ՊՆ֊ն պետական գաղտնիքի օրենք է խախտել
Լրագրողների հարցերին ի պատասխան, որպես կանոն, ռազմական ղեկավարությունը հանկարծ հիշում է պետական գաղտնիքի մասին, թե «ի՞նչ, հրապարակային նշե՞նք, թե որ հատվածներում են գտնվում մեր դիրքերը»:
Մինչդեռ լինելով պետական գաղտնիքի կրող, հենց իրենք են խախտել և շարունակում են խախտել այն:
Մարտի 31-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա:
Ռազմական կցորդների այցի հիմնական նպատակն էր՝ համոզվել, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և, որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:
Մի կողմ թողնենք սրա քաղաքական ենթատեքստը, բայց պետական գաղտնիքի մասին պատեհ և անպատեհ առիթներին «գոռացող» Սուրեն Պապիկյանը, թերևս, պիտի գիտակցեր, որ ռազմական անգարի հնարավորությունները գոնե լուսանկարներով չպետք է ներկայացվի լայն հանրությանը, առանց այն էլ դրանց օտարերկրյա ռազմական կցորդներն ամենայն մանրամասնությամբ ծանոթացել են:
Այդ լուսանկարների միջոցով անգամ ոչ մասնագետները կարող են հեշտությամբ որոշել ռազմական նշված անգարի գեոլոկացիան, իսկ այսպիսի անգարները Հայաստանում շատ չեն: Այսինքն, google map-ի միջոցով այսօր հնարավոր է տեսնել ռազմական անգարի արտաքին հատվածը, դե, իսկ ներսի պայմաններն էլ հասանելի են դարձել ՊՆ-ի շնորհիվ:
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, թե որ տեղեկությունները կարող են դասվել պետական և ծառայողական գաղտնիքի շարքին:
Ռազմական բնագավառին առնչվող պետական և ծառայողական գաղտնիք է համարվում հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի մասին տեղեկությունը, ինչպես նաև՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի միավորումներին ու զորամասերի տեղաբաշխմանը, իսկական անվանումներին, կազմակերպչական կառուցվածքին, զինվածությանը և թվաքանակին վերաբերողները:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների՝ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝
1. պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշենք նաև, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝
Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Հ.Գ. Ի դեպ, մարտի 31-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Սու-30ՍՄ-ների Ուկրաինա տեղափոխման մասին ադրբեջանական տեղեկություններին. «Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»,- ընդգծել է Փաշինյանը: Փաստորեն, ռազմական կցորդները Փաշինյանի խոսքին չեն հավատացել և որոշել են իրենց աչքով տեսնել և համոզվել դրանում: Պաշտպանության նախարարությունն էլ դռները բացել է և «օտչոտ» տվել միջազգային կցորդներին: