Ինչպե՞ս է կարգավորվում զորացրվող զինվորի դիրք բարձրանալ-չբարձրանալու հարցը, ո՞րն է մահացած զինվորի և նրա վերադասի պատասխանատվության չափը
Այս օրերին մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր ձնահյուսքի հետևանքով զինծառայողի մահվան դեպքը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ»:
Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել էին որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ, և հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել էր զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003թ․)։
Իսկ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր.
«ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 13.01.2023թ.-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․–ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով, դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք: Սակայն ժամը 14:30-ից հետո, եղանակային վատթար պայմաններում, զինծառայողը կորել է համածառայակիցների տեսադաշտից:
Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Կազմվել է քննչական խումբ։
Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում, հունվարի 14-ին մարտական դիրքի հարակից ձորում` ձյան տակ, հայտնաբերվել է Բ․Մ․-ի դին»:
Ավելի ուշ մամուլը գրել էր այն, ինչի մասին ի սկզբանե հայտնի էր մեզ՝ այդ օրը զինծառայողը պատրաստվում էր զորացրվել: Եվ մինչև սոցիալական ցանցերում և մամուլում պաշտոնանկությունների էմոցիոնալ կոչեր էին հնչում, մենք հարցեր էինք բարձրացնում՝ արդյոք զորացրվող զինվորը պե՞տք է մարտական դիրքում լինի և այնտեղից զորացրվի, ի՞նչ է խոսել նա հարազատների հետ ճանապարհ ընկնելու պահին կամ մինչև կապի ընդհատումը, քանի որ մամուլում արդեն տեղեկություններ կային, որ զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել ծնողների հետ:
Այսինքն, փորձում էինք նախ հասկանալ պատճառը, խախտումների շրջանակը և չափը: Իհարկե, ավելի ուշ մենք իմացանք, որ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ տեղաշարժ թույլ չտալու հրաման է եղել, ինչը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Իհարկե, խնդիրն ունի երկու կողմ՝ մեկը բնական պայմաններն են։ Ասեմ, որ հանրությունն իմանա, վերջին 10 օրերի ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում։ Այս պահին ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել՝ փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, սակայն եղանակային պայմանների պատճառով փակվում են։ Նշեմ նաև, որ մենք ունենք շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամռան ամենատաք շրջանում, մեքենայով հնարավոր չի հասնել: Այսինքն, ուզենք թե չուզենք, զինծառայողների տեղաշարժը մինչև այդ դիրք, նաև սննդի հասցնելն իրականացնում ենք հետիոտն, կամ այլ մեխանիզմներով, դրանք պայմանավորված են տվյալ դիրքերի աշխարհագրական դիրքով: Կարևոր է այստեղ նշել, որ մենք գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են մեզ հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահյուսքերի ուղղություններ: Իհարկե, անվտանգությունն ապահովելու համար մեր կողմից մշտապես կատարվում են և՛ պայթեցման, և՛ կանխարգելիչ աշխատանքներ, բայց ունենք իրավիճակներ, երբ բնությունն անկանխատեսելի է: Իհարկե, այս դիպվածի հիմքում կա նաև պարտականությունները պատշաճ կատարելու մեջ թերացումներ։ Անուններ և պաշտոններ չեմ հնչեցնի, բայց սա չի կարող չունենալ պատասխանատուներ, ինչն ի հայտ կարող է բերել միայն պատշաճ քննությունը: Բայց գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ՝ որևէ տեղաշարժ չիրականացնելու։ Ավելին՝ Հատուկ բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, որոնցից 4-ը մնացել են դիրքերում և միայն 2 օր են կարողացել իջնել և տուն գնալ։ Այդ դեպքի առնչությամբ կա վարկած, և դա բավականին հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը»,- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ մանրամասնել է նախարարը՝ հավելելով, որ դեպքի ամբողջական պատկերը պարզ կդառնա ծառայողական քննության, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր.
«Զինվորի զորացրվելուց առաջ զանգեր են հնչել զորամասի ղեկավարներին, և պահանջել են, որ զինվորին զորացրեն հենց իր բանակ գնացած օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զորամասի ղեկավար կազմը պնդել է, որ չեն կարող, սակայն պահանջները թիկունքավոր բարեկամների կողմից շարունակվել են, քանի որ ծնողները պատրաստվել են: Եվ, ահա, հրամանատարության զիջումների հետևանքով որոշվել է զինվորին մարտական դիրքից իջեցնել, ինչն էլ ցավալի ու ողբերգական հետևանք ունեցավ»:
Իսկ արտաքին ճնշում ասելով, ՀՀ պաշտպանության նախարարը, թերևս, հենց սա նկատի ուներ, բայց քանի որ քննություն է ընթանում, մեղադրական սլաք նա չի ուղղել ձնաբքի հետևանքով մահացած զինծառայողի հարազատների ուղղությամբ, ինչից, սակայն, զերծ չի մնացել Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ անմիջապես իրեն չուղղված հորդորին՝ «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ պիտի անի, որ գոնե խաղաղ պայմաններում զինվորն անվնաս մնա», Փաշինյանն արձագանքել է՝ «զանգում, ասում են՝ սեղանը գցած ա, մեր էրեխուն ոնց ուզում եք՝ բերեք»:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի դեպքում նման պահվածքը, բնավ, զարմանալի չէ, նա սովոր է քրեական գործերի նախաքննության և դատաքննության փուլերում գտնվելու ժամանակ վարկածներ առաջ քաշել և մեղավորներ նշանակել: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի նման դժգոհության, երբ իր իշխանության օրոք և հենց իր իսկ «թեթև ձեռքով» շրջանառության մեջ մտավ թեզը, թե զինվորը բանակում պիտի զգա՝ ինչպես իր տանը, որ բանակը, հայրենիքը մեր օջախն է, մինչդեռ տանն ամեն մեկն իրեն տարբեր կերպ է պահում, բարքերը տարբեր են: Բանակում զինվորը չպետք է իրեն զգա՝ ինչպես իր սեփական տանը, այլ պետք է զգա անվտանգ, ապահով և հրամանատարության հոգատարության ներքո, բայց նաև օրենքով թույլատրելի խիստ կանոններով:
Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել էր, որ չնայած տեղաշարժն արգելող համապատասխան հրաման է եղել, սակայն գործ ունենք նաև պարտականությունների կատարման գործում թերացումների հետ:
Այս համատեքստում նշենք, որ ՀՀ Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք-օրենքի հոդված 4-ը սահմանում է՝ «ենթակա զինծառայողի բացահայտ անհնազանդության, անհարկի հակաճառության կամ դիմադրության դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է կարգուկանոնն ու կարգապահությունը վերականգնելու նպատակով իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել օրենքներով ու զինվորական կանոնագրքերով սահմանված հարկադրանքի բոլոր միջոցները»: Գործնականում արձանագրվում է տեղաշարժը թույլ չտալու հրամանին ենթարկվելու փաստ, մյուս կողմից, հարց է՝ ինչ պայմաններում և ինչու է զինծառայողի վերադասը տրվել, Սուրեն Պապիկյանի ասած՝ արտաքին ճնշմանը: Սրանք հարցեր են, որոնք նույնպես պետք է պարզի քննությունը:
Վերադառնանք Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, որ «ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․–ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով, դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք»:
Մեր տեղեկություններով, մեքենան չի կարողացել հասնել նշված դիրք, որպեսզի զինվորին վերցնի, ուստի նա պետք է գնար հարակից դիրք, որպեսզի մեքենայով զորամաս գնար, և շատ մոտ է եղել հասնելուն, երբ ձյան պատճառով զինծառայողի հետ կապը կորել է։ Սա, իհարկե, նախնական վարկած է, իսկ Քննչական կոմիտեն տեղեկատվություն չի տրամադրում դեպքի հանգամանքների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք քննության առարկա են։
Իսկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր վերոնշյալ պատասխան-ելույթում հնչեցրել է, ըստ էության, գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ՝ դիրքերի թիվ, աշխարհագրական դիրքով պայմանավորված խոցելի վիճակ և դիրքեր բարձրանալու հստակ բարդություններ: Գուցե ոմանք ասեն, թե 2021-2022 թվականի ադրբեջանական ներխուժումներից հետո ՀՀ դիրքերն ու զորքի տեղաշարժը շատ տեղերում թշնամու վիզուալ վերահսկողության տակ են, բայց դա չի նշանակում, որ չպետք է պահվեն գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունները:
Գուցե սա ակամա է ստացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Սուրեն Պապիկյանն առավել զգուշավոր և պահպանողական է այսօրինակ հարցերում:
Ավելին, 2022 թվականի գարնանն ԱԺ-ում հենց ինքն էր անընդունելի համարել դիրքերի հետ կապված գաղտնազերծումները՝ «հրապարակային նշե՞նք, թե որ հատվածներում են գտնվում մեր դիրքերը», եթե չհաշվենք, որ գրեթե նույն ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա, իսկ հայտարարությանը կցվել էին լուսանկարներ, որի միջոցով, ըստ էության, հասանելի էր դարձվել մեր ռազմական անգարի հնարավորությունները, ինչի մասին 168.am-ը գրել էր։
Ինչ վերաբերում է զորացրման ենթակա զինվորի մարտական դիրք բարձրանալ-չբարձրանալուն, այդ մասին հստակ ֆիքսված դրույթ չկա, խնդիրը կարգավորվում է «չգրված օրենքներով» կամ «ներքին որոշումներով», իսկ զինծառայողները դիրք են պահում ոչ թե խաղաղ, ինչպես երբեմն օգտագործվում է ձևակերպումներում, այլ ոչ մարտական պայմաններում: