Ուկրաինայի հարցով ԱՄՆ 28-կետանոց պլանը՝ միջազգային օրակարգի առանցքում. ինչ կնշանակի գլոբալ գործարքը Հայաստանի համար

Վերջին օրերին միջազգային մամուլում ամենաքննարկվող թեման Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի ներկայացրած 28-կետանոց խաղաղության առաջարկն է։ Այն արագորեն վերածվեց ոչ միայն միջազգային թիվ մեկ մեդիա նորության, այլև գերտերությունների քաղաքական հաղորդագրությունների կենտրոնական առանցքի։ Միացյալ Նահանգները պլանը ներկայացնում է՝ որպես նոր դիվանագիտական նախաձեռնություն, որը պետք է հարթակ ստեղծի Ուկրաինայի պատերազմի դադարեցման բանակցությունների համար։

Վաշինգտոնը շեշտում է, որ փաստաթուղթը մշակվել է ԱՄՆ-ի կողմից: Չնայած արևմտյան մամուլի ինտենսիվ հրապարակումներին, որ ԱՄՆ-ը սպառնում է Ուկրաինային և պարտադրում ընդունել պլանը, ամերիկյան կողմը հստակեցնում է՝ խաղաղության պլանը պարտադրանք չէ Կիևին և պետք է դառնա «աշխատանքային հիմք» հնարավոր բանակցությունների համար։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պլանն «Ամերիկայի կողմից հաստատված նախագիծ է, ոչ թե ռուսական նախաձեռնություն, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ ԱՄՆ-ը հույս ունի, որ Զելենսկին կստորագրի խաղաղության պայմանագիրը մինչև նոյեմբերի 27-ը։ Ըստ FT-ի՝ ամերիկացիները պլանավորում են համաձայնագիրը ներկայացնել Մոսկվայում այս ամսվա վերջին և գործընթացն ավարտել դեկտեմբերի սկզբին։

Ռուսաստանն ամերիկյան պլանը դրական է գնահատում և հայտարարում՝ նոր առաջարկը կարող է դառնալ «բանակցությունների հիմք»: Օրերս հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պլանը «կարող է հիմք հանդիսանալ վերջնական քաղաքական կարգավորման համար», սակայն Մոսկվան դեռ չի ներկայացրել ամբողջական պաշտոնական գնահատական։

Կարդացեք նաև

Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմեց ուկրաինացի ժողովրդին։ Նրա խոսքով, Ուկրաինան շատ դժվար ընտրության առաջ է կանգնել: «Կամ արժանապատվության կորուստ, կամ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ, կամ դժվար 28 կետեր, կամ չափազանց դժվար ձմեռ, մինչ օրս ամենադժվարը, և հետագա ռիսկեր»,- զգուշացրել էր նա։

Զելենսկիի խոսքով, ուկրաինացիների արժանապատվությունն ու ազատությունը կմնան այն խաղաղության ծրագրում, որի վրա Ուկրաինան աշխատում է Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանի հետ զինված հակամարտության ավարտից հետո։ «Որովհետև սա է այն, ինչի վրա հիմնված է մնացած ամեն ինչ՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր հողը, մեր ժողովուրդը և Ուկրաինայի ապագան։ Մենք կանենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի սա ավարտի պատերազմը և չվերջացնի Ուկրաինան»,- բացատրել էր նա։

Խաղաղության ծրագրի տեքստը հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, իսկ դրա իսկությունը հետագայում հաստատել՝ Սպիտակ տունը։ Ամերիկյան պլանի հիմնական դրույթներն են՝ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են որպես փաստացի ռուսական տարածքներ, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի սահմանները սառեցվում են առաջնագծի երկայնքով, Դոնբասի ներկայումս չօկուպացված մասը վերածվում է ապառազմականացված գոտու՝ Ռուսաստանի արդյունավետ վերահսկողության ներքո:

Դրույթների ցանկում է նաև այն, որ Ուկրաինան պետք է իր Սահմանադրության մեջ ամրագրի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը՝ կտրուկ կրճատելով իր զինված ուժերը, մնալով ոչ միջուկային պետություն: Ըստ պլանի՝ Մոսկվան կվերադառնա G8, և պատժամիջոցները կհանվեն, կհաստատվի Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցություն, 100 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվները կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար, ԱՄՆ-ը կվերցնի ապագա շահույթի կեսը, Եվրոպան կավելացնի ևս 100 միլիարդ դոլար, մնացած սառեցված ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-Ռուսաստան համատեղ նախագծերի համար:

Ուշագրավ է նաև, որ ամերիկյան պլանի համաձայն, մարդասիրական դրույթները ներառում են «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակումներ, երեխաների և քաղաքացիական անձանց վերադարձ, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման ծրագրեր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Ժնևում կայացած ԱՄՆ-ՈՒկրաինա բանակցություններից հետո Truth սոցցանցում գրել է.

«Արդյո՞ք հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում իրոք մեծ առաջընթաց է արձանագրվել։ Չհավատաք, քանի դեռ չեք տեսել դա սեփական աչքերով, սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն»,- գրել է Թրամփը։ Ի դեպ, այս բանակցություններից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ Ժնևում կայացած բանակցություններն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը:

Ամերիկյան առաջարկը, բնականաբար, ոչ միանշանակ է ընդունվում ԵՄ-ի կողմից:Ամերիկյան ծրագրի հրապարակումից հետո հրապարակվեց նաև ԵՄ 24-կետանոց առաջարկ:

Bloomberg-ի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաները փորձում են ժամանակ շահել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, նրանք պատրաստում են հակածրագիր՝ ամերիկյան կողմին ներկայացնելու համար։

Telegraph պարբերականը ներկայացրել է 24 կետանոց պլանից որոշ մանրամասներ:

Բրիտանական պարբերականի տեղեկությամբ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մշակած ծրագիրը ներառում է մի շարք զիջումներ, այդ թվում՝ Ուկրաինայի բանակի թվաքանակի սահմանափակում և ընտրությունների անցկացում, որոնց արդյունքում նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հեռացվել իշխանությունից։ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի դեպքում նա կրկին կընդունվի G7՝ վերածելով այն G8-ի։

Միևնույն ժամանակ, ծրագրում նշվում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մնում է հնարավոր տարբերակ, ինչը բացառված էր ամերիկյան առաջարկում։ Սա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ում չկա միասնական դիրքորոշում Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Տարածքային հարցը մնում է հիմնական խոչընդոտը․ Թրամփի առաջարկով Ռուսաստանը կստանա Դոնբասը և Ղրիմի պաշտոնական ճանաչումը, իսկ այլ շրջաններում՝ ներառյալ Խերսոնն ու Զապորոժիեն, գիծը կսառեցվի։ Եվրոպական տարբերակը նախատեսում է բանակցություններ սկսել շփման գծից՝ նվազեցնելով այն տարածքները, որոնց կարող է հավակնել Պուտինը։

Նշվում է նաև, որ Եվրոպայի հակադարձ առաջարկը Դոնալդ Թրամփի Ուկրաինայի պատերազմի դադարեցման 28-կետանոց ծրագրին «համաձայնեցվել է» Ռուսաստանի հետ:

Ուկրաինայի շուրջ վերջերս շրջանառվող ամերիկյան 28 կետանոց պլանը ոչ միայն միջազգային մամուլի գլխավոր թեման է, այլ նաև նոր փուլ է ձևավորում գլոբալ մրցակցությունում։ Հայկական դիտանկյունից այս գործընթացը կարևոր է, որովհետև մեծ տերությունների հարաբերությունների վերադասավորումը ուղղակիորեն ազդում է Հարավային Կովկասի վրա, հատկապես՝ անվտանգության ճարտարապետության, տնտեսական միջանցքների և միջպետական հարաբերությունների տեսակետից:

Բարդ աշխարհաքաղաքական դիմակայությունը Ուկրաինայի հակամարտությունն ավարտելու շուրջ շարունակվում է, սակայն պետք է նաև արձանագրել, որ սա պատերազմի այս տարիների ընթացքում այն եզակի փուլերից է, երբ կարգավորման հնարավորությունը տեսանելի է դառնում:

Զուգահեռաբար օրերս Թրամփը կրկին անդրադարձել էր իր հարավկովկասյան «ձեռքբերումներին» և Պուտինի զարմանքին:

«Պուտինն ինձ ասաց՝ չեմ կարող հավատալ, որ Դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում էինք լուծել այն: Եվ ես ասացի. «Մի անհանգստացեք, թողեք ես լուծեմ այս պատերազմը։ Ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք հենց ձեր պատերազմում»»,- նշել էր Թրամփը։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ զգուշավոր լավատեսություն կա մի շարք շրջանակներում ծավալվող բանակցությունների վերաբերյալ:

Սակայն, ըստ նրա՝ բոլոր կարծիքները, մեկնաբանությունները նախնական են, քանի որ առճակատումը բարդ է, միջազգային հարաբերություններում անվստահության մակարդակը՝ ևս: Եվսեևի դիտարկմամբ՝ դա է ցույց տալիս նաև այն, որ ԱՄՆ պլանի հրապարակումից հետո պլան է առաջադրում նաև ԵՄ-ն, որը չի վստահում ամերիկյան ջանքերին և առաջարկված պլանը դիտարկում՝ որպես ռուսական պահանջների ձևակերպում, ինչը չի համապատասխանում իրականությանը:

«Ուկրաինական կողմն ուղերձներով է հանդես գալիս, չեմ կարծում, թե կա լիովին աջակցություն այս պլանին, սակայն չկա ցանկություն մերժելու ԱՄՆ-ին, ուստի բանակցությունները շարունակվում են, ԱՄՆ-ը կերկխոսի նաև Ռուսաստանի հետ: Իսկապես վաղ է կանխատեսումներ անելու համար, արդեն իսկ տեսնում ենք, որ գործընթացը բարդ է»,- ասաց Եվսեևը:

Սակայն, նրա դիտարկումների համաձայն, հնարավոր կարգավորումը շատ բան կփոխի աշխարհում, այդ թվում՝ գուցե նաև Հարավային Կովկասում:

«Այնուամենայնիվ ամերիկյան նախաձեռնությունը Ուկրաինայի շուրջ խաղաղության գործընթացը տեղափոխում է նոր մակարդակ, սակայն բուն կարգավորումը ստեղծելու է նոր իրավիճակ: Բնականաբար, կարելի է սպասել գերտերությունների մրցակցության նոր քարտեզ, որտեղ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների տատանումներն այլ բնույթ կկրեն, և դրանք կարտացոլվեն նաև Հարավային Կովկասում։ Բնականաբար, ցանկացած գլոբալ երկխոսություն անդրադառնում է փոքր տարածաշրջաններում միտումների, երկխոսության վեկտորների վրա, ուստի պետք է հետևել անընդհատ փոփոխվող գլոբալ երկխոսությանը, կանխատեսելով դրա հնարավոր տրամաբանական ազդեցությունը փոքր ռեգիոնների վրա»,- ասաց Եվսեևը:

Նրա կարծիքով, Հարավային Կովկասում ԱՄՆ-ՌԴ մեծ դիմակայություն չկա:

Ավելին, նրա՝ կանխատեսմամբ, նման դիմակայություն չի առաջանա ու խորանա նաև գլոբալ գործարքից հետո, գուցե՝ ընդհակառակը:

Տեսանյութեր

Լրահոս