Բաժիններ՝

Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN

Արդեն մի քանի շաբաթ է՝ Նիգեր ժամանած ռուսաստանցի զինվորականները գտնվում են ամերիկյան 101-րդ ավիաբազայում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրների։

Աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ռազմակայանում օգտագործում են առանձին հանգար և ամերիկացիների հետ նույն վայրում չեն գործում։ Բայց ըստ աղբյուրներից մեկի՝ ռազմակայանի տարածքն «այնքան էլ մեծ չէ»:

Աֆրիկայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար Մայքլ Լանգլին և պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը մարտին այցելել են Նիգեր և մտահոգություն հայտնել երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացման առնչությամբ: Ըստ CNN-ի՝ նրանք նաև հարցեր են բարձրացրել 101-րդ ավիաբազայի ապագայի և այն մասին, թե արդյոք այն կփոխանցվի Ռուսաստանի զինված ուժերի օգտագործմանը։

«Պաշտոնատար անձանց խոսքով՝ հանդիպումը լարված էր, և դրանից ընդամենը մի քանի օր անց Նիգերը հայտարարեց, որ դադարեցնում է համաձայնագրի գործողությունը, որը թույլ էր տալիս ԱՄՆ-ի զինծառայողներին և քաղաքացիական անձնակազմին երկրում աշխատել 2014 թվականից», – ասվում է հրապարակման մեջ:

Պենտագոնը հաստատել է CNN-ին, որ ներկայում Նիգերի պաշտոնատար անձանց հետ աշխատում է զորքերի կանոնակարգված դուրսբերման ուղղությամբ:

Նիգերի ռազմական խունտան, որը 2023 թ․ հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում գրավել է իշխանությունը, հայտնել է, որ ցանկանում է ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրից։ CNN-ը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություններ ունեն, որ Նիգերը, որը կարևոր հենակետ է ծառայել ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների համար, շրջվում է դեպի Ռուսաստանի կողմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս