Պրոֆեսիոնալ վիճակագիրների ամոթալի օգնությունը միջին վիճակագրական խաբեբաներին

Ազգային ժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումներից 1-2 օր առաջ պաշտոնական վիճակագրությունը շտապեց հրապարակել կարճ զեկույց 2024թ. աղքատության վերաբերյալ։

Չենք հիշում, որ նախկինում երբևէ նման նախադեպ եղած լիներ, բայց այս անգամ Վիճակագրական կոմիտեն գնաց այդ ճանապարհով՝ հավանաբար նպատակ ունենալով բյուջեի նախագծի քննարկումներից առաջ ինչ-որ կերպ մեղմել աղքատությունը նվազեցնելու վերաբերյալ կառավարության տված խոստման ձախողման ծանր տպավորությունները։

Հատկապես որ, դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր դժգոհություն հայտնել, թե ինչո՞ւ այսքան «աննախադեպ» տնտեսական հաջողություններից հետո Հայաստանում աղքատության ցուցանիշները չեն նվազում։

Եվ ահա այդ դժգոհությունից կարճ ժամանակ անց պաշտոնական վիճակագրությունը «սրբագրումներ» կատարեց. Նույնիսկ ժամկետից շուտ, կիսատ-պռատ, հրապարակեց աղքատության ցուցանիշներ, որոնք համեմատաբար ավելի մեղմ են բնութագրում աղքատության վիճակը Հայաստանում, քան նախկինում էր։ Բայց այդ ցուցանիշներին վիճակագրական կոմիտեն հասել է ոչ թե իրական արդյունքներով, այլ աղքատության մակարդակի հաշվարկներում հերթական անգամ մեթոդաբանական փոփոխություններ կատարելով։

Կարդացեք նաև

Թե ինչո՞վ է պայմանավորված եղել նման փոփոխությունների անհրաժեշտությունը, չեն մեկնաբանել։ Բայց գոնե ազնիվ են գտնվել տողատակում ընդգծել, որ աղքատության վերաբերյալ հրապարակված 2024թ. ցուցանիշները, հաշվարկի մեթոդաբանության փոփոխության հետևանքով, համադրելի չեն նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Դրանք չեն կարող համեմատվել։

Դա, իհարկե, չխանգարեց, որպեսզի իշխանության ներկայացուցիչներն այդ հրապարակման վրա հերթական մանիպուլյացիաներն անեն ու փորձեն տպավորություն ստեղծել, թե աղքատությունը մեր երկրում մեծ տեմպերով նվազում է։ Հրապարակմանն անմիջապես արձագանքեց սոցապ նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտարարելով, թե 2024թ. Հայաստանում աղքատությունը 2 տոկոսային կետով նվազել է։

Հետո նույն բանը բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ՝ Ազգային ժողովում, կրկնեց ֆինանսների նախարարը։

Թե՛ մեկը, թե՛ մյուսը հաշվի չառան, որ 2024թ. աղքատության վերաբերյալ հրապարակված տվյալները համադրելի չեն նախորդ տարիների ցուցանիշների հետ, և դեռ պետք է սպասել մեթոդաբանության փոփոխությունների հիման վրա նախորդ տարիների ցուցանիշների վերանայմանը, որպեսզի հնարավոր լինի իրական պատկերացում կազմել աղքատության վերաբերյալ։

Թե աղքատության հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունների ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի նախորդ տարիների ցուցանիշների վրա, պաշտոնական վիճակագրությունը պատրաստվում է ասել նոյեմբերի վերջին։

Մի բան, սակայն, ակնհայտ է. եկել է քաղաքական իշխանությունից հաշվետվություն պահանջելու ժամանակը, պաշտոնական վիճակագրությունը որոշել է փոխել աղքատության հաշվարկի մեթոդաբանությունը։

Իհարկե, առաջին անգամ չէ, որ պաշտոնական վիճակագրությունը փոխում է աղքատության մակարդակի հաշվարկի մեթոդաբանությունը։ Նման փոփոխություն տեղի ունեցավ նաև 2019թ., ինչից հետո պարզվեց, որ աղքատության մակարդակը մեր երկրում ավելի բարձր է, քան նախկին մեթոդաբանությամբ հաշվարկի պարագայում էր։

Ի՞նչ կլինի հերթական փոփոխության արդյունքում՝ շուտով կտեսնենք։ Բայց դատելով նրանից, որ քաղաքական իշխանությունը մեծապես ձախողել է աղքատության նվազեցման՝ տրված խոստումը, ենթադրվում է, որ ամեն ինչ անելու են այդ ձախողումը հնարավորինս քողարկելու համար։ Չի բառացվում, որ այդ նպատակով նախորդ տարիների աղքատության ցուցանիշները նոր մեթոդաբանությամբ հաշվարկելու պարագայում բարձրացվեն, որպեսզի աղքատությունը կիսով չափ կրճատելու իշխանությունների խոստումը շատ մեծ շեղում չտա։

Մինչև մեթոդաբանության վերջին փոփոխությունն աղքատության մակարդակը Հայաստանում 23.7 տոկոս էր։ Ծայրահեղ աղքատությունը հասնում էր 1.1 տոկոսի։

Կառավարությունն իր գործունեության ծրագրով խոստացել էր աղքատությունը կրճատել կիսով չափ, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ ընդհանրապես վերացնել։ Բայց ինչպես տեսնում ենք, «թարմացված» տվյալներով՝ բնակչության 21.7 տոկոսը Հայաստանում շարունակում է աղքատ լինել։

Եթե համարենք, որ Հայաստանում 3 միլիոնից ավելի մարդ է ապրում, ապա ստացվում է, որ առնվազն 651.000 մարդ ապրում է աղքատության մեջ։

Շարունակում են բավական մեծ թիվ կազմել նաև ծայրահեղ աղքատները։ Թեև իշխանությունները խոստացել էին արմատախիլ անել ծայրահեղ աղքատությունը, 2018թ. մինչև հիմա կարողացել են կրճատել ընդամենը 0.4 տոկոսային կետով։

2018թ. Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 1 տոկոս էր, հրապարակված վերջին տվյալներով՝ հաշվարկի մեթոդաբանությունը փոխելուց հետո, 0.6 տոկոս է։

Որքան էլ արսենթորոսյանները փորձեն այս իրավիճակը  ձեռքբերում համարել, իշխանության համար սա մեծագույն ձախողում է։ ՔՊ-ի իշխանության գալուց հետո, իրականացված «անմեղ մեթոդաբանական» միջամտություններով հանդերձ, աղքատության մակարդակը Հայաստանում չնչին փոփոխություն է կրել։

Իսկ դա նշանակում է, որ հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ, չնայած, հատկապես վերջին տարիներին, պաշտոնապես Հայաստանում բարձր տնտեսական աճեր են գրանցվում։ Վերջին օրերին տեղի ունեցող բյուջետային քննարկումների ժամանակ կառավարության պաշտոնյաները հպարտանում են, թե նույնիսկ խոստացած միջին տարեկան 7 տոկոսից բարձր տնտեսական աճ են ապահովել։ Բայց, ինչպես տեսնում ենք, դրանից աղքատության մակարդակը Հայաստանում էական փոփոխություն չի կրել։

Տարօրինակ է նաև, որ 2024թ. հրապարակված ցուցանիշում աղքատությունը 21.7 տոկոս է գնահատվել, երբ հասարակության աղքատ հատվածի եկամուտներում անցած տարի առանձնապես բան չի փոխվել. Թոշակը չեն բարձրացել, միջին կենսաթոշակը՝ ինչպես եղել, այնպես էլ՝ մնացել է 49 հազար դրամ, անապահովության  նպաստները չեն ավելացել, նվազագույն աշխատավարձը չի փոխվել, գործազուրկների քանակը նույնիսկ մի քանի տասնյակ հազարով ավելացել է։

Սրանք հիմնականում հասարակության այն խավերն են, որոնք ապրում են աղքատության մեջ։ Նրանց կյանքում անցած տարի բան չի փոխվել, եկամուտները չեն ավելացել ու այդ պայմաններում կրել են գնաճի ազդեցությունը։ Բայց ինչպես տեսնում ենք, պաշտոնական վիճակագրությունը՝ հաշվարկի մեթոդաբանության «անմեղ» փոփոխության արդյունքում, 2024թ. համար՝ ինչպես աղքատության, այնպես էլ՝ ծայրահեղ աղքատության ավելի ցածր ցուցանիշներ է արձանագրել։

Թեպետ այդ ցուցանիշներով չէ, որ քաղաքացիները պատկերացում են կազմում, թե ինչքանով է փոխվել իրենց կյանքը։ Փաստն այն է, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում հարյուր-հազարավոր քաղաքացիներ շարունակում են ապրել աղքատության մեջ, ու նրանց կյանքի պայմանները ՔՊ-ականների կառավարման տարիներին ոչնչով չեն բարելավվել, եթե չասենք վատացել են։

Եկել էին ժողովրդի կյանքը բարելավելու, իրենցն են անգամներով բարելավել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս