Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցով փորձեց լուծել 3 խնդիր. Սուրեն Սուրենյանց
«…Կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է». երեկ հենց այս տեսլականով էր Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցի ընթացքում փարատում կիրանցեցիների՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները։
Իսկ հերթական հարցազրույցի հերթապահ հայտարարություններից մեկ օր անց Կիրանցում ՆԳՆ-ն անցավ հատուկ գործողությունների. առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները բերման էին ենթարկել մոտ 30 անձի, այդ թվում՝ նաև անչափահասների, և, ինչպես նշում են բնակիչները, այդ գործողությունն ուղեկցվել է բռնության տեսարաններով։ Ավելի ուշ արդեն Կիրանցը շրջափակվեց ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից, այդ թվում՝ գույնզգույն բերետավորների մասնակցությամբ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին՝ նկատեց. «Մի շարք անհեթեթություններ է ասել Փաշինյանը երեկ, որոնք քաղաքագիտական ուսումնասիրությունից դուրս են՝ ինչպես, օրինակ, ծառերով պաշտպանական գոտի սարքելը, կամ՝ «իրականում 4 գյուղ ստացել ենք, ոչ թե հանձնել ենք» վստահեցումը»։
Այս ամենից զատ՝ քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ալմա Աթայի ֆետիշացման արարին գրեթե զուգահեռ՝ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում, ըստ էության, ակամայից բացահայտել է Նիկոլ Փաշինյանի բոլոր ստերն այդ թեմայի առնչությամբ։
«Արարատ Միրզոյանն ասել է, որ ադրբեջանական վերջին առաջարկներում Բաքուն դժկամությամբ է ընդունում Ալմա Աթայի հռչակագրի հղումը «խաղաղության պայմանագրում»։
Այսինքն, նա ըստ էության ասել է, որ Բաքուն հրաժարվում է «խաղաղության պայմանագրում» ներառել Ալմա Աթայի հռչակագրի մասին հղում։ Սա նշանակում է, որ Փաշինյանի բոլոր հղումներն այդ հռչակագրին դատարկ զրույցներ են, որովհետև ստորագրվելիք Խաղաղության պայմանագիրն ավելի բարձր իրավաբանական արժեք ունեցող փաստաթուղթ է և ավելի շուտ է ստորագրվելու, ըստ ամենայնի, քան դելիմիտացիան և դեմարկացիան կշարունակվեն մյուս հատվածներում, ինչն էլ նշանակում է, որ Ալմա Աթայի հռչակագիրը, որը որպես վահան՝ օգտագործվում է Փաշինյանի կողմից, մեղմ ասած, կեղծ կատեգորիա է»։
Եվ, ըստ քաղաքագետի, եթե նույնիսկ այս հանգամանքն էլ չլիներ, պետք է արձանագրել, որ այդ հռչակագիրը քարտեզ չէ. ընդամենը քաղաքական դեկլարացիա է՝ առանց որևէ իրավական հիմքի, և, որ հետսովետական տարածքում որևէ երկու երկիր չեք գտնի, որ սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա են արել Ալմա Աթայի հռչակագրի հիմքով։
Ամփոփելով՝ Սուրեն Սուրենյանցը համոզում հայտնեց, որ երեկվա հարցազրույցով Նիկոլ Փաշինյանը 3 խնդիր է փորձել լուծել։
«Առաջինը՝ հանգստացնել արևմտյան իր հովանավորներին, որ չնայած ներքաղաքական լարվածությանը՝ ես մինչև վերջ գնալու եմ մեր պլանի իրագործմանը (պատահական չէ, որ այդ հարցազրույցը հաջորդել է Բլինքենի հեռախոսազրույցին՝ մեկ-երկու օրվա տարբերությամբ. ըստ ամենայնի, ԱՄՆ-ում մտահոգություն են ունեցել, որ Փաշինյանը կարող է նահանջել, ու նա այդ հարցազրույցով փորձում էր հավաստիացնել իր տերերին, որ պլանից չի նահանջելու)։
Երկրորդը՝ նա խնդիր ուներ քաջալերելու իր թիմին. տեսաք, թե այսօր ինչ լկտի ելույթներ էին ունենում ՔՊ պատգամավորները խորհրդարանում։
Եվ երրորդը՝ նա մեսիջ տվեց այն գործողությունների համար, որն այսօր արդեն լուսաբացին տեսանք Կիրանցում»։
Սուրենյանցը համոզված է՝ զիջումների այս ընթացքը կասեցնելու համար լուծումները մայրաքաղաքում են։
«Տավուշի հատվածների մասով, ըստ իս, գործընթացը ցավալիորեն հասել է անշրջելիության կետի, որովհետև մենք տեսնում ենք՝ չնայած արժանապատիվ դիմադրությանը՝ այդ աշխատանքները համարյա ավարտեցին։ Վերջին կետը Կիրանցն է, որտեղ ակնհայտորեն ներխուժել են, «Կոլցո» օպերացիա են անում։
Բայց Տավուշի դիմադրությունը պետք է կապիտալիզացնենք Երևանում, վերածենք քաղաքական գործընթացի՝ կանխելու համար գոնե մյուս սահմանահատվածներում այդ ավերիչ ընթացքը։
Այսինքն, քաղաքական լուծման բանալին Երևանում է, և այդ լուծման բոլոր տարբերակները Փաշինյանի հեռացման մասին են։ Հակառակ դեպքում՝ մենք ունենալու ենք Հայաստան, որը չի ունենալու սուբյեկտայնություն՝ վերածվելով ադրբեջանաթուրքական ենթապետության»։