2016թ. Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, 2020թ. պլանները փոխվեցին. «Հայկական ժամանակի» հոդվածն ու գեներալի դեմ արշավը
Արխիվներում պահպանվում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում 2016-ին տպագրված՝ «Որդի Խաչատուրովի արկածները» վերտառությամբ հոդվածը:
Տարիներ հետո ու հատկապես այսօրվա անվտանգային պայմաններում, նաև՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրավական գործընթացների ներքո իրականացվող քաղաքական հետապնդումների համատեքստում ուշագրավ է հոդվածում տեղ գտած մի քանի ձևակերպում:
Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016 թվականի հուլիսի 7-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Օրեր անց «Հայկական ժամանակը» վերոհիշյալ հոդվածում գրել էր.
«Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Յուրի Խաչատուրովի տեղակալ»:
Այսինքն, շեշտը դրել են ոչ թե նրա վրա, որ Սերժ Սարգսյանն Օնիկ Գասպարյանին դարձրել է ԳՇ պետի տեղակալ (2017-ին նա նշանակվեց ԳՇ պետի առաջին տեղակալ), այլ փորձել են ինտրիգ մտցնել՝ գեներալ Օնիկ Գասպարյանին ազատել են հանուն Յուրի Խաչատուրովի որդու՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովի:
Այնուհետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը և զրուցակից ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ըստ էության, կասկածի տակ էին դրել նրա մասնագիտական կարողությունները:
«Եվս մի կարևոր հանգամանք. երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները: Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում և երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա»,- 2016 թվականի հուլիսյան այս հոդվածում գրել էր «Հայկական ժամանակի» հոդվածագիրը:
Իր հերթին՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը լրացրել էր.
«Ես էլ եմ լսել Գրիգորի Խաչատուրովին առնչվող այդ պատմությունները: Եվ եթե այդ տարածքում նա ինչ-որ պահի չկարողանա արդարացնել իրեն, ապա ծանր արդյունքներ կբերի թե՛ նշանակողի, թե բոլորիս համար: Նշանակելն իրենց գործն է, թող նշանակեն, բայց եթե նա սխալվի, կունենանք լուրջ խնդիրներ: Բայց ես չեմ ցանկանում, որ իրենց այդ նշանակումների պատճառով մենք նորից անտեղի զոհեր ունենանք»:
Հուլիսյան մարտերից առաջ, դրա ընթացքում և հետո արդեն գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասնագիտական հզոր կարողությունների մեջ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը համոզվեցին՝ արձանագրելով դիրքային լրջագույն հաջողությունններ, և, որ Տավուշի անվտանգությունը հուսալի ձեռքերում է:
Մասնավորապես, 2019-ի օգոստոսի 19-ին այսօր արդեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ոգևորված գրառումներ էր անում, նախ՝ «Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունն ապահովված է, Չինարին էլ չի կարող գնդակոծվել», այնուհետ սա մի փոքր սրբագրել էր՝ «Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը»:
Իշխանական մամուլը ևս խմբագրականներ էր գրում այս մասին:
«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ.-ի դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում:
Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»,– մասնավորապես, գրել էր «Արմենպրեսը»:
2020 թվականին հուլիսյան մարտերում Գրիգորի Խաչատուրովը և նրա ղեկավարած 3-րդ բանակային կորպուսը ցույց տվեցին իրենց ով լինելը, իրենց ուժը՝ ՀՀ իշխանություններին և թշնամուն:
Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, խանդով էր ընդունում գրառումները, որ տավուշյան մարտերում հաղթանակի առաջին ապահովողը Գրիգորի Խաչատուրովն է, Գլխավոր շտաբին, որը ղեկավարում էր Օնիկ Գասպարյանը, բնական է՝ ևս գովեստի խոսքեր էին հասցեագրվում:
Եվ եկավ մի պահ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը էլ չդիմացան և սկսեցին հայտարարել, թե քաղաքական ղեկավարությունն ունի իր մասնաբաժինն այս հաղթանակի մեջ:
44-օրյա պատերազմում տեսանք, թե ինչ է լինում, երբ գլխավոր որոշողը Նիկոլ Փաշինյանն է դառնում: Սա, իհարկե, այլ թեմա է: Իսկ հուլիսյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանը մոտ 7 տասնյակ «Մարտական խաչ» բաժանեց, պարգևատրման արարողությունն էլ Սարդարապատում արեց՝ առանց երկրի նախագահի:
Թեպետ ՀՀ նախագահի հրամանագրով էր տավուշյան մարտերում հաղթանակի համար 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան հանձնվել, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհվել:
Բանակի և հաղթանակների արժեքը շատ լավ իմացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել էր, թե լավ կլինի, որ իշխանությունները հանրությանը բացատրեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»:
Իսկ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում նաև հայտարարել էր՝ հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ Հայաստանն ի վիճակի է մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովել ռազմական առավելություն, և, որ հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին նաև սեփական մարտավարության հարցերն ինքնուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը։
Այսինքն, սրանով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը բարձր էր գնահատում Գրիգորի Խաչատուրովի ռազմական կարողությունները: Սա՝ առաջին հայացքից։
Իսկ մինչ այդ՝ հարց՝ երբ Ադրբեջանը բացահայտ պահանջեց՝ իրեն հանձնել Տավուշի հայկական գյուղերը, այսպես ասած՝ «անկլավները», ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, որ 2016-ին ուղղակի կամ անուղղակի մտահոգվում էր Տավուշի անվտանգությամբ, սկզբում տարբեր մեթոդներով արշավ սկսեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի դեմ, այնուհետ իր հրաժարականի պահանջներից հետո լիովին ազատվեց նրանից՝ չերկարացնելով նրա պայմանագիրը, երբ արդեն համոզվել էր նրա ռազմական կարողությունների մեջ:
Արդյոք պատճառը Գրիգորի Խաչատուրովի կողմից Փաշինյանի հրաժարականի աննահանջ պահա՞նջն էր, թե՞ Տավուշը պահելու գեներալի ռազմական կարողությունները, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո Տավուշի հետ կապված պլանները փոխվեցի՞ն:
Ըստ էության, վերջինը, և հենց Փաշինյանի պլանների այդ փոփոխության տրամաբանության մեջ է գեներալ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը և նրան կալանավորելու քաղաքական որոշումը:
Նշենք՝ երբ 2021 թվականի մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն արդեն պատրաստվում էր հեռանալ ԳՇ պետի պաշտոնից, Գրիգորի Խաչատուրովն առանձին և հրապարակավ նորից պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես վերևում նշեցինք: Իսկ սրանից ամիսներ անց՝ հուլիսի 7-ին, Գրիգորի Խաչատուրովին ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ պայմանագիրը չերկարացվեց: Արդեն 2021-ի հոկտեմբերին ոստիկանությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց՝ կից տեսանյութով:
«Ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներով օժտված ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 15 և 11 միլիոն դրամ շուկայական արժեքով, Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009 թվականի հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով ուղիղ վաճառքով օտարել են ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց։
Այնուհետև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով ՀՀ հողային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, այդ հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա 2009 թվականի փետրվարին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականները։
Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Դեպքերի առթիվ հոկտեմբերի 22-ին ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե»:
Ավելի ուշ՝ 2023-ի փետրվարի 7-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը:
Մասնավորապես, ըստ նրա, Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, վերջինս իբր 18 մլն դրամով գրավադրել է։
Կալանքի տակ գտնվող գեներալ Խաչատուրովի դեմ իշխանությունների հարուցած գործը կարված է, սրա մասին նրա փաստաբանն օրերս հստակ հիմնավորումներ է ներկայացրել, ուստի այս թեմային մանրամասն անդրադառնալու անհրաժեշտություն այժմ չկա, հատկապես, երբ հոդվածի նպատակն այլ է:
Ի դեպ, 2016 թվականին «Հայկական ժամանակի» հոդվածի, հուլիսյան մարտերի, Նիկոլ Փաշինյանի՝ Խաչատուրովի նկատմամբ որդեգրած քաղաքականության, և ի սկզբանե ունեցած նպատակների համատեքստում, ինչպես նաև՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության, որ՝ «հուլիսյան մարտերը հրահրել է հայկական կողմը՝ Փաշինյանի իշխանությունը», կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտական գործողությունը «պարտադրված քննություն» էր գեներալ Գրիգորի Խաչատուրովի համար:
Դրա համար 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Յուրի Խաչատուրովի որդուց միանգամից չազատվեց, որովհետև, թերևս, հետին նպատակներ կային: Փաշինյանին գուցե թվում էր, որ Գրիգորի Խաչատուրովը կարող է չհաղթահարել Ադրբեջանի իրականացրած հուլիսյան սադրանքը՝ գուցե իր իսկ կողմից հրահրված, ինչպես ՀՀ երկրորդ նախագահն էր նկատել: Համենայնդեպս, չի բացառվում։
Ի դեպ, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ինքն էր հայտարարել, որ 2020 թվականի հունիսի 8-ին իր նշանակումից հետո՝ հունիսի 12-ին, անձամբ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Այն է՝ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, և, որ Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Այս և վերոնշյալ մյուս փաստերը, ըստ էության, թույլ են տալիս եզրակացնել, որ հուլիսյան մարտերը, իրապես, «պարտադրված քննություն» էին Գրիգորի Խաչատուրովի համար, որից նա, այնուամենայնիվ, պատվով դուրս եկավ:
Այսօր գեներալ Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է, ինչը, թերևս, դարձյալ բխում է Փաշինյանի քաղաքական նպատակներից, այն դեպքում, երբ նոր պատերազմից ապահովագրված չենք, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն էլ չի հրաժարվել տավուշյան և նախիջևանյան ուղղությունների վերաբերյալ իր նպատակներից:
Այս պարագայում հաստատվում են այն պնդումները, որ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածություններ ունի, և պետք է ինչ-որ կերպ չեզոքացնել գեներալ Խաչատուրովին, և ընտրել են «իրավական» ճանապարհը: