Գիտնականները նշել են այն սննդամթերքները, որոնք մահացու սպառնալիք են մարդկության համար
Հետազոտողների միջազգային խումբը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում գերմշակված սննդի սպառման արագ աճը խոշոր սննդի կորպորացիաների գործողությունների, այլ ոչ թե սպառողների ազատ ընտրության արդյունք է։ Այս ընկերությունները ոչ միայն խթանում են ոչ առողջարար ապրանքների պահանջարկը, այլև ակտիվորեն խոչընդոտում են այն միջոցառումներին, որոնք կարող են նվազեցնել դրանց բացասական ազդեցությունը առողջության վրա։ Ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet ամսագրում։
Գերմշակված սննդամթերքի մեջ են մտնում խորտիկները, քաղցրավենիքը և կիսաֆաբրիկատները։ Դրանք պատրաստվում են վերամշակված բաղադրիչներից և սննդային հավելումներից, գործնականում չեն պարունակում սննդանյութեր և լի են շաքարով, աղով և հագեցած ճարպերով։
Մելբուռնի համալսարանի դոցենտ և ուսումնասիրության ղեկավարներից մեկը՝ Դյորդ Սկրինիսը, ընդգծել է, որ գերմշակված սննդամթերքի դեմ պայքարը պետք է լինի համարձակ և համակարգված։
«Միայն ցածրորակ արտադրանքի խիստ վերահսկողության և առողջ ընտրության իրական աջակցության համադրությունը կբարելավի բնակչության սննդակարգը»,- նշել է նա։
Գիտնականները առաջարկել են գերմշակված սննդի տարածումը զսպելու համար անհրաժեշտ միջոցառումներ՝ գովազդի սահմանափակում (հատկապես երեխաների համար), նման ապրանքների վաճառքի արգելում դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև սուպերմարկետներում դրանց համար հատկացված տարածքի կրճատում։

