ՊՆ իրականացրած որոշ ծրագրեր Ժիրայր Լիպարիտյանի՝ «Սպիտակ թղթի» առաջարկների տրամաբանության մեջ են նաև

Օրերս 168.am-ն անդրադարձել էր ԶՈՒ-ում Նիկոլ Փաշինյանի օրոք ներդրված ատեստավորման համակարգին, մասնավորապես, բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին, դրա ազդեցությանը ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա:

Բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին դեռ առավել մասնագիտական կանդրադառնանք, թե արդյո՞ք դրա արդյունքում բանակում ունենալու ենք իրապես գրագետ և բարեխիղճ սպաներ, զինվորական բարձր պաշտոն զբաղեցնողներ, իսկ հիշատակված հոդվածում ավելի շատ անդրադարձել ենք դրա բարոյահոգեբանական կողմին: Բայց նախքան այդ, մի փոքր էքսկուրս անցկացնենք ԶՈՒ-երում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սկսել էր մտածել բարեփոխումների մասին, իսկ 2021-ի փետրվարի 5-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անակնկալներ էր խոստացել:

«Այն ծրագրերը, որոնք կապված են բանակի հետ՝ առանց քաղաքական աջակցության հնարավոր չէ իրականացնել: Դրանք պետք է ընկալելի լինեն ոչ միայն բանակի խնդիրների մեջ ներգրավված սպայակազմին, այլ նաև բանակից դուրս ողջ հասարակությանը: Եվ այդտեղ քաղաքական մեծամասնությունը մեծ անելիք ունի: Մենք պետք է ժամանակ չկորցնելով՝ արձանագրենք հաջողություններ»,- «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում մասնավորապես ասել էր Քոչարյանը՝ նշելով, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, 10 տարի է՝ քննարկում են մեր երկրի անվտանգությունը:

Կարդացեք նաև

Իսկ 2021 թվականի փետրվարի վերջին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում արդեն Վաղարշակ Հարությունյանն էր ինչ-ինչ փակագծեր բացել:

«Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները,- ասել էր Հարությունյանը և հավելել,- Հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք խնդիրները: Մասնավորապես, մարտական և թվային կազմի օպտիմալացում կլինի՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով։ Բացի այդ, նախատեսված է ընտրովի վերազինում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով ու համակարգերով՝ ըստ ոլորտների առաջնահերթության, ինչպես նաև՝ կադրային ներուժի պահպանում, սպաների, քաղծառայողների և պայմանագրային զինծառայողների պատրաստվածության մակարդակի բարձրացում»:

Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը նշել էր, որ հիմնական ջանքերն ուղղվելու էին կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, հրթիռային ուժերի, հրետանու զարգացմանը և այլն: Թե ուր հասանք, այդպես էլ գաղտնի մնաց: Դավիթ Տոնոյանից հետո Պաշտպանության նախարար նշանակված Վաղարշակ Հարությունյանին 2021 թվականի օգոստոսի 2-ին փոխարինել էր Արշակ Կարապետյանը:

Նրա օրոք, ըստ էության, բանակում բարեփոխումների մասին բովանդակային առումով ևս չեղան լուրջ գաղտնազերծումներ: Բնականաբար, պարզ էր՝ շարունակվելու էր ռուսական գիծը, ընդ որում, հստակ պայմանավորվածությունների տեսքով՝ կապված սպառազինության մատակարարման հետ:

Իսկ 2022 թվականի փետրվարին արդեն ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է»,- ասել էր Պապիկյանը:

Թե այդ հայեցակարգում կոնկրետ ի՞նչը չէր գոհացրել Սուրեն Պապիկյանին, և ինքն անձամբ ի՞նչ փոփոխություն էր առաջարկել, և արդյո՞ք ԳՇ-ի հետ քննարկվել էր այդ հայեցակարգը և վերախմբագրման որոշումը, բնականաբար, չէր ասվել, թեպետ հայեցակարգի վերաբերյալ տեղեկությունը գաղտնի չէ:

Ավելին, ինչպես 2021 թվականի փետրվարի 9-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, հայեցակարգի առանձին էլեմենտներ նույնիսկ չէին էլ քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում:

Ի դեպ, 2021 թվականի հուլիսին թողարկվել էր «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» գիրք-հետազոտությունը՝  հեղինակներ՝ Ռոբերտ Այդաբիրյան (Փարիզ), Ժիրայր Լիպարիտյան (Բոստոն), Թալին Փափազյան (Էքս ան Պրովանս):

2022 թվականի փետրվարին պրոֆեսիոնալ բանակի ստեղծման կամ կանոնավոր բանակի վերացման համատեքստում այս վերլուծության որոշ հատվածների անդրադարձել ենք։

«Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար»,- նշված է «Սպիտակ թղթում»:

Այսօր, երբ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակում ներդրվել է ատեստավորման նոր համակարգը, 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը և այլն, հարկ է անդրադառնալ «Սպիտակ թուղթ» կոչվող վերլուծության մեջ ներառված այլ առաջարկների, կրկնում եմ, այն հրատարակվել է 2021 թվականի հուլիսին:

«Ստեղծել կամավոր պայմանագրային պահեստային ուժ` հիմնված տարածքային սկզբունքի վրա՝ պրոֆեսիոնալ բանակին աջակցելու համար» խորագրի ներքո, մասնավորապես, առաջարկվում է.

«2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ունի վատ պատրաստված պահեստազորայիններ՝ անհամարժեք պատրաստվածությամբ և բանակի գծային ստորաբաժանումների հետ լավ ինտեգրվելու անկարողությամբ: Կամավորներին ուղղված վարչապետի կոչն այս իրավիճակի ակնհայտ ապացույցն էր:

Պայմանագրային պահեստազորայինները հավաքվում էին շաբաթական մեկ անգամ՝ ցածր մակարդակի ուսուցման, և պարբերաբար՝ շաբաթ-կիրակի օրերին վերապատրաստման, իսկ հավաքական դաշտային ուսուցման համար՝ տարեկան մի քանի շաբաթ:

Կարող են ստեղծվել նաև իգական պահեստային ջոկատներ, որոնք, հնարավոր է, սկզբում առանձնացված լինեն արական սեռից: Արտերկրում ապրող հայերի համար կարող են լինել օրենսդրական դրույթներ՝ որպես պայմանագրային պահեստազորայիններ ընդգրկվելու համար:

2020 թ. պատերազմի ընթացքում մի շարք սփյուռքահայեր կամավորագրվեցին՝ առանց Հայաստանի քաղաքացիություն ունենալու: Այս մարդկանց առնչությամբ, որոնք փաստացի պաշտպանված չեն հայկական պետության կողմից, գոյություն ունի իրավական սողանցք: Յուրաքանչյուր պահեստային միավոր կապված է ակտիվ բաղադրիչ միավորի հետ:

Ակտիվ պահեստազորը պետք է ինտեգրվի Ընդհանուր բանակի հայեցակարգին՝ առանձին, բայց զուգահեռ հրամանատարական շղթաներով: Կան կամավոր խմբեր, որոնք զբաղվել են պահեստազորայինների և նախազորակոչիկների պատրաստմամբ: Դրանք կարող են օգտակար լինել այս տեսակի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև հասարակություն-բանակ հարաբերությունների սոցիոլոգիական կողմերի համար, ու նաև որոշելու համար, թե ինչ են ուզում քաղաքացիները և պատրաստ են կամ պատրաստ չեն դրանք կատարելու:

Պայմանագրային պահեստազորի առավելությունները.

Դեպի ծով ելք չունեցող երկրներում՝ խորդուբորդ տեղանքով և սահմանափակումներով (չափերով, կազմակերպչականությամբ, ֆինանսապես, հագեցվածությամբ) պահեստազորը կարող է աջակցել գործող ուժին:

– Տարածքային սկզբունքի վրա հիմնված գործուն պահեստազորը կստեղծի ամբողջական ստորաբաժանումներ՝ տեղական ստորաբաժանումների անձնակազմի շատ ավելի մեծ համախմբվածությամբ: Նրանք կունենան ավելի լավ ուսուցում և տեղանքի իմացություն:

Տարածքային բաշխումը նման պահեստազորին կստիպի արձագանքել շատ ավելի արագ՝ ի համեմատ կենտրոնացված ազգային ուժերի:

– Քաղաքացիների հետ կապի հաստատում տեղական մակարդակում, ինչը կդառնա փողոց՝ երկկողմանի երթևեկությամբ. օրինակ՝ այն կդառնա «մեր համայնքային գունդը»:

Այն հնարավորություն է տալիս քաղաքացի-զինվորներին (ստորաբաժանման հիմնական մասը) ծառայել իրենց երկրին՝ միաժամանակ շարունակելով ապրել, աշխատել և սովորել իրենց սեփական համայնքում:

Այն փոխանցում է լիարժեք մոբիլիզացված երկրի զգացում, որը պատրաստ է պաշտպանվել յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

– Այն մեղմում է ժողովրդագրական տկար պատկերը:

– Այս ուժերը օգտակար են նաև խաղաղ ժամանակներում:

– Այս նախատիպը կարող է հարմարեցվել հայկական պատմական ավանդույթի օրինակով՝ այն «հիմնավորելու» համար ազգային փորձի մեջ»:

Գրքում նշվում է, որ նշված ուղղությունները կարիք ունեն խոր և լայնակի ուսումնասիրման, և համեմատության համար բերվում են մի շարք երկրների օրինակներ՝ Ֆինլանդիա, Շվեյցարիա, Իսրայել և այլն:

«Հայաստանի քաղաքացիների սոցիալական երկարաժամկետ հակումները, ինչպես նաև արտաքին քաղաքականության ընտրությունը, որն արվել է այսօր և կարվի մոտ ապագայում՝ որոշումներ կայացնողների կողմից, փոխկապակցված են այն ուղղությունների հետ, որոնք, ի վերջո, պետք է գերակա դառնան Հայաստանի պաշտպանական համակարգի նկատմամբ»,- նշվում է «Սպիտակ թղթում»:

Ինչ է այսօր անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. Զինված ուժերում ցանկացած բարեփոխում փաթեթավորում է առաջին հերթին սոցիալական խնդիրների լուծմամբ: Օրինակ, սպաները, զինվորական բարձրագույն ղեկավարությունը պետք է ատեստացիա հանձնի և դրանով վաստակի իր բարձր աշխատավարձը:

«Ասում են, թե ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չենք բարձրացնում. շատ պարզ պատճառով, այդ թվում՝ դառը փորձի պատճառով. ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, կարող են իրենց ուսերին կրել այդ բեռը: Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ նաև հանրությունը համոզված լինի, որ, եթե պետությունն ինչ-որ մեկին վստահել է պահպանել երկրի անվտանգությունը, ապա այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը: Պատկերացրեք՝ մենք միլիարդներ ծախսենք, 500-600 հազար դրամ աշխատավարձ տանք մի մարդու, որը չգիտի զինվորական գործը: Իսկ, ցավոք, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր լինում են և ամենևին էլ վիճակագրական շեղման չափ քիչ չեն, որ ուշադրություն չդարձնենք»,- նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում պատասխանելով ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին՝ նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես արդեն նշեցինք, ներդրվել է 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու ծրագիրը:

Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում: Զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար, իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ զորացրելու դեպքում՝ փաստացի ծառայած ամիսների դիմաց:

Իգական սեռի ներկայացուցիչները 6 ամիս անց իրավունք կունենան «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայության։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս գաղափարի համար հիմք է ծառայել նաև «Սպիտակ թուղթ» վերլուծության մեջ ներառված առաջարկը՝ «կարող են ստեղծվել նաև իգական պահեստային ջոկատներ, որոնք, հնարավոր է, սկզբում առանձնացված լինեն արական սեռից»:

Ի դեպ, ըստ էության, «Սպիտակ թուղթը» իր առաջարկներով լայն հնարավորություններ է նախատեսում ռազմամարզական և տարբեր հասարակական կազմակերպությունների, խմբերի գործունեության համար՝ առաջ քաշելով համայնքային պաշտպանության գաղափարը: Օրինակ, այսօր ՈՄԱ-ն փայտահողային պաշտպանական կետեր է կառուցում և պնդում, որ այդ տարածքները համայնքային սեփականություն են և դուրս են ՊՆ վերահսկողության գոտուց: Նոյեմբերի 7-ին 168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք նախարարությունը, ամեն դեպքում, որևէ ծրագրի շրջանակում փորձել է համագործակցության եզրեր գտնել այս կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությունը տեղավորում են Ազգ-բանակ գաղափարի տրամաբանության մեջ, և արդեն 3 շաբաթից ավելի է՝ դեռ այս պարզ հարցի պատասխանը չենք ստացել:

Վերադառնանք «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» գրքում շեշտադրված մտքին, թե «2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ունի վատ պատրաստված պահեստազորայիններ՝ անհամարժեք պատրաստվածությամբ և բանակի գծային ստորաբաժանումների հետ լավ ինտեգրվելու անկարողությամբ», և հավելենք, որ 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ: Մասնավորապես, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում էր աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Աշխարհազորը ֆորմալ առումով ձևակերպվում էր հետևյալ կերպ՝ «Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»։

Առաջարկվող նախագծով, աշխարհազորայինների հավաքագրման գործառույթը նախատեսված էր պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում, սակայն աշխարհազորը գործելու էր գլխավոր շտաբի ենթակայությամբ։

Մյուս կողմից, աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը պիտի լիներ (գյուղական համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետի տեղակալ, մարզպետի տեղակալ), իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը (Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը)։

Սակայն միայն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին էր ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը, որից հետո հոկտեմբերի 29-ին, օրինակ, նշանակվեցին մարզպետների միանգամից 7 տեղակալներ: Այսինքն, աշխարհազորի ստեղծման գործընթացը հունի մեջ մտավ միայն պատերազմի ավարտին, սակայն կամավորական տարբեր խմբեր գործուղվել էին մարտական գործողությունների վայր, իսկ պատերազմից հետո սկսեցին քննարկել դրանում առկա բացերը: Սա՝ զուտ հիշեցման կարգով, այն առանձին քննարկման թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս