42.000 քկմ-ից մինչև 29.800 քկմ և ավելի քիչ. Փաշինյանի կարմիր գծերն ու ՀՀ սուվերեն տարածքը փոքրացնող քայլերը
Ապրիլի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային Ջերմուկում ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նա, մասնավորապես, հայտնել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել ավելի քան 60 քկմ մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ:
Հավելենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր հետո՝ սեպտեմբերի 16-ին, դարձյալ Ջերմուկում ԳՇ պետը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, և, որ այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է, իսկ Ջերմուկ քաղաքից մինչև սահման՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը, հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ:
Իսկ Գլխավոր շտաբի պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին նաև հստակ ասել է՝ Ադրբեջանը ցանկանում էր գրավել Ջերմուկը: Թե ինչ խնդիր էր ցանկանում լուծել Ադրբեջանը՝ Ջերմուկը վերցնելով, առանձին քննարկման թեմա է, այլ հարց է, որ զարմանալու բան չկա ադրբեջանական գործողություններում, այս դեպքում՝ Ջերմուկի ուղղությամբ:
Սերժ Սարգսյանի զգուշացումը
Նշենք, որ 2021-ի հունիսին Ջերմուկում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խայտառակություն էր որակել անգամ 10 կմ հեռավորությունը:
«Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր»,- ասել էր 3-րդ նախագահը:
Հավելենք, որ նույնիսկ 2021-ի հունիսին, երբ լրագրողական խմբով այցելել էինք Ջերմուկի ուղղությամբ տեղակայված դիրքեր, Ջերմուկի զորամասի հրամանատարությունից հավաստիացրել էին՝ իրենց վստահված պաշտպանական հատվածում 80 տոկոսով գերիշխող և նպաստավոր դիրքում է հայկական կողմը, և, որ մարտ վարելու համար հրաշալի պայմաններ կան:
Ինչո՞ւ ունեցանք այն, ինչ ունեցանք 2021թ. նոյեմբերի մարտերի և 2022թ. սեպտեմբերյան մարտերի արդյունքում, ևս առանձին քննարկման թեմա է, թեպետ ամեն ինչ շատ էլ պարզ է, նաև՝ գլխավոր մեղավորները:
Այս ամենի ֆոնին 168.am-ը հարկ է համարում հիշեցնել՝ նախքան պատերազմը ՀՀ իշխանություններն իրենց երազանքներն ինչ չափ տարածքի վրա էին կառուցում, և հետո ինչպես այն փոքրացավ:
42.000 քկմ-ից մինչև 29.800 քկմ և ավելի քիչ. իշխանությունների երազանքների փոքրացող տարածքը
2019 թվականի հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել էր N զորամաս, որտեղ կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում նա իր ելույթում մասնավորապես նշել էր.
«Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42.000 քկմ տարածքի վրա:
Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»:
Արմեն Գրիգորյանն այդ օրը նաև ասել էր՝ «Հադրութի և Մարտակերտի դիրքերը պաշտպանող զինվորն ապահովում է Մեղրիի ու Աշոցքի քաղաքացիների և զինվորների անվտանգությունը»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 կամ 45 օրյա պատերազմը, և մենք կորցրեցինք Արցախի մոտ 75 տոկոսը, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով առանց կրակոցի Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան: Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր առիթներով ասել է, որ 30 տարվա «օկուպացիայից» հետո «ազատագրել են ավելի քան 10.000 քկմ տարածք:
Հիշենք, որ պատերազմից հետո և առանց գրավոր պայմանագրի թշնամուն հանձնվեցին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ մնացած Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը: Իհարկե, արցախյան տարածքային կորուստները միայն սրանով չվերջացան՝ Փառուխ, Քարագլուխ և այլն, այլև տարածքային կորուստների վտանգը հասավ ՀՀ սահմաններ և ինքնիշխան տարածք:
Եվ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրենց ցանկությունների տարածքային նոր նշաձող, կարմիր գիծ սահմանեց՝ ասելով.
«Էդ որտե՞ղ են էդ մտքերը ծագում, ես ուզում եմ իմանալ: Էդ մտքերը կարող են ծագել կամ թշնամու գլխում, կամ թշնամական քարոզչության ազդեցության տակ գտնվող մարդկանց: Ես շարունակաբար կրկնում եմ՝ ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: Այսինքն, ի՞նչ ենք քննարկում ընդհանրապես, մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հա՞րցը: ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը, անկախությունը քննարկման ենթակա լինել չի կարող: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, տարիքից, անհրաժեշտության դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, զենքը ձեռքին պիտի պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը,- նշել է նաև և հավելել,- ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. կմ»:
Մասնագետները և փորձագետներն այս հայտարարությունից հետո զգուշացրեցին՝ 29.800 քկմ տարածք թողնելը ենթադրում է Տավուշի գյուղերի կամ, այսպես ասած, անկլավների հանձնում, ինչի շուրջ վերջերս ակտիվացել են ադրբեջանական քննարկումներն ու հայտարարությունները:
168.am-ը «Ո՞վ է ԳՇ պետի տեղակալի քաղաքական քարոզչության հրաման տվողը, կամ՝ 2016-ին խոստովանություն «պահանջող» Փաշինյանի խոստովանության ժամանակը» հոդվածում գրել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին այդ ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը Վարդենիսում օտարերկրյա դիվանագետների և լրագրողների ներկայությամբ պատասխանելով հարցին՝ ի՞նչ են անում մեր զինված ուժերը թշնամուն ելման դիրքեր հետ շպրտելու ուղղությամբ, բարձրաստիճան զինվորականը պատասխանել էր.
«Թե ինչ հակազդման միջոցներ են պլանավորվում և կազմակերպվում, դրա մասին միանշանակ պետք չի բարձրաձայնել: Վերջին հաշվով, մենք ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է՝ կատարել վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որ դրան հասնենք: Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»:
Ում նկատի ուներ վերադաս ասելով այդ ժամանակ ԳՇ պետի տեղակալը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որը միայն պատերազմի ժամանակ է համարվում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը, չէր կոնկրետացրել:
Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի պարտականությունը: Այն է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Ավելին, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պիտի կանգնեն պատերազմի ավարտին ունեցած իրենց դիրքերում: Այսինքն, արդեն իսկ ունենք տարածքային, դիրքային պարտականությունների և իրավունքների խաթարում:
Ըստ այդմ՝ Գլխավոր շտաբի ղեկավարությունն իրենց պարտականության մասին պետք է մտածեր առնվազն 2021-2022 թվականներին ադրբեջանական ներխուժումների ժամանակ:
Այսօր էլ Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները ներկայացնելուց պետք է հստակ պահանջ դներ՝ ադրբեջանական զինուժը պետք է հեռացվի ՀՀ ինքնիշխան տարածքներից՝ ասելով, որ դրա իրավունքն ունեն՝ մեջբերելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը՝ կողմերը պիտի կանգնեն պատերազմի ավարտին ունեցած իրենց դիրքերում:
Փոխարենը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է՝ «ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում», այն դեպքում, երբ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է. «2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից»:
Համաձայնեք, որ մոտ 139 քկմ-ն և ավելի քան 150 քկմ-ն նույնը չեն, և ավելի քան 10 քկմ-ի տարբերություն կա: Եթե հաշվենք նաև Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը՝ նույնիսկ 150 քկմ-ից ավելի թիվ ենք ստանալու:
Այսինքն, արդեն այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի նշած կարմիր գիծը ևս վաղուց հատվել և խախտվել է, և, ցավոք, դրանք դեռ կարող են շարունակվել:
Հիշեցնենք, որ Ալիևը Հայաստանի համար 29.000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմաններ էր դրել՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք, խաղաղության պայմանագիր կնքի և ադրբեջանական պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարի: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ռազմական ուժի գործադրմամբ վաղուց սկսել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքը, իսկ Նիկոլ Փաշինյանն այսքանից հետո զորքի հայելային հետքաշումներից է խոսում:
Իսկ պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը, ըստ էության, գործում են Նիկոլ Փաշինյանի առաջադրած քաղաքական օրակարգի շրջանակում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարներից յուրաքանչյուրն ինչ-որ չափով մասնակից են եղել Փաշինյանի քաղաքական օրակարգի առաջխաղացմանը. մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ: Եվ դրա համար ունենք հայկական պետությունների, ՀՀ սուվերեն տարածքի շարունակական նվազում, որին զուգահեռ՝ թշնամական պետությունների՝ մեզ հետ կապված նպատակներն ու պահանջները, բնավ, չեն փոքրանում, և ոչ էլ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի ղեկավարի ղեկին հրաժեշտ տալու ցանկությունն ու վախերը:
Եվ ոչինչ, որ իրենց ազատություններն ու երազանքները պաշտպանող տարածքը դարձել է անպաշտպան և չպաշտպանող: