Փաշինյանը Թուրքիայի պահանջով է փոխում Սահմանադրությունը՝ ջնջելու Արցախը, Արարատը, եկեղեցին, ցեղասպանության ճանաչումը… այսօր՝ Սյունիքը, վաղը՝ Գյումրին. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են՝ որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։

Դրանք բոլորը, առանց բացառության, տապալվել են`

Կարդացեք նաև

2018թ. մայիս – Արցախյան հակամարտության հարցում «Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ»

2020թ. փետրվար – Արցախի հարցի լուծման «Մյունխենյան 6 սկզբունքներ»

  • թ. սեպտեմբեր – «Հայաստան 2050»
  • -2021թ. մայիս – «Զորքերի հայելային հետքաշում»

2021թ. սեպտեմբեր – «Խաղաղության դարաշրջան»

2022թ. փետրվար – «Խաղաղության խաչմերուկ» (նախկինում՝ «Հայկական խաչմերուկ»)

2022թ. ապրիլ – «Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության ապահովման միջազգային մեխանիզմների ստեղծում»:

  • Պետք է նշել, որ Փաշինյանի բոլոր այս նախաձեռնությունների տապալումը ոչ միայն պարզապես տապալում է եղել, այլև հանգեցրել է կորուստների կամ անմիջապես, կամ նպաստել է ընդհանրապես Հայաստանի բանակցային ու ռազմական դիրքերի աստիճանական թուլացմանը։
  • Տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հերթական նոր նախաձեռնությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ»։ Կարծում եմ՝ կարելի է կռահել, թե ինչ ճակատագիր է սպասվում այս նախաձեռնությանը ևս։
  • 2018 թվականից հետո որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչո՞ւ ենք հրաժարվում նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ներկայացրած սկզբունքներից, որոնք օգնում էին, որ Արցախի հարցը պրոհայկական լուծում ստանա։ Տապալվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, ինչի ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարել Թուրքիան։
  • Ամենամեծ վտանգն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի զրոյական կետ հայտարարելով՝ ոչ միայն օրինական է համարում այն ամենը, ինչ կատարվել է այս ընթացքում Արցախում, այլև 1990-ականներին Բաքվում, Սումգայիթում, Գանձակում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են նրա այդ հայտարարությամբ լեգիտիմացվում: Բացի այդ, լեգիտիմացվում են  Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանավորումը, ինչպես նաև Հայաստանի սահմանների հետ կապված Բաքվի պահանջները։ Դա թույլ է տալիս Ադրբեջանին ասելու, որ Արցախում ոչինչ չի եղել, իսկ հիմա կա սահմանների ճշգրտման հետ կապված խնդիր:
  • Հարավային Կովկասի նշանակությունը։ Արևմուտքի միակ և հիմնական դաշնակիցը Թուրքիան է։ Թուրքիա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, այն տարածքներն են, որոնք հիմնականում բնակեցված են թյուրքալեզու ժողովուրդներով։
  • Միջին միջանցքը, Սյունիքը, փորձում են ստանալ Թուրքիան և Արևմուտքը, Իրանը փորձում է դա չեզոքացնել, Իրանն այս դեպքում զրկվում է Հարավ-Հյուսիս ճանապարհից, և դրա համար է Իրանը առաջ մղում Հյուսիս-Հարավ նախագծի հայկական տարբերակը։ Մինչդեռ 2018 թվականից հետո Հյուսիս-Հարավ նախագծի ուղղությամբ էական ոչ մի աշխատանք չի կատարվել, որը պատահական չէ, և առաջիկայում էլ չի արվելու։ Պատահական չէր, որ մինչև 2018-ի «հեղափոխություն» կոչվածը, այսօրվա դե ֆակտո իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանը, որպես ընդդիմություն՝ թիրախավորում էր ՀՀ նախկին իշխանությունների նախաձեռնած Հյուսիս-Հարավ նախագիծը, որը Հայաստանի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունի: 
  • Աշխարհի քաղաքական քարտեզի վրա կա 3-4 կարևոր կետ, որոնցից մեկը Սյունիքն է։

 

  • Չինաստանը առկա է աշխարհաքաղաքական խճանկարի մեջ, որն ունի հակաթուրքական զսպող բաղադրիչ։ Չինաստանի և Իրանի համար ընկալելի է, որ Թուրքիայի ուժեղացումը տարածաշրջանում  սպառնալիք է իրենց համար։
  • Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն վերաիմաստավորելու իր աշխարհաքաղաքական դիրքը, վերագնահատելու և վերահաշվարկելու աշխարհաքաղաքականությունը մեր բարդ ու բազմաշերտ տարածաշրջանում։ Դրա համար Հայաստանը, առաջին հերթին, պետք է ունենա ազգային իշխանություն:
  • Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են Զանգեզուրի միջանցքի հիմք հանդիսացող ենթակառուցվածքը։ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունները հստակ ասել են այդ միջանցքի կարևորության մասին, կա իրավական փաստաթուղթ՝ միջանցքային տրամաբանության մասին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Ադրբեջանը ստացել է դիտարկելի գոտիներ երկու կողմից՝ Վայոց ձոր և Սյունիք։ 

Հայկական կողմն այս թեմային ունի միայն մեկ դիմադրության հնարավորություն, կարող է միայն թույլ չտալ արտաքին վերահսկողություն, սա լավ չէ, որովհետև, եթե Ադրբեջանը ստանա ճանապարհները, ապա դրանով կլեգիտիմացնի Սյունիքի վրա ռազմական հարձակումը։

  • Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցով խոսում էր այս տարածաշրջանում առկա այլ դերակատարների հետ։ Հստակ ուղերձ էր հղում, որ ունեն հնարավորություն ռազմական ճանապարհով լուծելու իրենց ծրագրերը։ Ադրբեջանական կողմի բոլոր ծավալապաշտական նկրտումներին որևէ իրական պատասխան Հայաստանից չի եղել։
  • Թուրքիան հնարավորինս ամեն ինչ անելու է, որպեսզի ստանա հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, որը հիմք կստեղծի հաջորդ քայլերն անելու համար։
  • Մեր խնդիրը պետք է լինի՝ ընդհանրապես ճանապարհ չտալ։ Եթե ծրագիրն իրականացնեն, հայկական պետականությունը կորցնում է իմաստը։
  • Այն պահից, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը որևէ թղթի տակ ստորագրի՝ հաստատելով, որ Արցախը եղել է Ադրբեջանի մաս, Հայաստանի դեմ Ադրբեջանը դնելու է ռազմատուգանքների և ռեպարացիաների պահանջները:

Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և իր ելույթում կրկին խոսել Հայաստանի տարածքի մասին՝ նշելով.

«Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել՝ քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության  հողային հաշվեկշռով»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն Արդարադատության  նախարարությունում ևս մեկ հարված է Հայաստանին։ Աբսուրդ է ասել, որ մենք չգիտենք՝ Հայաստանի տարածքն ինչքան է։

  • Թուրքական մինի նախապայմաններ կան, որոնցից մեկն Արցախ բառը չասելն է, երկրորդը՝ Արարատ լեռն է և ցանկացած նշան, որն այս պահին Հայաստանի վերահսկողության ներքո չէ։ Թուրքիան պահանջատեր է և նախապայմաններ է դնում՝ գերբը փոխելու, որպեսզի Հայաստանի ամբողջ հերալդիկ համակարգից հանվեն Արարատ բառն ու պատկերը։ Թուրքիայի պահանջով փոխելու են Սահմանադրությունը, որտեղ չի լինելու եկեղեցին՝ որպես ազգային կառույց։ Կարևոր է հասկանալ, թե ինչն են հանելու Սահմանադրությունից։ Չի բացառվում, որ վաղը պահանջ դրվի Գյումրիի նկատմամբ… Թուրքական կողմը կարող է  բերել մի փաստաթուղթ, որ, օրինակ, 1920 թվականին Գյումրին թուրքական է եղել։

  • ՀՀ դե ֆակտո իշխանությունները Սյունիքի հանձնումը սկսել են այն պահից, երբ հանձնել են Արցախը։ Այս պահին մեր երկրի դե ֆակտո իշխանություններն իրենց գործողություններով Սյունիքը դարձրել են կախյալ տարածք։
  • Թուրքիայի ներքաղաքական կյանքի հիմնական ինտրիգն այն է, թե որքանով ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները կկարողանան վերընտրվել։ Բայց մեզ համար էական չէ, թե ով կգա, որովհետև անկախ անձից և քաղաքական ուժից՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվում, պատկերավոր ասված՝ ուտեստը միշտ նույնն է, փոխվում է միայն սոուսը։
  • Այսօր Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ, ինքնուրույն խաղացող չէ, սա այն կարևոր փոփոխությունն է, որ տեղի է ունեցել։ Կա երկու սուբյեկտ՝ Իրանը և ՀՀ քաղաքացիները, ի դեպ, վերջինները չեն գիտակցում դեռ, որ սուբյեկտ են։ Ինչքան էլ Ֆրանսիայի Սենատը բանաձև ընդունի, և քանի նման սենատներ բանաձևեր ընդունեն, դրանից մեզ համար հողի վրա ոչինչ չի փոխվի:
  • Նման՝ գոյության պայքարի, լինել-չլինելու իրավիճակներ միշտ էլ եղել են մեր պատմության ընթացքում: Օրինակ, 1918 թվականին, և այդ իրավիճակից դուրս գալու հիմնական ռեսուրսը եղել է հանրությունը, ժողովուրդը։

Պետք է հասկանանք, որ մենք ունենք բացառիկ հնարավորություն բեկում մտցնելու, և այդ միակ ռեսուրսն ու հենարանը ժողովուրդն է։ 

  • Քանի դեռ տեղի է ունենում աշխարհի վերափոխումը, մեզ համար հնարավորություն կա բեկում մտցնելու, պետք է ազգային իշխանություն, որը կկարողանա Հայաստանը դարձնել կշիռ և դերակատարություն ունեցող  պետություն:   

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս