Փոխադարձ մեսիջներ Twitter-ով. Իսրայելի ու Ադրբեջանի հարցերով լոբբիստը ողջունում է
Վերջին ժամերի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով հարավկովկասյան զարգացումների մասին, մի շարք առանցքային հայտարարություններ է արել։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին, խոսել է թե’ Երևան-Բաքու գործընթացի, թե’ «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի շուրջ։
«Վերջապես ողջամտություն»,- իր թվիթերյան միկրոբլոգի էջում այսպես է որակել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ադրբեջանամետ առաջարկը միջազգայնագետ, Իսրայելի ու Ադրբեջանի հարցերով հայտնի լոբբիստ Լյուք Քոֆֆին (Luke Coffey)։ Նա, մասնավորապես, ողջունել է այդ լսումների ընթացքում Բլինքենի՝ Իրանի դեմ Ադրբեջանին սպառազինելու առաջարկն ու կոչը` վերացնել Ադրբեջանի դեմ կիրառվող «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևը, որը եղել է ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների մեծագույն ձեռքբերումներից մեկը։
Կարճ հիշեցնենք, որ 907-րդ բանաձևը Միացյալ Նահանգներին արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, թեև 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձությունները հնարավորություն տվեցին Բուշի և հաջորդ վարչակազմերին ամեն տարի շրջանցել 907-րդ բանաձևը։
Սակայն, ըստ Լյուք Քոֆֆիի, ԱՄՆ կառավարությունը պետք է այլ երկրին ռազմական օգնություն տրամադրելու իր որոշումը պայմանավորի ամերիկյան անվտանգային շահերով, այլ ոչ թե «սփյուռքի խմբերի լոբբինգով»: «Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը անարդարացի խոչընդոտ է, որը պետք է վերացվի»,-ընդգծել է Քոֆֆին իր անդրադարձում: Նա մեջբերել է Բլինքենի հետևյալ ուղիղ խոսքը․ «Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, որը պաշտպանության կարիք ունի»։
Ուշագրավ է, որ զուգահեռաբար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հնարավորության մասին։ «Չեմ ուզում չափազանցնել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս իսկապես ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը», – նշել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը` հավելելով, որ Վաշինգտոնն այս գործընթացում ներգրավվել է հայկական կողմի խնդրանքով։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բլինքենի այս ելույթին հաջորդել է ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի գրառումը նույն թեմայի վերաբերյալ` ըստ էության Բլինքենին երկրորդելու տրամաբանության շրջանակում։ Պատահական չէ, որ Փաշինյանը հենց Twitter-ում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների հիման վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»: