Այսօր Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Ընտրությունների՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։
«Այսօր Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ: Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին իրենց արժեքավոր աջակցության համար:
Կարևորելով Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի դերը՝ պարտավորվում ենք պահպանել վերջինիս ոգին` խթանելու համամարդկային ժառանգության պաշտպանությունը և պահպանումը»,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակության էջում:

