«Չի կարող որևէ երկրի որևէ չինովնիկ որոշի, թե մեր կաթողիկոսն ով է լինելու. Սամվել Կարապետյանը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար»․ Նարեկ Կարապետյան
«Հանգուցալուծումը լեգիտիմիզմն է, իսկ լեգիտիմության առումով՝ ամենայն հայոց Հայրապետը Գարեգին երկրորդն է։ Չի կարող որևէ երկրի որևէ չինովնիկ որոշի, թե մեր կաթողիկոսն ով է լինելու։ Առավել ևս, որ նա դեռ հարցերի ունի իր նախկին մեղքերի հետ։ Թող նա իր մեղքերի հարցով ապաշխարության գա, նոր մեզ հրամցնի իր տեսլականը՝ եկեղեցու հետ կապված»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ շարունակվող արշավանքի և խնդրի հանգուցալուծման մասին հարցին։
Անդրադառնալով ՀԷՑ-ի շահագործման լիցենզիայից «Տաշիր կապիտալ» ընկերությանը զրկելու հարցին, Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ Ստոկհոլմի արբիտրաժը գործընթացը կասեցնելու որոշում է կայացրել, որը ՀՀ իշխանությունը չի կատարում և ստեղծված իրավիճակում որևէ լուրջ, վարկանիշ ունեցող ընկերություն չի գա և չի գնի ՀԷՑ-ը․
«Եթե ՔՊ-ն ուզում է Հայաստանում ունենալ միջազգային ներդրող, պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է արբիտրաժ դիմելու իրավունք ունենան։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը ոտնահարվում է, ապա ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու։ Միայն գալու են իրենց ընկերները, բացելու են «բետոնուզել» և Հայաստանում մենք որևէ որակական զարգացում չենք ունենալու ու դրա հիմնական ապացույցը արդյունաբերության մեջ մեր անկումն է, եթե ոսկու առևտուրը հանենք, մենք ունենք արդյունաբերական անկում»,-ասաց նա։
«Ուզում եմ մեր ժողովրդին տեղեկացնել, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի կողմից արված հայտարարության։ Մենք պատրաստ ենք կրելու բիզնեսի հետևանքները մեր համոզմունքների համար։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Շատերն են ասում, թե հայ գործարարները միայն գումար աշխատելու համար են, սակայն շատ գործարարներ, ձեռներեցներ ունեն գաղափարական մեծ հենք և պատրաստ են բոլոր ճնշումներին, ֆինանսական կորուստներին՝ միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ ֆինանսական որևէ ակտիվ Սամվել Կարապետյանի համար այնքան կարևոր չէ, որքան իր սկզբունքները։
Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե Կարապետյան ընտանիքը պետք է շնորհակալություն հայտնի իրեն, քանի որ ՀԷՑ-ում մեծ խնայողություններ է արել, նա ասաց.
«Եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ ու արդյունքներ են եղել, սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որևէ մեկին, ով գործիք է հանդիսացել նրան, որ Հայաստանում սեփականության իրավունքը ոտնահարվի»։

