Տոնոյանը՝ Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհ, կամ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներից» անցումը «չկան տարածքներ, կա անվտանգություն» մեկ քայլ է

Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշումը հրապարակել էր հոկտեմբերի 6-ին:

44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանացած Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։

Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը գեներալ ևս Նիկոլ Փաշինյանի օրոք է դարձել՝ 2020 թվականի հուլիսի 7-ին, այդ ժամանակ նա ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներին, ապա Փիլոյանին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումից մոտ 10 օր առաջ այն մերժել էր 35 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Պարզ է՝ նման որոշումները չեն կայացվում առանց քաղաքական ղեկավարության:

Թե ինչու Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվում, և արդյո՞ք դրա պատճառը միայն քաղաքական է, կամ 44-օրյա պատերազմի համատեքստում, ժամանակը դեռ ցույց կտա, ամեն դեպքում, մի քանի փաստ հիշեցնելը, ինչպես ասում են, գործին վնաս չի տա:

«Ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է». 2019-ի Տոնոյանի հայտնի հայտարարությունն առաջինը չէր

2019-ի մարտի 30-ին «Ամերիկայի ձայնը» հրապարակում է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության տեսագրությունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։

«Ես որպես պաշտպանության նախարար՝ ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով»,- հայտարարել էր Տոնոյանը և պնդել, թե ոչինչ չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- եզրափակել էր նա:

Ինչպես Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, այնպես էլ Տոնոյանի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» առաջ քաշած ձևաչափը հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ, ինչո՞ւ չէ՝ Իլհամ Ալիևը, համարեցին բանակցությունների ձախողման և պատերազմի վերսկսման պատճառներից մեկը, ինչի հետ ավելի ուշ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Տոնոյանը չհամաձայնեց:

«Որքան էլ Ալիևը և հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ պնդեն, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման և պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։

Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիևի այն հայտարարությունները, որ «Երևանը պատմական ադրբեջանական տարածք է»:

Պետք է հստակ ամրագրել, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման և պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիևն էր ու նրան հրահրած և բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:

Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում առաջնագծի ամրաշինմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպումը և զինված ուժերի հագեցումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմատեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։

Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով և հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի:

Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական և ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը»,- պարզաբանել էր Տոնոյանը՝ հավելելով, որ հակառակորդի տարածքում գործելը ենթադրում էր գրոհային ստորաբաժանումների ստեղծում, դրանց պատրաստում, հետախուզական և հատուկ նշանակության կարողությունների զարգացում և այն:

168.amգրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը դե՞մ է եղել Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականին:

Իսկ Դավիթ Տոնոյանը տարածքների վերաբերյալ վերը նշված միտքն արտահայտել է դեռևս 2016-ի Ապրիլյան պատերազմից առաջ՝ 2015-ին:

Այն ժամանակ հասարակությունը և լրագրողական, փորձագիտական շրջանակները սա համարեցին բավականին համարձակ հայտարարություն, ինչպիսին ղեկավարությունից դեռ չէին լսել:

«Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»,- tert.am-ի հետ զրույցում ասել էր Տոնոյանը:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը միշտ է այս գաղափարին եղել, այլ հարց է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում, երբ Տոնոյանը պաշտպանության նախարար էր, ոչ միայն կորցրեցինք այդ բավարար չհամարվող անվտանգության գոտին, այլև խորացրեցինք և՛ Արցախի, և՛ ՀՀ տարածքների անվտանգության ապահովման խնդիրը:

Դավիթ Տոնոյանը՝ Փաշինյանի արկածախնդիր «դավադրության» զոհ

Եվ հենց այս համատեքստում վերադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի ակտիվացման փաստին, այդ թվում՝ ժամանակային առումով, կարելի է առանձնացնել մի քանի կարևոր փաստ:

2019-ի մարտի վերջին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարի վերը նշված հայտարարությանն արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը, որը դեմ է տարածքային նվաճումներին և պատերազմի առաջինը օրը պարտությանը համակերպվելուց էր խոսում, արձագանքել էր.

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»:

Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն արձագանքել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

Նիկոլ Փաշինյանի արձագանքի համատեքստում հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում վիճելի համարվող այդ հայտարարությունը արել էր 2019-ի մարտի 29-ին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ավելի քան 3 ժամանոց պաշտոնական հանդիպումից մեկ օր հետո:

Իսկ 2019-ի հունվարի 22-ին Դավոսում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումը, որի մասին ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ընդամենը քննարկել են՝ ինչ պայմաններ, հնարավորություններ կան կարգավորման համատեքստում:

Ի դեպ, Վիեննայի հանդիպման վերաբերյալ Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել էր.

«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում: Եվ երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե՝ լավ, հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում:

Սկսվել է խոսակցություն, և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ, և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է, և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը…»:

Համաձայնություն տալ՝ վերաձևակերպելու «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»-ի, և նույն ժամանակ խոսել հաղթող-պարտվող չփնտրելուց, բանակցային գործընթացում մյուս կողմին չվնասելու կանխավարկածից, գործ չունե՞նք արդյոք արկածախնդրության կամ դիտավորության հետ, հատկապես, երբ դրանից ամիսներ հետո՝ 2020-ի փետրվարի 15-ին, Մյունխենի անվտանգության համաժողովից և դրա շրջանակում Ալիևի հետ «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը մասնակցությունից հետո առաջ էինք քաշելու մեկ այլ բանաձև՝ «Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:

Կրկնում ենք՝ 2015-ին Դավիթ Տոնոյանը հայտարարում էր, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար չէ, և 1994-ից հետո եղած բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման նպատակը հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունն է:

Այսինքն, առանց այդ տարածքների հնարավոր չէ ակնկալել հակամարտության կարգավորման շահեկան լուծում, և որքան համարձակ հայեցակարգային լուծումների գնայինք, այնքան այդ երաշխիքն ավելի ամուր էր լինելու:

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Մյունխենում այլ բան էր ասում՝ առաջ քաշելով Արցախի անվտանգության խնդիրը, բայցև չնշելով, որ եղած տարածքներն են ապահովում այն, այսինքն՝ բաց դուռ թողնվեց այդ անվտանգության, այսպես ասած, ապահովման այլ տարբերակների համար, այդ թվում՝ խաղաղապահների տեղակայման, ինչին հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի «վարած» 44-օրյա պատերազմի ելքը:

Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը տեսնում էր ոչ թե պաշտպանական հայեցակարգային փոփոխությունների ներդրմամբ, այլ «միկրո հեղափոխությունների» միջոցով, որը ենթադրում էր նաև՝ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:

Հարց է առաջանում՝ Դավիթ Տոնոյանը գիտակցո՞ւմ էր, որ Նիկոլ Փաշինյանի «ստորագրությամբ» 2019-ի գարնանը «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը հրապարակային առաջ քաշելով՝ Փաշինյանի արկածախնդրության կամ «դավադրության» զոհն է դառնալու:

Եվ արդյո՞ք այս ֆոնին Փաշինյանի հետ լուրջ խոսակցություն չի ունեցել:

Գուցե՝ ոչ, գուցեև ունեցել է, եթե հաշվի առնենք, որ 2019-ի աշնանը մամուլում լուրեր շրջանառվեցին Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին, ինչին նա լրագրողների հետ զրույցում արձագանքել էր․

«Թող շրջանառեն: Ես կատարում եմ իմ պարտավորությունները, ես սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու և իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու: Ես չունեմ այդպիսի մտադրություն»:

Հարցին՝ որքա՞ն եք գնահատում Ձեզ պաշտոնանկ անելու հնարավորությանը, Տոնոյանը պատասխանել էր․ «Չեմ կարող ասել»:

Պատերազմի ավարտից մի քանի օր հետո Դավիթ Տոնոյանը որոշեց դադարեցնել իր պաշտոնավարումը Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման, և, որ պաշտպանության ոլորտում հայեցակարգային որոշ ուղղություններ վերանայման կարիք ունեն, որը չի հասցրել անել, դրա համար պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս