«Տուժողը դատարանում հայտարարել է՝ Տիգրան Ուլուբաբյանը երբեք նման բան չէր անի. Տիգրանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում. Փաստաբան
Արդեն մի քանի ամիս է՝ Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանը կալանավորված է, նրան մեղադրում են ավազակային հարձակման մեջ, իբրև թե նա մի քանի անձանց հետ հարձակում է կատարել իր հարազատներից մեկի տան վրա։
Նա երկկողմանի ծնողազուրկ է, եղբայրն ու հայրն ազատամարտիկ են եղել, զոհվել են և մոր հետ հուղարկավորված են Արցախում՝ Մարտունի քաղաքում։
Տիգրան Ուլուբաբյանի շահերի պաշտպան Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ այս պահին ընթանում են դատական նիստեր, տուժող կողմն է ցուցմունք տալիս, այն դեռևս չի ավարտվել։
«Տուժող կողմը դատարանում հստակ հայտարարել է՝ Տիգրան Ուլուբաբյանն իրենց նկատմամբ երբեք նման բան չէր անի, քանի որ նրան ինչ որ պետք լիներ, կարող էին տրամադրել։ Ասել է, որ իրենք տանը չեն եղել որոշակի ժամանակ, Ռուսաստանում են եղել, եթե Տիգրանը նման բան անելու նպատակ ունենար, ապա հենց այդ ժամանակ կաներ, երբ տանը միայն տատիկն էր ապրում։
Բացի այդ, տուժող կողմն ասաց, որ Տիգրանն իմացել է, որ այդ օրն իրենց տանը մարդ կար, հյուրեր են ունեցել, հետևաբար՝ հնարավոր չէ, որ նա զանգահարեր տան վրա հարձակում կատարող անձանց ու ասեր՝ «տանը մարդ չկա, արխային մտեք»։ Կինն ասաց, որ Տիգրանը միջադեպից մեկ ժամ առաջ է իրենց տանը եղել։
Կարծում եմ՝ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, այդ տղան առհասարակ կապ չունի այս ամենի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Էրիկ Բեգլարյանը։
Ըստ փաստաբանի, Տիգրանը բողոքել էր, որ Վանաձորի ոստիկանությունում իրեն ծեծել են, մազերը քաշել, վրան սուրճ լցրել, դրա համար էլ այսօր որոշել են այդ ամենի համար նրան պատժել ու հաշվեհարդար տեսնել։
«Այս գործում առհասարակ ապացույց չկա, միայն մեկ հոգու տված ցուցմունք է։ Տուժող կողմն էլ ասում է՝ Տիգրանը չէր կարող տուն ներխուժած մարդկանց ասեր՝ տանը մարդ չկա, այն դեպքում, երբ մեկ ժամ առաջ է այդ տանը եղել։ Լավ, եթե նույնիսկ այդպես է, ինչպե՞ս կարող էին չորս հոգով մի գործ բռնեին, ու Տիգրանը մյուս 3 հոգուն սխալ տեղեկություն տար, տրամաբանությունից դուրս է։
Բացի ինձանից, այսօր Տիգրանի մոտ գնացող որևէ մեկը չկա, եղբայրը զոհվել է պատերազմում, ծնողներն էլ մահացել են։ Քույր ունի, բայց նա Հայաստանում չէ, հնարավոր չէ՝ անընդհատ գնա ու գա։ Ես եմ Տիգրանին դատարաններում տեսնում, մեկ էլ հեռախոսակապով ենք շփվում։ Այս պահին նրա ճակատագրով միայն ես եմ հետաքրքրվում, այլ մարդ չունի»,- ընդգծեց Էրիկ Բեգլարյանը։
Նշենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը)։
Դեռևս տարվա սկզբներին տեղի ունեցած ավազակային հարձակման միջադեպից հետո, Լոռու մարզային Քննչական վարչությունը Տիգրան Ուլուբաբյանին կանչել էր հարցաքննելու, որի ընթացքում, ինչպես հետո Տիգրան Ուլուբաբյանն էր հայտարարել՝ իրեն ծեծել են, նվաստացրել և ստիպել են, որպեսզի խոստովանի, թե ինքն է իրականացրել բարեկամուհու տան վրա հարձակումը։

