Օջախային ակցիաների հանգուցալուծումը պետք է լինի Երևանում, թատերաբեմը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն այսօր միացել էր Տավուշում՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիներին։

168.am-ի հետ զրույցում Դավիթ Անանյանը դժվարացավ ասել, թե բողոքի այս ակցիաները կդառնա՞ն համապետական, թե՞ ոչ, սակայն նման ցանկություն ունեն։

«Սա միայն Տավուշի, Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի խնդիրը չէ, սա համահայկան և բոլորիս խնդիրն է։ Ես այսօր ուրախ եմ, որ ամբողջ Հայաստանում այսպես ստեպ-ստեպ, օջախային ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունենում։ Բոլորս հասկանում ենք, որ այս ակցիաներին միավորող թատերաբեմը Երևանն է, և Երևանում շատ արագ պետք է կապիտալիզացիայի ենթարկվի այս համընդհանուր օջախային շարժումները»,- նշեց Դավիթ Անանյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իրենց նպատակն է, որ սահմանազատումն իրականացվի առնվազն հայ ժողովրդի, պետության ու պետությունը ներկայացնող իշխանավորության ճիշտ կեցվածքով։

Կարդացեք նաև

«Այսօր մեկնարկած սահմանազատումն ու սահմանագծումն իրենից ներկայացնում է հայրենիքը մաս-մաս հանձնելու մի գործընթաց, որին բոլորս դեմ ենք։ Այս օջախային ակցիաներն իրենց հանգուցալուծումը պետք է ունենան քաղաքամայր Երևանում՝ կարճ ձևակերպեմ, թատերաբեմը փողոցն է, թիրախը՝ Ազգային ժողովը, պետք է անհապաղ սկսել իշխանափոխության գործընթաց՝ օրենքին համապատասխան»,- շեշտեց Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով իշխանությունների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի՝ Ադրբեջանից գազ գնելու վերաբերյալ հայտարություններին, Դավիթ Անանյանն ասաց, որ այդ ամենը տեսանելի ապագայում հնարավոր չէ։

«Ադրբեջանից գազ գնելու համար պետք է տարրական համապատասխան ենթակառուցվածքներ ունենալ, որը գոյություն չունի։

Անվտանգային տեսանկյունից, եթե դու փաստացի քո թշնամուց էներգետիկ կախվածության մեջ ես գցում ամբողջ տնտեսությունը, ապա քաղաքական առումով քո երկիրը դարձնում ես վասալային երկիր»,- շեշտեց Դ. Անանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս