Փաշինյանը զինված ուժերից պահանջում է խախտել օրենքը, Ալիևին տալիս լեգիտիմ իրավունք մեղադրանքներ առաջադրելու. Փաշինյանի վտանգավոր թեզերը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում բանակին ու անվտանգային հարցերին առնչվող բազմաթիվ անտրամաբանական ու անհեթեթ մտքեր ու ձևակերպումներ է թույլ տվել, կար նաև վտանգավոր բառակույտ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու շարադրանքը մեկնաբանելը վաղուց դարձել է անշնորհակալ գործ, ամեն դեպքում, որոշ մտքեր կետ առ կետ կառանձնացնենք, որոնք, թերևս, առաջին անգամ էին հնչում:

Առաջին, Փաշինյանն ասում է, որ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Այլ կերպ, ըստ փաշինյանական տրամաբանության, այսուհետ բանակը պիտի իր առջև լեգիտիմ խնդիրներ դնի, այսինքն՝ մինչ այս ոչ լեգիտիմ խնդիրներ է լուծել:

«Տեսեք, նախ մենք ընդգծում ենք, և յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ: Բայց այս հարցը հետագա քննարկման անհրաժեշտություն և կարիք ունի, որովհետև եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ:

Կարդացեք նաև

Հիմա ավելի պարզ բացատրելու համար՝ ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և մեր երկրի տարածքը պաշտպանելու նպատակով: Իսկ այդտեղից հարց է ծագում՝ ո՞րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես ես անդրադարձել եմ՝ հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է: Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անում: Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի: Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»,- շարունակել է նա:

Նախ նկատենք, որ Փաշինյանն այստեղ չի նշում Հայաստանի՝ 28.900 քկմ տարածքային ամբողջականության մասին, երբ մի ժամանակ իրեն հռչակել էր հենց այդքան տարածք ունեցող Հայաստանի վարչապետը, իսկ ԳՇ ղեկավարությանն էլ դեռ 2022 թվականին հրաման էր տվել պահել իր խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը:

Սա մի քանի բան կարող է նշանակել: Առաջին, քանի որ Ալիևը չի ճանաչում ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը, Փաշինյանն ինքն էլ է որոշել հրաժարվել դրանից, այնպես, ինչպես ժամանակին «թավշյա հեղափոխականներն» իրենց նպատակներն ու երազանքները 42.000 քկմ տարածքից տեղափոխեցին 29.800 քկմ տարածք:

Երկրորդ, Փաշինյանը որոշել է վերջապես ընդունել, որ այդ 29.800 քկմ-ն վաղուց խախտվել է, քանի որ Ալիևն էլ չի պատրաստվում իր զորքը հանել 2021-2022 թվականներին ապօրինաբար օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքից: Այսինքն, Փաշինյանը համակերպվել է այս մտքի հետ, հատկապես, երբ վաղուց արդեն պաշտոնական մակարդակում պահանջ չի դրվում, որ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա 2021-2022 թվականներին վերահսկողության տակ վերցրած տարածքներից, կամ վերադառնա իր նախնական դիրքեր: Եթե խոսվում է այդ մասին, ապա միայն զորքի հայելային հետքաշման առաջարկի տրամաբանության մեջ:

Հիմա ի՞նչ է ստացվում՝ եթե այսօր ՀՀ զինված ուժերը որոշի ուժով հեռացնել Ադրբեջանի զորքը ՀՀ ինքնիշխան տարածքից՝ կատարելով իր սահմանադրական պարտականությունը, դա կհամարվի ոչ լեգիտիմ խնդի՞ր, իսկ լեգիտիմ խնդրի շրջանակում պահվելիք տարածքի չափն անընդհատ կարող է փոխվել:

168.amգրել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել, այսինքն՝ տեղի է ունեցել «ուղիղ պետական դավաճանություն», ինչպես մի առիթով չկրակելու հրամանը որակել էր ինքը՝ Փաշինյանը: Եվ ոչինչ, որ Գեղարքունիքի ուղղությամբ 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների գործով գեներալ կա կալանավորված՝ Արայիկ Հարությունյան, և ոչ միայն:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թվականի հունվարին, Նիկոլ Փաշինյանը բանակին ուղղված իր ուղերձում հետևյալ միտքն էր արտահայտել. «Մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է»:

Այսինքն, այն դիրքը, որի վրա կանգնած է զինվորը, Փաշինյանը երբեք չի համարել հայրենիք, իսկ զինվորի թիկունքում եղող հայրենիքի մասշտաբն էլ պատրաստ է եղել փոքրացնելու, ուստիև այդքան հեշտությամբ խախտեց 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ պայմանագրի պահանջը և Սյունիքից զորքի հետքաշման միակողմանի հրաման տվեց:

Երկրորդ, Փաշինյանը խոսում է միջազգայնորեն ճանաչված կամ լեգիտիմ տարածքի լեգիտիմ պաշտպանությունից, այսինքն՝ բանակի լեգիտիմ խնդիրների լուծումից: Նախ՝ թուրք-ադրբեջանական տանդեմից բացի, ՀՀ-ի առջև երբեք որևէ մի պետություն նման խնդիր չի դրել, եթե ընդունենք, որ դրել է, ապա բանակի գործողությունների լեգիտիմ խնդիրներն ինքը՝ Փաշինյանն է միջազգային միջավայրում ընկալելի դարձրել՝ որպես ոչ լեգիտիմ: Որևէ մեկն Ադրբեջանից պահանջո՞ւմ է, որ չզինվի, բանակը չհզորացնի, չվերածի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակի փոքր տարբերակի: Ոչ իհարկե:

Այսինքն, այս մասով Փաշինյանի ասածը մանիպուլյացիա է: Սա մաքուր թուրք-ադրբեջանական պահանջ է:

Դեռ 2021 թվականին Ալիևը հայտարարել էր. «Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Բացի այս, ի գիտություն, բանակում չծառայած և ռազմական գործից ոչինչ չհասկացող  Նիկոլ Փաշինյանի՝  երկրի տարածքի պաշտպանությունը ենթադրում է նաև կանխարգելիչ գործողություններ, սահմանդ հատած հակառակորդի դուրս շպրտում:

Այն, ինչ պիտի արվեր և չի արվել 2021-2022 թվականներին: Այստեղ ուրիշի տարածքը գրավելու մասին խոսք չկա, բայց Փաշինյանը թույլ չի տվել, որ բանակն անգամ պատշաճ պաշտպանություն իրականացնի: Այսինքն, «պատմական արդարության հարց» լուծելու թեզը տրամաբանությունից դուրս է, խոսքը Զինված ուժերի՝ սահմանադրական պարտավորության (ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը) և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ԶՈՒ խնդիրների մասին է, մասնավորապես, դրանք են՝

– Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, ռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ:

Ստացվում է՝ երկրի ղեկավարը և իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձը ՀՀ զինված ուժերին պարտադրել և պարտադրում է խախտել օրենքի պահանջը:

Երրորդ, Փաշինյանի՝ բանակի խնդիրները լեգիտիմի և ոչ լեգիտիմի բաժանելը, ըստ էության, իր մեջ այլ վտանգներ է պարունակում և Ալիևին լեգիտիմ հիմք տալիս, օրինակ, ինչ-որ պահի մեղադրանքներ առաջադրել հայկական բանակի զինվորականների ու նախկին ղեկավարության դեմ: Ավելին, ըստ էության, Փաշինյանն արդարացնում է Բաքվում պահվող հայ գեներալներին առաջադրված ադրբեջանական մեղադրանքները, որոնց համաձայն՝ նրանք, այսպես ասած, ոչ լեգիտիմ ռազմական խնդիրներ են լուծել: Այս հայտարարությամբ, Փաշինյանը, թերևս, անուղղակի մեղադրում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ոչ լեգիտիմ խնդիրներ առաջադրելու համար, և ոչինչ, որ դա հենց իր «դաբրոյով» է եղել:

Մի առիթով 168.amգրել էր, որ Դավիթ Տոնոյանը  Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհը դարձավ այս հարցում:

Հիշեցնենք, որ 2019-ի մարտի 30-ին «Ամերիկայի ձայնը» հրապարակում է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության տեսագրությունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով»,- հայտարարել էր Տոնոյանը և պնդել, թե ոչինչ չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- եզրափակել էր նա:

Իսկ 2019-ի մարտի վերջին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարի վերը նշված հայտարարությանն արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը, որը դեմ է տարածքային նվաճումներին և պատերազմի առաջինը օրը պարտությանը համակերպվելու մասին էր խոսում, արձագանքել էր.

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»:

Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն արձագանքել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանն ինքն իր դեմ ցուցմո՞ւնք է տալիս, որից Ալիևը մի օր կամ կօգտվի, կամ չի օգտվի: Դեռ մի կողմ ենք թողնում փաստը, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանը 71 հոգու մեդալ էր տվել, Ազգային հերոսի կոչում շնորհել, իսկ այդ ժամանակ ոչ պաշտոնական խողովակներով հայտնի դարձավ հայկական կողմի նոր, ավելի բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, որոնք Տավուշի ուղղությամբ ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում կորցնելու ենք: Ինչո՞ւ էր դա անում Փաշինյանը, երբ արդեն այն կարծիքին էր, որ հայրենիքը զինվորի թիկունքում եղած տարածքն է: Այս հարցին այլ առիթով անդրադարձել ենք, և, որ այստեղ սադրանքի պահ կար:

Իսկ երրորդ կետի տրամաբանության մեջ շարքը կարելի է շարունակել՝ հիշելով 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանի կոչերը, մարտակոչերը, որդու և կնոջ մարտական գործուղումները: Բայց կսահմանափակվենք վերը նշված փաստերով:

Չորրորդ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում խոստովանել է, որ բանակում բարեփոխումներ են անում, սպառազինություն գնում՝ առանց ՀՀ ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի:

«2022թ. հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թ.-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ, և մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Մենք պետք է հասկանանք՝ ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք՝ այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ»,- հայտարարել է Փաշինյանը:

Հավելենք, որ վերջերս 168.am-ը մանրամասն վերլուծություն էր ներկայացրել, որ Փաշինյանը չի կատարում օրենքի պահանջը. Պաշտպանական ռազմական վերանայում չի իրականացվել և իրականացվում: Մինչդեռ այս գործընթացն է պատասխանում այն հարցերին, թե տեսանելի հեռանկարում Հայաստանի ռազմական անվտանգությունը երաշխավորելու համար ինչպիսին պետք է լինեն զինված ուժերի պլանավորման և կառավարման համակարգը, կազմն ու կառուցվածքը՝ ստորաբաժանումները, դրանց տեղակայումը, կարողությունները՝ ուժերն ու միջոցները, կիրառման ռազմավարությունը՝ պատերազմի վարման ձևերն ու եղանակները, ռազմակրթական և ուսումնավարժական համակարգը, և ամենակարևորը՝ պահանջվող ռեսուրսները՝ մարդկային, նյութատեխնիկական և այլն: Այսինքն, ՊՆ-ն բանակում ծրագրեր ու բարեփոխումներ է անում ինտուիտիվ՝ առանց սառը հաշվարկների, եթե վեր կանգնենք դավադրության տեսությունից:

Մյուս կողմից, Փաշինյանի հարցազրույցից պարզվեց, որ համապարփակ պաշտպանության և անվտանգության մասին հայեցակարգ է մշակվել ու արդեն քննարկվել Անվտանգության խորհրդում:

«Ոչ միայն ես, այլ նաև Անվտանգության խորհրդում է դա քննարկվել, և Անվտանգության խորհրդում դա հաստատվել է: Դա ինչի՞ մասին է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություն անհրաժեշտության դեպքում պետք է իմանա իր անելիքը, թե ինչ պետք է ինքն անի երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: Ինքը շատ հետաքրքիր կոնցեպտ է, և մի շարք երկրներում դա կիրառվում է»:

Մի առիթով գրել ենք, որ ՊՆ ծրագրերը Ժիրայր Լիպարիտյանի՝ «Սպիտակ թղթի» առաջարկների տրամաբանության մեջ են նաև: Իսկ այսօրվա դրությամբ ունենք անհասկանալի «կերպարով» բանակ՝ այն ո՛չ ազգ-բանակի տրամաբանության մեջ է, ո՛չ էլ դասական պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին:

Ավելին, այստեղ վտանգավոր է ինչ-որ առումով մասնավոր կազմակերպությունների ներգրավման փաստը, հատկապես, եթե հաշվի առնենք որոշ հասարակական կազմակերպությունների հավակնությունները, ավելին՝ իշխանամերձ փորձագետներից մեկի նախորդ տարի արած առաջարկը՝ «կարճաժամկետ մեր անվտանգությունը վստահել ամերիկյան մասնավոր ընկերությանը, ընդ որում՝ այդ ընկերության վարձկաններին պետք է տեղակայել Մեղրիում և Իջևանում»:

Այսինքն, Փաշինյանի՝ բանակի խնդիրները լեգիտիմի և ոչ լեգիտիմի դասակարգելը դուռ է բացելու նաև թուրք-ադրբեջանական տանդեմի և արտաքին աշխարհի միջամտությամբ զինված ուժերի պարտավորությունների սահմանման հարցում: Եվ Փաշինյանի որոշած բանակի ոչ լեգիտիմ և լեգիտիմ խնդիրները, ըստ նրա, տեղ են գտնելու Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ:

Եվ Փաշինյանի՝ անվտանգության և բանակի գործունեության մասին անտրամաբանական ու վտանգավոր գաղափարների տակ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ստորագրությունը դրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչի համար և հրավիրվել էր՝ չնայած որոշակի զգուշավորության պահպանմանը:

Պապիկյանն ասել է, որ Հայաստանը ոչ մի երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, որ Հայաստանի զինված ուժերի նպատակն ու առաքելությունն է՝ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Սա այն հայեցակարգն է, որն ընկած է մեր բանակի հիմքում»,- ընդգծել է նա:

Ի գիտություն պաշտպանության նախարարի՝ պետք է ասել, որ Հայաստանը երբեք այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել, իսկ առնվազն 44-օրյա պատերազմից հետո բանակը զրկված է եղել իր լեգիտիմ խնդիրները լուծելու պարտականությունից, իսկ, այսպես ասած, ոչ լեգիտիմ խնդիրների ուղղությամբ չի էլ մտածել:

Տեսանյութեր

Լրահոս