ՀՀ ինքնիշխանության դեմ հերթական առաջարկը. ՀՀ զինված ուժերին նոր փոխարինող են գտել

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շատ են սիրում խոսել Հայաստանի ինքնիշխանությունից, անկախությունից, ազատությունից: Սակայն ինչ-որ առումով երկրի ինքնիշխանության աստիճանը որոշվում է սեփական անվտանգության ապահովման հարցում տվյալ երկրի դերակատարման մակարդակով կամ չափով, ինչո՞ւ չէ՝ նաև բանակի սուբյեկտայնության: Այսօր այս հարցերում Հայաստանն անկում ունի: 2023 թվականի հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոստովանել կամ ընդունել, որ Հայաստանը նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել, ուր մնաց՝ Արցախինը կարողանար:

«Եթե գնանք ավելի առաջ, ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, հետևաբար, որ մեր պատգամավորներից մեկն ասում է՝ Հայաստանը նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել, ՀՀ-ն՝ այս տրամաբանությամբ, եթե ինքն իր անվտանգությունը կարողանար ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը: Հետևաբար, այո, ձեր բարձրացրած հարցերը շատ լուրջ և բարդ հարցեր են, և այդ հարցերի բարդության պատճառով է, որ այդ հարցը մեկ կամ երկու կամ երեք գործողությունով հնարավոր չի լինելու լուծել: Գիտե՞ք՝ ինչն է ավելի կարևոր ինձ համար, որ դուք խոսում եք մեզ և ձեզ հայտնի բանաձևերով, որոնք և՛ մեզ համար, և՛ ձեզ համար շատ երկար տարիներ ընդունելի են եղել, ես ուրիշ բան եմ ասում, կասկածի տակ չդնելով այդ բանաձևերի հարազատությունը մեզ բոլորիս, եկեք նայենք՝ այդ բանաձևերը ինչքանո՞վ են ճշգրիտ արտացոլում իրականությունը և ի՞նչ կապ ունեն իրականության հետ, մեր հիմնական խնդիրը դա է»,- նշել էր Փաշինյանը:

Որքան էլ սպառազինության ձեռքբերման կամ անվտանգության նկատառումներից ԵԱՏՄ-ին անդամակցության, ՀԱՊԿ-ին մասնակցության, Գյումրիում ռուսական բազայի ներկայության առումով արևմտամետները մեղադրեն նախկին իշխանություններին Ռուսաստանից կախվածության մեջ, փաստ է՝ հայկական երկու պետությունների անվտանգությունը հայկական բանակն էր պահում և հայ զինվորը: Փաստ է՝ երբ Տավուշի կամ Երասխի ուղղությամբ իրավիճակը սրվում էր, այսօրվա իշխանության ներկայացուցիչները, որ այն ժամանակ ընդդիմություն էին, այդ ժամանակվա իշխանություններից պահանջում էին դիմել ՀԱՊԿ-ին, և ի պատասխան լսում էին, որ հայկական բանակն ի վիճակի է ինքնուրույն այդ խնդիրները լուծել, և երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չկա, և նման առիթ չպետք է ստեղծել: Այլ հարց է, որ, օրինակ, ՀԱՊԿ-ին պետք է տեղեկացնել ադրբեջանական խախտումների մասին և ստիպել, որ հասցեական հայտարարություններ արվեն, թե ո՞ր կողմից է խախտումն իրականացվում:

Իսկ ինչի՞ ականատեսը եղանք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինծառայողները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, բայց փոխարենը մեր օրենքների սահմաններում գործի դրվեին ՀՀ ուժային կառույցների միջոցները ու լիազորությունները, սկսեցին պահանջել, որ ռուսը, ՀԱՊԿ-ը գա և ՀՀ տարածքից դուրս բերի ադրբեջանցիներին: Իհարկե, ՀԱՊԿ-ը և ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ունի պարտավորություններ և պատասխանատվության գոտի, սակայն դա չի նշանակում, որ ՀՀ զինված ուժերի փոխարեն՝ մի երրորդ ուժ պիտի ռազմական սպառնալիքները բացահայտի և դրանց դիմակայի, դիվերսիոն-հետախուզական և ահաբեկչական գործողություններ կանխի և ու չեզոքացնի, և այլն:

Կարդացեք նաև

Այս և հոդվածի ընդհանուր ասելիքի համատեքստում առարկայական մի քանի հիշեցում անենք:

Առաջին, 2021 թվականի մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում առաջարկել էր դիտորդներ տեղակայել Սոթք-Խոզնավար հատվածում:

«Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո:

Սա է առաջարկը, սա է իմ առաջարկած պլանը: Եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, ապա այս պլանը մերժելու որևէ պատճառ պետք է չունենա: Մենք մեր կողմից համոզված ենք, վստահ ենք, որ բոլոր միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը, տեսակետը հիմնավորել: Գուցե իրենք էլ ունեն վստահության իրենց բաժինը, բայց խոսքը դրա մասին չէ, խոսքն այս փուլում իրավիճակը դեէսկալացիա անելու մասին է և դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման հասնելու մասին:

Եվ սա կարող է համարվել, կարող ենք համարել պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, իհարկե, նաև Ադրբեջանին: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Երկրորդ, 2023 թվականի հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

Նպատակը՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,– ասել էր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

2022 թվականի հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եվրոպական կամ միջազգային դիտորդներին ինքն է հրավիրել և նշել պատճառները՝ պարզ և բարդ:

«Բարդ պատճառն այն է, որովհետև ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածության և պայմանագրերի, ՀԱՊԿ-ի արձագանքն ադրբեջանական օկուպացիային համարել եմ ոչ պատշաճ: Երկրորդ՝ արդեն երկար ժամանակ, չթաքցնեմ դա, Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը: Եվ եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչի՞ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար: Եվ ես ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձևավորեք և եկեք, տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»,- պարզաբանել էր Փաշինյանը:

Իսկ 2023 թվականի օգոստոսի վերջին տեղեկացանք նաև, որ Հայաստանը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրել է աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվել էր Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով 2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը:

Այսօր արդեն Եղեգնաձորում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, որ 2023 թվականի փետրվարից է սկսել իրենց գործունեությունը Վայոց ձորի մարզում, որ այն ժամանակ ունեին ընդամենը 2 մշտական աշխատակից, երեք դաշտային գրասենյակ, որոնք գործում էին և մեծապես կախված էին Բրյուսելի աջակցությունից, անդամ պետություններից, անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության Եվրոպայի առաքելություններից՝ հատկապես Վրաստանում ԵՄ-ի առաքելությունից։

«Այսօր՝ 8 ամիս անց, ես կանգնած եմ մեր նոր գլխամասի առջև՝ առաքելության 93 անդամներով, որոնք ուղարկված են ԵՄ անդամ 23 պետություններից։ Թեև որոշ բարդություններ են եղել, ես կարող եմ հպարտորեն ասել, որ ԵՄ առաքելությունը հասել է իր լիարժեք գործառնական կարողություններին։ Սեպտեմբերի սկզբին մենք ունեինք 6 գրասենյակ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում և Իջևանում։ Մեր պարեկների օգնությամբ մենք կարողանում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով»,- շարունակել է Ռիտերը՝ հավելելով, որ Բրյուսելում մինչև տարվա վերջ կքննարկվի Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը:

Այսինքն, հնարավորություն կա, որ առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։ Թե այդ երկրներից ցանկացածն ի՞նչ տեսակետ ունի հայկական և թուրք-ադրբեջանական շահերի հետ կապված՝ այս պահին չենք խոսի, բայց դա շատ կարևոր հարց է:

Ի դեպ, ՀԱՊԿ-ն ևս Հայաստանին առաջարկել էր դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ՀՀ իշխանությունները, ըստ էության, ընթացք չեն տվել, թեպետ սկզբում հայտարարում էին, թե պատրաստ են դրան:

Երրորդ, 2020 թվականի հունիսին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը հարցազրույց էր տվել NEWS.am-ին, որտեղ բարձրացրել էր ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի ընդլայնման հարցը: Նա հիշեցրել էր, որ իր գրասենյակի ընդլայնման հարցը օրակարգ էր մտել 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայմանավորվածությունների արդյունքում:

«2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին իմ գրասենյակի ընդլայնման գաղափարը սկզբունքորեն ընդունվել է: Ընդլայնման հետ կապված գործնական կողմերը դեռ պետք է համաձայնեցվեն»,- ընդգծել էր Կասպրչիկը:

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը մի կողմ դրեց նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված այս պայմանավորվածությունները, որի շրջանակում խոսվում էր վստահության ամրապնման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հստակ հարցերի մասին: Այն, ինչի համար տարիներ շարունակ հայկական կողմը պայքարել է՝ ասելով, որ 10 րոպեանոց մոնիտորինգները լուրջ ազդեցություն չունեն և վեր չեն  հանում իրական մեղավորին, թեպետ այդ մոնիտորինգների ժամանակ լինում էր, որ Ադրբեջանն առաջնագիծ դուրս չէր բերում Կասպրչիկի դաշտային օգնականներին, վերջին պահին մոնիտորինգի անցկացման վայրն էր փոխում, եղել են դեպքեր, երբ անգամ կրակել է՝ նրանք չհեռացած, կարելի է ասել, նրանց հետևից: Չմոռանանք, որ այսօրվա ԵՄ դիտորդական առաքելության ժամանակահատվածում, և նրանց ներկայությամբ ևս կրակոց էր արձանագրվել, ինչը, իհարկե, ԵՄ դիտորդական առաքելությունից փորձեցին հերքել, ընդ որում, հերքեցին ՀՀ ՊՆ-ին:

Չորրորդ, Եվ այսօր Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի՝ իշխանամերձ և արևմտյան կողմնորոշմամբ ղեկավար Արեգ Քոչինյանը Factor TV-ին տված հարցազրույցում առաջարկում էր կարճաժամկետ մեր անվտանգությունը վստահել ամերիկյան մասնավոր ընկերությանը, ընդ որում, այդ ընկերության վարձկաններին պետք է տեղակայել Մեղրիում և Իջևանում: Այսինքն, Սյունիքում և Տավուշում, որոնց հետ կապված թուրք-ադրբեջանական տանդեմը հատուկ ծրագրեր ունի: Բացի այս, ՌԴ-ն մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, իսկ Տավուշում կան ռուսական ուղեկալներ և մոդուլային զորանոցներ:

Սյունիքում հյուպատոսություն ունենալու մտադրություն ունի նաև Ֆրանսիան, իսկ Իրանն արդեն իսկ այն ունի: Այսինքն, իմանալով Իրանի համար Մեղրիի կարևորությունը և նշված փաստերը, իշխանական շրջանակների այս փորձագետը նման առաջարկ է անում՝ թերևս, լավ հասկանալով դրա վտանգները: Այսինքն, ՀՀ իշխանությունները Հայաստանն առանց այն էլ դարձրել են ուժային կենտրոնների բախման ռազմադաշտ, և ամեն կերպ փորձում են իրավիճակն է՛լ ավելի սրել, այն էլ, երբ, օրինակ, Լեմկինի ինստիտուտը նախազգուշացման ամենաբարձր մակարդակն է հայտարարել՝ չբացառելով մոտակա ժամանակներում Ադրբեջանի ներխուժման փաստը: Ի դեպ, այն, որ Տավուշում տարբեր հատվածներում կան ռուսական ուղեկալներ և մոդուլային զորանոցներ, դա ևս Փաշինյանի իշխանության օրոք է եղել, ոչ թե նախկինների: Այլ կերպ ասած՝ Փաշինյանի իշխանության օրոք է վնաս հասցվել բանակի սուբյեկտայնությանը, դերակատարմանը և սահմանադրական պարտականությունների կատարմանը, և Արեգ Քոչինյանի վերոնշյալ առաջարկը բանակին հարվածելու հերթական քայլն է, եթե չասենք՝ ՀՀ իշխանությանը: Պատկերացնո՞ւմ եք, ճանաչված պետության սահմանները պահպանում են մի երրորդ երկրի մասնավոր ընկերության վարձկաններ: Սա ի՞նչ է, եթե ոչ ՀՀ ինքնիշխանության և հեղինակության նշաձողի իջեցում: Դիտավորությո՞ւն է սա, արկածախնդրությո՞ւն, թե՞ իրավիճակին չտիրապետելու կարողություն, թողնում ենք առանց մեկնաբանության:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 25-ին Ն. Փաշինյանը  հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որի ժամանակ խոսելով Թուրքիայի՝ 44-օրյա պատերազմին ներգրավվածության մասին, նա ուղիղ տեքստով նշել էր, որ ՆԱՏՕ-ն այս առումով որոշակի պատասխանատվություն է կրում: Ավելին, նա կարևորել էր հակամարտության գոտում՝ Արցախում, հենց ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը, ինչին Ադրբեջանը համաձայն էլ չէր:

«Մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ,- հնդկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել է Փաշինյանը և հավելել,- Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»։

Պատերազմից հետո, սակայն, մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահներին մեղադրել է անգործության մեջ, իսկ ՀՀ տարածքում՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, որոշել է տեղակայել միջազգային դիտորդների։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Politico պարբերականը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լուրջ հարված է՝ ուղղված Ռուսաստանին, որն ապահովում է, օրինակ, հայ-թուրքական սահմանի անվտանգությունը: Միաժամանակ, պարբերականը նշում է, որ Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի կնքումը համարվելու է Վաշինգտոնի և Բրյուսելի հաղթանակը:

Տեսանյութեր

Լրահոս