Ո՞վ է ԳՇ պետի տեղակալի քաղաքական քարոզչության հրաման տվողը, կամ՝ 2016-ին խոստովանություն «պահանջող» Փաշինյանի խոստովանության ժամանակը

Սեպտեմբերի 29-ին Վարդենիսում օտարերկրյա դիվանագետների և լրագրողների ներկայությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, անդրադառնալով սեպտեմբերի կեսերին իրականացված ադրբեջանական գործողություններին, հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին, գիշերը ժամը 05։00-ին Ադրբեջանը 3 ուղղություններում սկսել է բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ, որոնք սկսվել են ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, դրանք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ:

«Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման՝ նախահարձակ միջոցառում պլանավորված չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,- շեշտել է ԳՇ պետի տեղակալը՝ հավելելով, որ 3 ուղղություններով նշված գործողությունները հիմնականում ուղղված էին խիստ բնակեցված շրջանների դեմ՝ մի պարզ նպատակով՝ դեռևս 2021թ. մայիսի 12-ից սկսած ուղղվածությունը հենց բնակավայրերի կողքին է՝ նպատակ ունենալով ստիպել սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը լքել իրենց զբաղեցրած տարածքները:

Տեղեկացնենք, որ 2022թ. հունվարի 10-ին էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանը նշանակվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, որից նրան ազատեցին 2021 թվականի օգոստոսի 9-ին: Ընդ որում, այդ ժամանակ ոչ մի բացատրություն կոնկրետ չներկայացվեց:

Մի կարևոր դրվագ ևս հիշեցնենք. գեներալ Մարտիկյանը չէր ստորագրել գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ մշակված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, որին միացել էին բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ:

Կարդացեք նաև

400 հա կորստի համար բանակը բարդակ համարող Փաշինյանի ռազմավարական կորուստները

Այս համատեքստում ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը շարունակել է՝ «ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել»:

Սեպտեմբերի կեսերին ծավալված պատերազմական գործողությունների արդյունքում ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում՝ հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, արդյունքում՝ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է, համենայնդեպս, սեպտեմբերի 16-ի դրությամբ այսպես էր իրավիճակը Ջերմուկ այցելած ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ներկայացմամբ:

Չնայած սրան, Վարդենիսում արդեն ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանից օտարերկրյա հյուրերից մեկը հետաքրքրվել է՝ վերջերս այցելել ենք Ջերմուկ, և ակնհայտ է, թե այստեղ ինչպիսի տարածքներ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ծավալի են դրանք, ինչին ի պատասխան՝ ԳՇ պաշտոնյան նշել է.

«Այո, ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում: Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ, ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»:

Դիրքերի տակտիկական և ռազմավարական նշանակության մասին գնահատականները, ինչպես նաև՝ արդյո՞ք սեպտեմբերի կեսերին ադրբեջանական գործողությունների ժամանակ գործ ենք ունեցել, այսպես ասած, չդրված բնագծերի ճեղքումների հետ, թողնենք ռազմական ոլորտի փորձագետներին ու մասնագետներին:

Փոխարենը՝ հիշեցնենք, որ երբ 2016-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում հայտարարել էր, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 800 հեկտար տարածք է կորցրել, և, որ այդ տարածքները ռազմավարական կամ մարտավարական որևէ նշանակություն չունեն, հանդիպեց Նիկոլ Փաշինյանի և այդ ժամանակվա ընդդիմության սուր քննադատություններին:

«Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, գոյություն ունի նաև գնահատական։ Եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, այդ մի բանն ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմավարակա՞ն, մարտավարակա՞ն, թե՞ ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն։ Եթե զուտ մետրով չափենք՝ պիտի ասեմ հետևյալը, հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի՝ ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ՝ դա մեկ հազարերորդն էլ չկա: Զուտ հոգեբանական առումով, այո ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց ուզում եմ մի համեմատություն անենք 800 հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար, ենթադրենք, մեկ զոհ և երկու վիրավոր, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց նույնիսկ եթե կես զոհ, մեկ վիրավոր՝ էլի շատ են: Համեմատեք, տեսեք այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքա՞ն զոհ պետք է տային: Երբ ես ասում եմ՝ մեր Զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք, մեր Զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս-քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ ևս 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Ավելի ուշ պարզվեց, սակայն, որ 2016-ին մեր կորցրածը ոչ թե 800, այլ իրականում 400 հա է:

Իսկ ի՞նչ էր ասում այդ ժամանակ՝ ընդդիմադիր, այսօր՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը. «Բոլոր նրանք, ովքեր տեսել են Լելե-Թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզնից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, պիտի ուժ ունենան և խոստովանեն՝ նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում»:

Թե ինչի՞, ինչպիսի՞ աղետի մասին են խոսում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարածքային կորուստները, որոնք հանգեցրեցին նաև կորուստների ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք շարունակվում են նաև այսօր, թողնենք առանց մեկնաբանության:

Կամ գուցե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իր մեջ ուժ գտնի և խոստովանի՝ ինչ տեսակ ոչ թե բանակի, այլ առաջին հերթին պետության մասին են վկայում Արցախի մոտ 75 տոկոսի և Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքների կորուստները:

Հրամայված է պահել Փաշինյանի խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը Վարդենիսում, բնական է, զերծ է մնացել ասել՝ քանի հայկական դիրք է օկուպացրել Ադրբեջանը:Այնուհետ

նրան լրագրողներից հարց են տվել՝ ի՞նչ են անում մեր զինված ուժերը թշնամուն ելման դիրքեր հետ շպրտելու ուղղությամբ, հատկապես, երբ ունենք 2021-ի մայիսի և նոյեմբերի ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժումների փաստերը. թշնամին լուրջ առաջխաղացում ունեցավ, բայց նրանք հետ չշպրտվեցին, և 2022-ի սեպտեմբերի գործողությունները հենց այդ տարածքներից էին: Հիմա ինչի՞ն ենք սպասում, ինչո՞ւ հետ չեն շպրտվում: Այս հարցադրումներին ի պատասխան՝ Մարտիկյանն ասել է, որ չի պատրաստվում ռազմական գաղտնիք բացել՝ որտեղ և ինչ հակազդող գործողություններ են անելու: Այնուհետ ԳՇ պետի տեղակալ Մարտիկյանը, ըստ էության, քաղաքական հայտարարություն է անում կամ մեսիջ ուղարկում:

«Թե ինչ հակազդման միջոցներ են պլանավորվում և կազմակերպվում, դրա մասին միանշանակ պետք չի բարձրաձայնել: Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է՝ կատարել վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որ դրան հասնենք: Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»,- հայտարարել է Մարտիկյանը:

Նախ, հետաքրքիր է՝ ԳՇ պետի տեղակալը վերադաս ասելով՝ նկատի ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որը միայն պատերազմի ժամանակ է համարվում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար:

Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի պարտականությունը: Այն է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Ավելին, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պիտի կանգնեն պատերազմի ավարտին ունեցած իրենց դիրքերում: Այսինքն, արդեն իսկ ունենք տարածքային, դիրքային պարտականությունների և իրավունքների խաթարում:

Ըստ այդմ՝ Գլխավոր շտաբի ղեկավարությունն իրենց պարտականության մասին պետք է մտածեր առնվազն 2021-ի մայիսի և նոյեմբերի ադրբեջանական ներխուժումների ժամանակ, թե հիմա ինչպե՞ս են հետ շպրտելու մեկ տարի ՀՀ սուվերեն տարածքներում դիրքավորված, խրամատավորված թշնամուն, պարզ չէ:

Այլ հարց է, որ կարող են վերջին դեպքերի արդյունքում հայկական օկուպացված տարածքներից հեռացնել և այլևս նման բան թույլ չտալ:

Մյուս կողմից, ԳՇ պետի տեղակալի այս հայտարարությունը կարող է նոր հարձակման հանգեցնել, և հետո, ամեն դեպքում, մտադրություն է գաղտնազերծվում:

Հավելենք, որ 29.800 քառ. կմ տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է:

Ի դեպ, վերադառնալով ԳՇ պետի տեղակալ Մարտիկյանի այն մտքին, որ վերջին գործողությունների արդյունքում Ադրբեջանը կարողանում է որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա, նշենք, որ «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Մոսկվան, Բաքուն և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում չեն քննարկում Անդրկովկասում «արտատարածքային միջանցքի» ստեղծումը:

Ըստ Օվերչուկի՝ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, որ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով անցնում է ճանապարհը»։

«Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական»,– պարզաբանել է նա։

Այսինքն, նախ պիտի հեռացնենք մեր ճանապարհներից ադրբեջանական վերահսկողությունը, և հարց է՝ ինչո՞ւ ենք դա թույլ տվել:

ԳՇ պետի տեղակալի և Նիկոլ Փաշինյանի խոսքերն իրար հակասում են

Սեպտեմբերի 28-ին Ջերմուկի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունեցավ:

Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թշնամու սադրիչ գործողություններին անդրադառնալով՝ ասել է.

«Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել»:

Նույն օրը Վարդենիսում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն այս առնչությամբ նշել է.

 «Ջերմուկի հատվածում, իսկապես, միջադեպ է եղել, հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ, ԱԹՍ, որի հետևանքով 3 զոհ ենք ունեցել: Այդ հարցը տեղի է ունեցել, երբ սկսել են խոչընդոտել հակառակորդի կողմից տարվող աշխատանքներին և իրենց դիրքերի բարելավմանը»:

Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Ըստ մամուլում շրջանառվող տարբեր տեղեկությունների, այդ օրը զոհ ունեցել ենք ԱԹՍ-ի հարվածից:

Աբսուրդային է, որ երկրի ղեկավարի և ԳՇ պետի տեղակալի առաջ քաշած տարբերակներն են իրար հակասում: Այս դեպքում պաշտոնական ո՞ր տեղեկատվությանը հավատանք:

Երբ ԳՇ պետի տեղակալը տեղյակ չէ շրջափակման մեջ եղած ադրբեջանական խմբի ճակատագրից

Բայց «կիքսերն» այսքանով չեն ավարտվում: Սեպտեմբերի 16-ին ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խմբի մասին:

«Մեկ խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ սնունդ, ջուր, լինի հատուկ պատրաստված ստորաբաժանում, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից: Այսինքն, մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա: Չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք, ներկա դրությամբ էլ չկան, իրենք չեն կարողանում ապահովել իրենց սնունդն ու ջուրը: Եվ իր կենսունակությունը կորցնելով, խումբը հետ կքաշվի և կմիանա Ջերմուկի մատույցներից առավել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց ստորաբաժանումներին: Հակառակորդի մեկ խումբը 10-12 զինծառայող է, ոչ ավելի»,- նշել էր գեներալ Ասրյանը՝ վստահեցնելով, որ իրադրությունը ՀՀ ԶՈՒ հսկողության տակ է:

Վարդենիսում նույն Ասրյանի տեղակալ նույն Մարտիկյանին լրագրողները հարցրել են՝ 13 օր է անցել, ի՞նչ եղավ շրջափակման մեջ գտնված ադրբեջանական խումբը, ԳՇ պետի տեղակալն արձագանքել է.

«6-7 օր է գտնվում եմ այստեղ, և ավելի շատ կենտրոնացած եմ այս տարածաշրջանի վրա, տեղյակ չեմ»:

Իսկ գուցե նման բան գոյություն չունե՞ր, իսկ եթե ուներ, ապա դրա մասին արդյո՞ք արժեր բարձրաձայնել, նաև՝ թե ինչ ենք մտադիր անել: Այսինքն, մեր ռազմական ղեկավարությունը պետք է շատ լավ մտածի որևէ հայտարարությունից առաջ՝ չնպաստելով նաև բանակի և դրա ղեկավարության հանդեպ անվստահության սրմանը:

Այսպե՞ս ենք պատերազմ վարել՝ մի տեղում լինելով, մյուսից տեղյակ չենք եղե՞լ: Այսինքն, ԳՇ պետի տեղակալը 6-7 օր իր վերադասի հետ կապ չի հաստատե՞լ, երբ սպասելի էր, որ այդ հարցը հաստատ տալու են իրեն:

Նախկինների օրոք մի փայլուն օպերացիայի մասին

Վարդենիսում ԳՇ պետի տեղակալը հայտարարել է, որ վերջին գործողությունների հետևանքով Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմինները չի հաջողվում դուրս բերել:

Այստեղ հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 24-ին հայկական զինուժը հատուկ գործողության արդյունքում կարողացավ տարհանել Արցախի տարածքում նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները, մասունքները:

Խոցման օրից հայ օդաչուների մարմինների վերադարձի հարցը քննարկվում էր միջազգային մակարդակով, բայց գործը տեղից չէր շարժվում: Ակնհայտ էր, որ խնդրի լուծումը հնարավոր է բացառապես սեփական ուժերով:

«Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները` այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, ովքեր, բնականաբար, մահացած կլինեն տարբեր պատահարներից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն»,- 2014թ. կարծիք էր հայտնել այդ ժամանակ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այն, որ այսօր մեր զինվորների մարմինները չի հաջողվում հանել, դա զինված ուժերի խնդիրը չէ, այլ պետության, որ չի կարողանում ապահովել նման օպերացիաների իրականացումը: Իսկ բանակը՝ զինվորն ու դիրքապահ սպան, հրամանատարը շարունակում են մնալ մեր անվտանգության երաշխավորը, բայց նրանց թիկունքն ամրացնել է պետք, այլ կերպ ասած՝ նախ նրանց իսկ անվտանգության ապահովման մասին պետք է մտածել:

Տեսանյութեր

Լրահոս