Բաժիններ՝

Մտահոգիչ է, որ արդյունաբերության աճն էականորեն զիջում է ընդհանուր տնտեսության աճի տեմպին. Պավել Սաֆարյան

ՀՀ ֆինանսների նախարարի նախկին առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի գնահատմամբ՝ 2024 թվականի բյուջեի նախագծով եկամտային և ծախսային քաղաքականության բնագավառներում, բացի քանակական ավելացումներից, անելիքների տեսակետից էական կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ տեսանելի չեն:

Նախկին փոխնախարարը թեև դեռ չի հասցրել ծանոթանալ Բյուջե 2024-ի բոլոր մանրամասներին, բայց 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ առաջնային մի քանի հարցերի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները:

– Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս, և նկատել, որ այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները: ՀՆԱ-ի 50 տոկոսը չգերազանցելը միա՞կ չափանիշն է, որը թույլ է տալիս նման հայտարարություն անել:

– Որևէ երկրի վարկանիշի դրական միտումները պայմանավորված են ոչ միայն պարտքային պարտավորությունների նվազեցմամբ. այն մեծապես կախված է նաև տվյալ երկրի տնտեսական զարգացման տեմպերից, ինչպես նաև՝ բյուջետային և տնտեսական դիրքը բնութագրող մի շարք այլ ցուցանիշների դրական դինամիկայից:

Կարդացեք նաև

Երկրի վարկանիշի բարձրացման մասին կարելի է խոսել միայն այն դեպքերում, երբ ապահովված է ֆինանսական կայունությունը և նկատելի է հարկաբյուջետային քաղաքականության հետ կապված ռիսկերի կառավարման բարելավումը:

– Կապիտալ ծախսերի թերակատարումը կարծեք խրոնիկ բնույթ ունի հատկապես վերջին տարիներին. այս առնչությամբ, պարզվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակ ունի փոխել կապիտալ ծախսերի իրականացման մեխանիզմը. պլանավորում են թույլատրել կապիտալ ծախսերի տեղափոխումը մի տարվանից՝ մյուս: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախագծին:

– Տեխնիկական առումով, այդ նախագծի վերաբերյալ կարծիքս դրական է, սակայն չեմ կարծում, թե առաջարկված է այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կտա լուծելու կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարման հարցը, և որն ավելի էական է՝ կբացառի բյուջեի կատարման բնագավառում վերջինիս ունեցած պատճառահետևանքային բացասական միտումները:

Որքանո՞վ է իրատեսական այս բյուջեով նախատեսվող 7 տոկոս տնտեսական աճի թիրախը: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում տնտեսական «անորակ» աճերին, երբ փաստացի արդեն ոչ միայն գյուղատնտեսությունն է էականորեն զիջում ընդհանուր տնտեսության աճի տեմպին, այլև՝ արդյունաբերությունը:

-Իրականում կանխատեսումների հավաստիությունը պայմանավորված է վերջիններիս իրականացման համար օգտագործվող մոդելներից և այն վերլուծություններից, որ պետք է կատարեն կառավարության համապատասխան ստորաբաժանումները: Այդ առումով, եթե հաշվի առնենք իմ ունեցած սահմանափակ տեղեկությունը, իմ կողմից տնտեսական աճի 7 տոկոսանոց թիրախի վերաբերյալ գնահատական տալը կարող է շատ թերի լինել:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ՝ կանխատեսմամբ չէ, որ հնարավոր է ունենալ տնտեսության ցանկալի կառուցվածք: Իսկ այն, որ գյուղատնտեսության և արդյունաբերության աճն էականորեն զիջում է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, իհարկե մտահոգիչ է, և դրանով իսկ՝ մարտահրավեր կառավարման համապատասխան օղակների համար:

Տեսանյութեր

Լրահոս