Փաշինյանն անցյալում է թողնում հուլիսյան հաղթանակը. Գեներալ Խաչատուրովը և այդ օրերի ռազմական ղեկավարները հեռացված են

3 տարի առաջ այս օրերին հայաստանյան ֆեյսբուքյան օգտատերերի մեծամասնության էջերին կարելի էր հանդիպել TavushStrong հեշթեգը։ 2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո. թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին:

Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։

Դեպքը տեղի է ունեցել հայկական Մովսես և ադրբեջանական Աղդամ գյուղերի միջև ընկած միջդիրքային տարածությունում:

2020 թվականի հուլիսի 13-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով տեղի ունեցածը, մասնավորապես, ասել էր.

Կարդացեք նաև

«Երեկ ժամը 12:30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորն իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա:

Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով՝ կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է:

Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով:

Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է: Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03:30-ից մինչև 05:30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ:

Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է»:

Այս բացատրությունից Փաշինյանը տպավորություն էր ստացել, թե «հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել», և հարցրել՝ «հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել»:

Տոնոյանն ի պատասխան Փաշինյանին՝ հասկացրել էր, որ իր տպավորությունը սխալ է:

«Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- ընդգծել էր Պաշտպանության նախկին նախարարը:

Որոշ ժամանակ անց ոչ պաշտոնական խողովակներով հայտարարվել էր հայկական կողմի նոր, ավելի բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին։

Խոսքը, մասնավորապես, «Անվախ» կոչվող դիրքն ազատագրելու մասին է, որը գտնվում է «Ղարադաշ» բարձունքի վրա:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ մի քանի հարձակում էր կազմակերպել թշնամին, զուգահեռ գրոհներ են եղել հարևան դիրքերի ուղղությամբ, որոնք անհաջողության են մատնվել:

Ինչ վերաբերում է հուլիսյան մարտերի օրերին հայկական կողմի գործողություններին, այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀՀ Զինված ուժերին միայն մեկ գիշերում հաջողվել է ոչնչացնել ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի մինչև 40%-ը։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ուներ 13 զոհ (թվով 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։

Ավելի ուշ՝ հուլիսի 27-ին, հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվել էր նաև պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը, ով լուրջ դերակատարում է ունեցել հուլիսյան մարտերում և «Անվախ» դիրքի ազատագրման գործողություններում:

Հուլիսյան մարտերի օրերին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ, թշնամուն հերթական անգամ պարտադրել էր հաշվի նստել իր հետ, հայկական բանակի, իսկ դիրքային բարելավումներ Խաչատուրովի օրոք Տավուշի հատվածում տեղի էին ունեցել դեռ 2019-ին, որի մասին ոգևորված գրառումներ էին անում իշխանության ներկայացուցիչները, նույն պատկերը 2020 թվականի հուլիսյան մարտերի և դրան հաջորդած օրերին էր:

Ի դեպ, հուլիսյան մարտական գործողություններին, դիրքերի բարելավման, ազատագրման գործողություններին, 168.am-ի տեղեկություններով՝ առավելագույնը մասնակցել է 3 տասնյակ մարդ, մինչդեռ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն էր ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Ավելի ուշ նույնիսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել, թե լավ կլինի, որ իշխանությունները հանրությանը բացատրեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»: Ի դեպ, այս փաստը նաև զինվորականության շրջանում էր դժգոհության տեղիք տվել:

Իսկ 2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել էր 5 դրույթ.

Հուլիսյան մարտերը ջախջախեցին 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմված միֆը` Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Այսինքն, Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկար է։

-Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ։

 -Հայաստանն ի վիճակի է մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովել ռազմական առավելություն։

-Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը:

-Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական մարտավարության հարցերն ինքնուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը։

Նույն միտքը Փաշինյանը կրկնել էր նաև արցախյան վերջին պատերազմից 2 օր առաջ՝ «հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի համար հայկական բանակը մարտունակ էր հուլիսյան մարտերի օրերին, 44-օրյա պատերազմը նրա կարծիքը փոխեց:

Իսկ երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը չհիշեց ոչ հուլիսյան մարտերը, ոչ այդ ժամանակ հաղթանակած 3-րդ բանակային կորպուսին, ոչ զոհերին, ոչ 71 պարգևատրվողներին, ոչ էլ հուլիսյան հաղթանակի տրամաբանության մեջ Ազգային հերոս դարձած Ռուբեն Սանամյանին:

Հուլիսի 13-ին Վահագն Խաչատուրյանը որոշել էր այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ որևէ հիշատակում չկար հուլիսյան մարտերի և 3-րդ բանակային կորպուսի իրականացրած գործողությունների մասին:

Փոխարենը հուլիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր կաշկանդվել Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում, այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը չի կաշկանդվելու հուլիսի 15-ին Բրյուսելում հանդիպել Ալիևի հետ:

Այս ամբողջ վերը շարադրվածի համատեքստում ցանկանում ենք ուշադրություն հրավիրել մի փաստի վրա. հուլիսյան մարտերի ժամանակ ղեկավար պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք, ըստ էության, մեկուսացվել են, զինված ուժերում չեն:

Առաջին, 44-օրյա պատերազմի ավարտից օրեր հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը հեռացավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից՝ գտնելով, որ «ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման»:

2022 թվականի ապրիլին 168.am-ին փաստաբանի միջոցով տված հարցազրույցում Տոնոյանն ասել էր. «Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի»:

Այսինքն, իրեն Փաշինյանն ի սկզբանե ընտրել է՝ որպես անցումային նախարար որոշակի ժամանակահատվածի և նպատակների համար:

168.amգրել էր նաև, որ Տոնոյանը, ըստ էության, Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհ դարձավ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևն առաջ քաշելով: Իսկ արդեն մոտ 2 տարի է՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հրթիռների գործով անազատության մեջ է:

Ի դեպ, նշենք, որ 2020 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զանգել էր Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին ընթացող գործողությունների ֆոնին:

Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարն այդ օրերին ՌԴ ռազմական կամ պաշտպանական ոլորտի ոչ մի պաշտոնյայի հետ հեռախոսազրույց չէր ունեցել, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի:

Հայկական կողմը նույնիսկ մի քանի անգամ հայտարարել էր, որ անհրաժեշտություն չկա դիմելու ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի օգնությանը:

Այն, որ Դավիթ Տոնոյանը չէր զանգել ՌԴ իր գործընկերոջը, մեկնաբանվել էր՝ որպես ՀՀ Զինված Ուժերի (ԶՈւ) ինքնաբավություն և իր առջև դրված խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողություն:

Ադրբեջանի պաշտպանական ղեկավարը, ըստ էության, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային զրույցի խիստ կարիք էր զգացել:

Երկրորդ, հուլիսյան մարտերի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ եղած Օնիկ Գասպարյանին իր պաշտոնից Նիկոլ Փաշինյանն իրավունքի ուժով հեռացրեց 2021 փետրվարի 25-ի ԳՇ հայտարարության պատճառով, որտեղ գեներալները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը:

Ավելին, 2021 թվականի հունիսին Տավուշի մարզում նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.

«Երբ ինքը նշանակված էր հուլիսյան պատերազմի ժամանակ, ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց դրվագ է եղել, ինքը սխալ է զեկուցել, ես ասացի` բացառված է, չեմ հավատում, որ սխալ բան զեկուցած լինի…»:

Թե ինչի մասին էր խոսքը, մինչև հիմա հայտնի չէ, այդ ժամանակ ԱԱԾ տնօրենն Արգիշտի Քյարամյանն էր:

Իսկ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս տարբեր առիթներով Օնիկ Գասպարյանի վրա է դնում 44-օրյա պատերազմի տարբեր ռազմական դրվագների և հետևանքների պատասխանատվությունը, ում նկատմամբ իր 100 տոկոսանոց վստահությունը կորցրել էր 2020 թվականի պատերազմից հետո:

Այսօր Օնիկ Գասպարյանն ընդամենը բանակից հեռացվածի և 44-օրյա պատերազմի պարտության գլխավոր պատասխանատուի կարգավիճակում է: Թե ի՞նչ կարող է լինել հետո, Նիկոլ Փաշինյանի գործելաոճն իմանալով, կարող ենք ենթադրություններ անել, բայց թողնենք ժամանակին և սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Երրորդ, Տավուշի հատվածում դիրքային լրջագույն բարելավումներ ունեցանք և հուլիսյան մարտերում հաղթեցինք առաջին հերթին՝ շնորհիվ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի, որի դեմ իշխանությունը նախ տարբեր արշավներ կազմակերպեց, այնուհետև 2021 թվականի հուլիսի 7-ին հուլիսյան հաղթանակների հեղինակ գեներալին ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից. պայմանագիրը չերկարացրեցին: Մարտի 16-ից գեներալ Խաչատուրովը փողերի լվացման մեղադրանքով և «կարված» ու «ժամկետանց» գործով անազատության մեջ է:

Իսկ թե ինչ արտաքին և ներքին գործոններ կային հուլիսյան մարտերում, ինչո՞ւ չէ՝ հետին մտքեր Գրիգորի Խաչատուրովի դեմ, 168.amանդրադարձել է ավելի վաղ:

Գեներալ Խաչատուրովի հեռացումը բանակից և մեկուսացումը, ըստ էության, ադրբեջանաթուրքական ծրագրի շրջանակում էր, եթե հաշվի առնենք, որ սահմանային ճշգրտումների արդյունքում Փաշինյանը պատրաստ է հրաժարվել հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքից, որը կարող է դառնալ չեզոք գոտի: Դիրքեր ենք կորցնելու նաև Շամշադինից, Նոյեմբերյանից:

Մասնագետների կարծիքով, Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, ապա մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Այս ամենը լոկ ենթադրություն չէ, Փաշինյանն ինքն այս տարվա մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հստակ հայտարարել էր՝ պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել Տավուշի գյուղերը, դրանով, ըստ էության, նա «գաղտնազերծել» էր նաև Գրիգորի Խաչատուրովի կալանավորման պատճառը: 

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 25-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Մեզ մոտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղություն, հատկապես բանակում: Ըստ երևույթին, նրանք նախկին իշխանությունների դրածոներն են»: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկուսացրել Գրիգորի Խաչատուրովին՝ չխոչընդոտելու համար իր խաղաղության վտանգավոր օրակարգին, Տավուշի գյուղերի հանձնմանը:

Եվ եթե այսօր ՀՀ ԶՈՒ-երում նման խոչընդոտ տեսնի Նիկոլ Փաշինյանը, ապա թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերով չի խնայելու ոչ ոքի և ոչինչ:

Տեսանյութեր

Լրահոս