Արշակ Սրբազանը տուժող չի ճանաչվել՝ տեսագրության վարույթով, ասել է՝ տուժել է իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց. «Փաստինֆո»

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տուժող չի ճանաչվել իշխանությունների կողմից իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով։ Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող. «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վարույթը նախաձեռնվել է, նախաքննությունն իրականացվում է անձի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով, մինչդեռ, եթե Արշակ Սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում լինել։ Արշակ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։ Այսինքն՝ Արշակ Սրբազանի նկատմամբ եղել է ատելության տարածումը, հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննություն իրականացվի»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Բաբայանը։

Տեսագրությունը ՔԿ-ն փորձաքննության ենթարկել է, թե ոչ՝ փաստաբանը տեղեկություն չունի։
Հարցին՝ պատահական համարու՞մ է, որ հաղորդումը հենց Դանիել Իոաննիսյանն է ներկայացրել՝ Բաբայանը պատասխանել է՝ այն, որ Իոաննիսյանն իշխանությունների երկրպագուներից է և նրանց ջրաղացին ջուր է լցնում, ակնհայտ է. «Եթե Իոաննիսյանն իսկապես օբյեկտիվ պատճառ ունենար հաղորդում ներկայացնելու, ապա առնվազն չէր պնդի, որ այդ հոդվածով վարույթ նախաձեռնվի։ Եթե գիտես, որ Արշակ Սրբազանն ասում է, որ իր հետ կապ չունի, ապա հաղորդում կարող ես ներկայացնել՝ նշելով, որ նման բան կա, գնացեք և ճշտեք՝ ինչ է եղել, այլ ոչ թե ինչ-որ մեկը խախտել է Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը։ Այս առումով կարծում եմ, որ, այո, նա էլ մասնակից է այս ընդհանուր պրոցեսի, որ իշխանությունն ասի՝ ինչպես է տուժող ճանաչվել»։

Դիտարկմանը, որ այդ վարույթով, նման տեսանյութի տարածումն արդյո՞ք Արշակ Սրբազանի դեմ էր միայն՝ Բաբայանն արձագանքել է՝ նշելով, որ Արշակ Սրբազանին վերագրվող այդ տեսագրությունը կամ այդ դրվագն ընդգրկվում է Եկեղեցու դեմ իրականացվող այս ապօրինություններին։

«Արշակ Սրբազանի անձով պայմանավորված՝ պատահական չէ, որ հենց նա է ընտրվել, դիվանապետն է, եկեղեցում հարգանք վայելող անձ է, բնական է, որ եկեղեցու դեմ այս հանցավոր գործունեության թիրախներից մեկը պետք է լիներ նաև Արշակ Սրբազանը։ Այո, Արշակ Սրբազանի այս դրվագն ընդգրկվում է եկեղեցու դեմ սանձազերծված այս ապօրինություններին»,- ընդգծել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 25-ի գիշերը նորահայտ ArmenianWikileaks տելեգրամյան ալիքում ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակվել՝ իբրև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և մի կնոջ մասնակցությամբ։ Արշակ սրբազանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ շահագրգիռ անձանց հրապարակավ հղելով իր արհամարանքն ու քմծիծաղը: «Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն»,- նշել էր նա։

Ընդ որում, հանցագործության մասին հաղորդում ներկայացվել էր ոչ թե Արշակ Սրբազանի, այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

Հանցագործության մասին հաղորդումը դատախազությունում չորս օր մնալուց հետո ուղարկվել է ՔԿ, որտեղ քրեական վարույթ նախաձեռնվել է՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով։

Տեսանյութեր

Լրահոս