Փաշինյանը չի կատարում օրենքի պահանջը. ԶՈՒ-ն զրկված է ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու հնարավորությունից. ՊՌՎ գործընթացի հետքերով

Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմն ամեն առիթի խոսում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունների ու դրանց հետ հաշվի նստելու մասին: Իսկ տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում, և ամեն օր ինչ-որ տեղում թեժ օջախ է բացվում, ինչը չի կարող Հարավային Կովկասի վրա ազդեցություն չունենալ: Արդյո՞ք պատրաստվում է սրան Հայաստանը գործնականում, և որքանո՞վ է այն համահունչ առկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների տրամաբանությանը:

2023 թվականի նոյեմբերի 8-ին հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական թիմի միջոցով հարցազրույց էր տվել 168.am-ին, որի ժամանակ, մասնավորապես, ասել էր.

«Տեղյակ չեմ Պաշտպանական ռազմավարական վերանայման (ՊՌՎ) անցկացման վերաբերյալ, որը պահանջված է նաև օրենսդրությամբ, և որը կապահովի ԶՈՒ զարգացման քաղաքական «առաջադրանքի» ձևակերպումը: Այդ վերանայումն այսօր անհրաժեշտ է և անհապաղ պետք է իրականացվի: Դա փակ գործընթաց է, բայց, այնուամենայնիվ, պահանջում է որոշակի հանրային իրազեկում»:

168.am-ը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ կա՞ ՊՌ վերանայման գործընթաց, եթե այո, ե՞րբ է սկսվել, ի՞նչ փուլում է, իսկ եթե չկա, ապա՝ ինչո՞ւ:

Կարդացեք նաև

Հունվարի 18-ին պաշտպանական գերատեսչության մեզ ուղարկած պատասխան գրության մեջ նշվում է.

«Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց այս պահին չի իրականացվում: Հաշվի առնելով վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային իրավիճակի դինամիկ փոփոխությունները՝ պաշտպանության պլանավորման աշխատանքներն իրականացվում են այլ գործիքակազմով»:

Հաշվի առնելով, որ ՀՀ ԱԽ գործառույթն է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանումը, այդ թվում՝ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման իրականացումը, 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել Արմեն Գրիգորյանի ղեկավարած կառույցին՝ պարզելու, թե այս պահին ՊՌՎ գործընթաց կա՞, եթե այո, ե՞րբ է սկսվել, ի՞նչ փուլում է այն, եթե ոչ՝ ինչո՞ւ:

Պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք, թեպետ ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանը ենթադրելի է դարձնում նաև Անվտանգության խորհրդի արձագանքը:

ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/: Տվյալ գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման, հետևաբար, պաշտպանական բարեփոխումների համար: Պաշտպանության ռազմավարական վերանայումն իրականացվում է անվտանգության միջավայրի վերլուծության և սպառնալիքների երկարաժամկետ գնահատման միջոցով:

Այն հնարավորություն է տալիս հնարավորինս ճշգրիտ, հիմնավորված և նպատակաուղղված իրականացնել սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը և ֆինանսավորումը, ինչպես նաև՝ զգալիորեն բարձրացնում է պետության պաշտպանունակությունը, ապահովում է անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար և նվազեցնում է անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը:

Նշենք, որ Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով, իսկ այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սկսած 2008թ.-ից: Մասնավորապես, 2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, նշվել էին ՊՌՎ իրականացման փուլերը:

Այնուհետև 2009 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ նախագահի որոշմամբ փոփոխություն էր մտցվել https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=53136 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» կարգադրության մեջ:

Նմանօրինակ մի կարգադրություն էլ եղել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին:

Իսկ 2013 թվականի հուլիսին Tert.am-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն ու դրա շրջափուլերին:

«Պաշտպանության ռազմավարական վերանայումը (ՊՌՎ) հանդիսանում է պաշտպանության ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևոր բաղկացուցիչը, ուստի երկարաժամկետ պլանավորման յուրաքանչյուր փուլի սկզբում մենք իրականացնում ենք այդ գործընթացը: Այս իսկ պատճառով ՊՌՎ հերթական այս գործընթացը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011-2015թթ. պլանավորման շրջափուլից մենք անցում ենք կատարում 2016-2020թթ. շրջափուլ: ՊՌՎ արդյունքներից է կախված լինելու նաև ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»,- նշել էր նա՝ հավելելով, որ ռազմավարական վերանայման արդյունքները վերաբերում են պաշտպանության ոլորտի բոլոր բաղադրիչներին: Այսինքն, հիմնական իմաստը պլանավորման մեջ է, թե անվտանգության միջավայրից բխող և գործընթացի ընթացքում գնահատված սպառնալիքներին դիմակայելու համար զինված ուժերի ինչպիսի կառուցվածք, կազմ, ուժեր ու կարողություններ և ընդհանրապես` միջոցներ են անհրաժեշտ, որոշվեն առաջնահերթությունները և ֆինանսավորման աղբյուրները, ինչը ներառում է և՛ ռազմարդյունաբերության համալիրը, և՛ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, և՛ անձնակազմի կառավարումն ու մնացած բոլոր բաղադրիչները:

Իսկ 2016 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի շրջանակում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները (2011-2015թթ. պլանավորման շրջափուլ։- Մ.Պ.):

«ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ:

Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար: «Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել՝ որպես անբավարար հզորության վկայական:

Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ:

Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա սահմանափակումները»,- նշել էր Տոնոյանը՝ հավելելով, որ «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով:

Այս համատեքստում հավելենք, որ ՀՀ ՊՆ 2017-2018 թվականների ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիր էր ճանաչվել` Ռազմավարական զսպման համակարգի զարգացումը:

 

«Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլեր են նախատեսվել` ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացումը, հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնումը, պետական և ռազմական կառավարման համակարգի կատարելագործումը, միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացումը:

Գերակա խնդրի նպատակն է եղել ավելացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ցանկացած բնույթի զինված ոտնձգության կանխման հնարավորությունները, բարձրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության մակարդակը, ՀՀ ռազմական անվտանգության համակարգը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսված) զարգացումներին և ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, ընդլայնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման միջազգային ռազմաքաղաքական և ռազմական երաշխիքները, ստեղծել անհրաժեշտ պայմաններ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եղանակը հակառակորդին պարտադրելու համար:

Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլերի շրջանակներում իրականացվել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի և զորքերի կառավարման համակարգի վերանայում, մշակվել և 2018 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների զարգացման պլանը և Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի 2018-2024 թվականների զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը»,- նշվում էր ՀՀ պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների, ինչպես նաև 2018 թվականի համար աշխատանքների վերաբերյալ ամփոփագրում:

Արդեն 2020 թվականի հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացնելով պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման իր երկրորդ տեսլականը, մասնավորապես, նշել էր, որ կանգնած ենք պաշտպանության պլանավորման ամենակարևոր փուլի՝ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացի նախաշեմին՝ առանձնացնելով դրա շրջանակում առաջնահերթությունները՝

– Կբացահայտվեն, համակողմանիորեն կգնահատվեն և ըստ առաջնահերթության կդասակարգվեն անվտանգության, առաջին հերթին՝ ռազմական անվտանգության առջև ծառացած սպառնալիքները,

– դրանց հիման վրա կմշակվեն անվտանգության միջավայրի զարգացման սցենարներ, որոնք հնարավորություն կընձեռեն դիտարկելու իրավիճակի զարգացման այլընտրանքային տարբերակները և ձևավորելու ռազմավարական պլանավորման նկատառումներ,

– ռազմավարական պլանավորման նկատառումների հիման վրա կսահմանվեն այն ռազմական խնդիրներն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ սցենարների դեպքում ռազմական սպառնալիքների չեզոքացման համար,

– ռազմական խնդիրների ու կարողությունների սահմանումը հնարավորություն կընձեռի բացահայտելու առկա և անհրաժեշտ ուժերի, ռեսուրսների և կարողությունների քանակական և որակական անհամապատասխանությունները` դրանք լրացնելու կամ շտկելու, իսկ անհնարինության դեպքում` այլընտրանքային լուծումներ գտնելու համար,

– առկա (հասանելի) և անհրաժեշտ ուժերի և կարողությունների (նկատառվում են ՀՀ ԶՈՒ կառուցվածքը, կառավարման և կիրառման, մարտական պատրաստության և պատրաստականության, սպառազինության, ռազմական կրթության համակարգերը, ենթակառուցվածքները, նյութատեխնիկական միջոցները, անձնակազմը, նրա առողջական ու բարոյահոգեբանական վիճակը, ռազմարդյունաբերական ու գիտական/տեխնոլոգիական ներուժը և այլն) վերլուծությունը կբացահայտի փոփոխությունների անհրաժեշտությունն ու դրանց ծավալները, որոնց հիման վրա կվերլուծվեն նոր կարողությունների ձևավորման առաջնահերթությունները (քանի որ պահանջները միշտ գերազանցում են ռեսուրսներին), դրանց արժեքային արդյունավետությունը, առկա կարողությունների օպտիմալացման փոխզիջումային տարբերակները, կգնահատվեն ռիսկերը,

-արդյունքում` կմշակվեն ՀՀ զինված ուժերի զարգացումը կանոնակարգող ռազմավարական նշանակության պլանավորման փաստաթղթերը, որոնց իրականացումը տարբեր սցենարների զարգացման դեպքում կերաշխավորի ՀՀ անվտանգության առջև ծառացած սպառնալիքների չեզոքացումը` դրա համար պլանավորելով անհրաժեշտ և ՀՀ ազգային ներուժին համապատասխանող ռեսուրսներ:

«Պաշտպանության ռազմավարական վերանայումը կտա այն հարցերի հիմնա­վորված պատասխանները, թե՝ տեսանելի հեռանկարում Հայաստանի ռազմական անվտանգությունը երաշխավորելու համար ինչպիսի՞ն պետք է լինեն զինված ուժերի.

– պլանավորման և կառավարման համակարգը,

– կազմն ու կառուցվածքը՝ ստորաբաժանումները, դրանց տեղակայումը և այլն,

– կարողությունները՝ ուժերն ու միջոցները,

– կիրառման ռազմավարությունը՝ պատերազմի վարման ձևերն ու եղանակները,

– ռազմակրթական և ուսումնավարժական համակարգը,

– և ամենակարևորը՝ պահանջվող ռեսուրսները՝ մարդկային, նյութատեխնիկական և այլն:

Պաշտպանության ռազմավարական վերանայումը փակ ու երկարատև գործընթաց է, և դրա ամբողջական արդյունքները հրապարակման ենթակա չեն: Այնուամենայնիվ, գործընթացի ավարտից հետո՝ մոտավորապես երկու տարի անց, ընդհանրական ձևով և թույլատրելիության սահմաններում մենք դրանք կհրապարակենք՝ որպես հանրային իրազեկման փաստաթուղթ:

Սակայն մինչև պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների մշակումը, այսինքն՝ առաջիկա երկու տարիների համար մենք պետք է ունենանք պաշտպանության ոլորտի զարգացման որոշակի ուղենիշներ՝ հաշվի առնելով մեր անցած ճանապարհը և ապագային ուղղված մեր առաջնահերթությունները»,- հավելել էր այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Իսկ հիմա, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անվտանգային նոր մարտահրավերների առջև ենք կանգնել, ՀՀ պաշտպանական գերատեսչությունից ասում են, որ «Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց այս պահին չի իրականացվում», ինչը, ըստ էության, օրենքի պահանջ է, ավելին, Ռազմական դոկտրինի դրույթներն իրագործվում են պաշտպանական ռազմավարության և ռազմական պլանավորման միջոցով: Կամ ինչպես 168.am-ի հետ հարցազրույցում նշել էր հրթիռների գործով կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ՊՌՎ գործընթացը կոչված է ապահովել ԶՈՒ զարգացման քաղաքական «առաջադրանքի» ձևակերպումը:

Իսկ միգուցե քաղաքական առաջադրանքը դրա չձևակերպո՞ւմն է, և ոչինչ, որ շարունակ խոսում ենք զինված ուժերում բարեփոխումներից և հիմա էլ նոր սպառազինության ձեռքբերումներից: Այսինքն, դարձյալ գործ ունենք առանց հաշվարկի և պահի թելադրանքով քաղաքական քայլերի և որոշումների հետ: Եվ երբ գործող իշխանությունները խոսում են իրենց և նախկին իշխանությունների բանակի հետ և անվտանգային միջավայրի բարելավման առումով քաղաքականության մասին, բավական է միայն հիմք ընդունել ՊՌՎ գործընթացների իրականացումն ու այդ առումով դրսևորած լրջությունը: Իսկ մենք կսպասենք Արմեն Գրիգորյանի ղեկավարած ԱԽ պատասխանին:

Տեսանյութեր

Լրահոս