղբորս թոռը 100 դոլար աշխատավարձով գիշեր-ցերեկ աշխատում էր այնտեղ։ Բոլորն ասում են՝ շենքերը հիմա թանկ են, և այլն։ Երևանում այնքա՜ն դատարկ շենքեր կան՝ չեք պատկերացնի։ Ամիրյան փողոցում է Հռիփսիմյանց գիմնազիայի շենքը, որը 20 տարի առաջ գնել է Անգլիայի մեծահարուստը՝ Վաչե Մանուկյան անունով։ Ուզում էր Երևանի թանգարան ստեղծել։ Չստացվեց՝ փակեց, գնաց։ Եթե չօգտագործվի՝ կփլվի, ուստի պետք է քաղաքապետարանը վերցնի և հատկացնի Ճարտարապետության թանգարանին և Ալեքսանդր Թամանյանի թանգարանին։ Ճարտարապետության թանգարանում սոսկալի վիճակ է, տեղ չունեն՝ խեղդվում են։

Թանգարանների միավորումից հետո սխալ չէ՞ր արխիվը վերցնելը։

– Սխալը ո՞րն է։ Բացման ժամանակ առաջին պահանջն այն էր, որ Թամանյանի թանգարանը լիներ առանձին՝ ինչպես Արամ Խաչատրյանինը, Մարտիրոս Սարյանինը, Ավետիք Իսահակյանինը։ Այն թվերին դա հասկացել էին։ Ջիմ Թորոսյանն էր գնացել, դիմել Կառավարությանը՝ ասելով, որ թանգարանը պետք է լինի։ 70 տարի սպասեցինք, եղավ։ Եթե միացնում են, դա նշանակում է, որ թանգարանը չի կարող նույն արժեքն ունենալ, ինչ առանձին։ Մարտիրոս Սարյանի թանգարանն ինչո՞ւ չեն միացնում Պատկերասրահին։ Ամենահեշտ բանն է, չէ՞։ Բայց այդպես չի կարելի անել, որովհետև անհեթեթություն է։

2016թ․, երբ փակվեց թանգարանը, գնացի այդ որոշումը պատրաստած, Կառավարություն տարած մարդու՝ Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանի մոտ, ու նա ինձ ասաց․ «Մեծ սխալ գործեցի, որ այդպիսի քայլ արեցի։ Փոշմանում եմ, խոսք եմ տալիս, ու կուղղեմ այդ քայլը։ Ես կառուցեցի Շառլ Ազնավուրի թանգարանը՝ Կասկադի վերևի մասում․․․»։ Կտրելով նրա խոսքը՝ ասացի, թե ինչ կլինի, որ աջ կողմում Թամանյանի թանգարանը կառուցեն։ Պատասխանեց, որ ճիշտ գաղափար է, բայց այդ հողերը Գաֆեսճյան հիմնադրամին են պատկանում։ Երկու տարի առաջ այդ հողերը քաղաքին են վերադարձվել, արդեն այդ խոչընդոտը չկա։ Եթե լինի թանգարանը՝ Կասկադը կգեղեցկանա, սիմետրիկ կլինի։ Այս երկու առաջարկով եմ դիմում Քաղաքապետարանին և քաղաքապետին։ Ոչ մեկը չգիտի, թե ինչքան մեծ է Թամանյանը։ Նա մեր Լեոնարդո Դա Վինչին է։ Նա միայն ճարտարապետ, քաղաքաշինարար չէր։ Նա նաև պետական գործիչ էր։ 13 տարի ՀՀ-ում ապրելով՝ մեծ հետք է թողել, և այդ հետքը չպետք է կորի։ Նրա ժառանգությունը լավ ուսումնասիրված չէ։ Հայ և այլազգի ճարտարապետները պետք է հնարավորություն ունենան ուսումնասիրել Ալեքսանդր Թամանյանի գործունեությունը։

ՌԴ-ում մեծ համբավ ունեցող ճարտարապետ էր՝ մինչև ՀՀ գալը, և նրա արխիվում մենք գտանք իր նախագծերից մեկը։ Դա Յարոսլավլի ցուցահանդեսն է (1913թ․ Ռոմանովների տոհմի գահակալության 300-ամյակի հոբելյանական տոնակատարության կապակցությամբ Ալեքսանդր Թամանյանը ռեկորդային 2,5 ամսում կառուցել է հեքիաթային փայտե գեղեցիկ տաղավարային համալիր Յարոսլավլ քաղաքում գյուղատնտեսական Ցուցահանդեսի համար։- Ա.Կ․), որը կառուցվել է Ռոմանովների 300-ամյակի առիթով։

2 ամսում հրաշալի մի բան է կառուցված, ոնց որ փոքրիկ քաղաք լինի։ Այստեղ իմ բարեկամը և մեկ այլ ճարտարապետ՝ Լիլիթ Տեր-Հակոբյանը, նստեցին և այդ գծագրերով այդ ցուցադրության մակետը ստեղծեցին։ Լիլիթը գողացավ այդ մակետը, հիմա չկա։ Դիմեցինք դատարան, դատը շահեցինք, բայց չվերադարձրեց։ Գողություն կատարվեց ու մնաց անպատիժ՝ թանգարանին մեծ վնաս հասցնելով։

Ճի՞շտ է, որ Մոսկվայից առաջարկել են Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարան բացել այնտեղ ու արխիվը տեղափոխել։

– Այո։ Բոլորը գիտեն, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը 1937թ․ ոսկե մեդալ է շահել Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ Մակետը մինչև հիմա Մոսկվայում է, Ճարտարապետների թանգարանում։

Բայց մենք չենք ուզում, որ Մոսկվայում թանգարան բացվի, որովհետև հիմնական գործունեությունը Թամանյանը Հայաստանում է ծավալել։ Շատ քիչ ճարտարապետներ են աշխարհում արժանացել Օպերայի կամ Կառավարության շենք կառուցելու պատվին։ Թամանյանն արժանացել է։ Բացի Երևանի գլխավոր հատակագիծը, նրա այս երկու գլուխգործոցները դարձել են Երևանի այցեքարտը։

Օպերայի շենքը մեծ դժվարությամբ է նաև կառուցել։

– Շատ մեծ։ Փողը միշտ չի հերիքել, դրա համար ուզում էր, որ երկու դահլիճներն իրար միանան, շարժվող բեմ լինի։ 50 անգամ ավելի լավ օպերային թատրոն կարող էինք ունենալ։

Ալեքսանդր Թամանյանը հրաժարվել է նաև բնակարանից՝ ասելով, որ գումարը տան, որ Օպերայի շենքը կառուցի։

– Այո, ճիշտ եք։ Թամանյանը Երևանում տուն չուներ։ Երկու փոքր սենյակում 7 հոգով էին ապրում։ Երեք քույրն ու իր ընտանիքը մեկ հարկի տակ են ապրել։ Երբ կառավարությունը որոշում է ընդունել Մարտիրոս Սարյանի, Թամանյանի և, կարծեմ, Իսահակյանի համար կառուցել առանձնատներ, Թամանյանն ասել է՝ դուք փող չունեք, որ իմ թատրոնը կառուցեք, ինչի՞ս է պետք առանձնատունը։ Հրաժարվում է՝ ասելով, որ փողերը տան, որպեսզի Օպերան շարունակեն կառուցել։ Ասեմ նաև, որ Թամանյանը շատ քիչ է վարձատրվել։ Չինովնիկները միշտ թղթեր են գրել, որ՝ կառավարությունը ձեզ պարտք է այսքան ռուբլի։ Թամանյանը մահացավ, վերջացավ։ Ոչ մի պարգևատրում չի ստացել։ Համարյա անվճար է կառուցել այդ ամենը։ Դա էլ թող նկատի ունենան, որ մտածում են՝ կարելի՞ է փող ծախսել, թանգարանը նորից բացել։

Թամանյանը մեծ հայրենասեր էր և նույնիսկ, երբ դեռ Հայաստան չէր եկել, բացել է հայկական ճարտարապետության մասին գիրքը՝ ասելով, որ անպայման գնալու է Հայաստան և կառուցելու է այնտեղ։ Հայրենասիրությունը ժառանգել են նաև նրա հետնորդները։ Ովքե՞ր շարունակեցին նրա գիծը, և ի՞նչ նմանություններ ունեք։ Գիտեմ, որ նա սիրել է տաք թեյ խմել, երգել է արիաներ, տիրապետել է երաժշտական գործիքների։

Տարբեր մարդիկ տարբեր ձևով են ժառանգել։ Գևորգ Թամանյանը, օրինակ, փայլուն ճարտարապետ եղավ, հայրս՝ նույնպես։ Նա ամբողջ կյանքում վերակառուցում էր եկեղեցիները։ Ես մաթեմատիկոս եմ, երաժիշտ, 12 տարի աշխատել եմ Չեքիջյանի խմբում։

Այնպես որ, երգիչն էլ ես եմ։

Թամանյանը լավ պարել է, սիրել է սիմֆոնիկ երաժշտություն՝ ասելով, որ եթե ճարտարապետ չդառնար, դիրիժոր կդառնար։ Գայանեն՝ թոռը, նույնպես ճարտարապետ էր, ծոռը՝ Հայկը, նույնպես։

Տեսանյութեր

Լրահոս