Փողոցային անզիջում պայքարը՝ իրավական ճանապարհով  Փաշինյանին իշխանությունից հեռացնելու այլընտրանք

Ընդդիմությունն արդեն 40 օրից ավելի է՝ փողոցային պայքարի է դուրս եկել գործող իշխանության դեմ և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երկրում առկա է քաղաքական ճգնաժամ և այն հանգուցալուծելու համար կա երկու տարբերակ․ կա՛մ Նիկոլ Փաշինյանը՝ հաշվի առնելով հասարակական պահանջը, հրաժարական է ներկայացնում վարչապետի պաշտոնից, կա՛մ էլ Ազգային ժողովն անվստահություն է հայտնում նրան և ընտրում է նոր վարչապետ: Այս պահին անվստահություն հայտնելու հնարավորություն Սահմանադրությունը չի ընձեռում, առավել հավանական է փողոցային ճնշման տակ դրան հասնելու տարբերակը, հատկապես, որ ընդդիմությունը նույնպես դրա կողմնակից է: «Իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ։ Եվ մեզ մեր մանդատները պետք կգան՝ գործը մինչև վերջ հասցնելու համար»,- հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Փողոցային պայքարը դեռ չի հասել սպասելի արդյունքի, իշխանական պատգամավորները շարունակում են պնդել, որ օրակարգում չկա Փաշինյանի հրաժարականի հարցը:

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իրավական ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Սահմանադրությունը, և որքանո՞վ են դրանք իրատեսական, 168.am-ի հետ զրույցում մանրամասնում են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում կարող է անվստահություն հայտնվել կառավարությանն ու վարչապետին: Սահմանադրության 115 հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու, բայց նույն հոդվածի 3-րդ կետը հստակ նշում է, որ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- մեզ հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հնարավոր կլինի հայտնել միայն այս տարվա օգոստոսի 2-ից հետո, սակայն դիտարկելով ներկայիս խորհրդարանը, գործնականում անվստահության գործընթաց սկսել ու հաջողել չի ստացվի:

«Եթե նկատի ունենանք, որ պառլամենտի մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, ապա ակնհայտ է, որ ոչինչ չի ստացվի, եթե խմբակցության ներսում զարգացումներ տեղի չունենան: Եթե որոշ պատգամավորներ դուրս գան «ՔՊ» խմբակցությունից,  մնան որպես անկախ պատգամավորներ, ինչպես, օրինակ, Իշխան Զաքարյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից, և քվեարկեն ընդդիմադիրների նախաձեռնության օգտին, ապա գործնականում հնարավոր կլինի անվստահություն հայտնել կառավարությանն ու նրա ղեկավարին: Բայց դրա համար անհրաժեշտ կլինի, որ 20 պատգամավոր դուրս գա «ՔՊ» խմբակցությունից: Դրանից հետո յոթնօրյա ժամկետում խորհրդարանն առաջադրում և ընտրում է նոր վարչապետ, որին հանրապետության նախագահն անմիջապես նշանակում է վարչապետի պաշտոնում: Ի դեպ, պարտադիր չէ, որ վարչապետի նոր թեկնածուն լինի պատգամավորներից մեկը, նա կարող է լինել ՀՀ ցանկացած քաղաքացի»,- մանրամասնեց Էդգար Ղազարյանը:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով, ինչպես հետպատերազմյան շրջանում, այնպես էլ այսօր ՀՀ–ում քաղաքական ճգնաժամ հիշեցնող իրավիճակ է, որովհետև սահմանադրաիրավական լուծումներն այնքան էլ շատ չեն ու այս իրավիճակում կիրառելի չեն: Ամենաճիշտ տարբերակը վարչապետի հրաժարականն է, բայց դա այնքան էլ իրատեսական չէ․ դա են վկայում խաղաղ հավաքների ժամանակ ցուցարարների նկատմամբ տեղի ունեցող բռնարարքները:

«Ես ևս մեկ ճանապարհ կարող եմ ասել, սակայն դա էլ անիրատեսական եմ համարում: Քրեական օրենսգրքով նախատեսված, հանցագործության հատկանիշներ պարունակող գործընթացներ են տեղի ունեցել, որոնք կարող են դառնալ քրեական գործերի հարուցման հիմք: Իշխանության կողմից, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ակներև ոտնահարվում են Սահմանադրության մի շարք հիմնարար դրույթներ: Որպես օրինակ՝ կարող եմ նշել Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտի միջազգային փաստաթղթերը, որոնք վավերացում պահանջող փաստաթղթեր են, որոնք, ըստ մեր սահմանադրության, ենթադրում են ՍԴ եզրակացություն դրանց սահմանադրականության վերաբերյալ, ապա վավերացում ԱԺ կողմից: Եթե ունենայինք օրենքին հավատարիմ իրավապահ մարմիններ, ապա այս իշխանության մի շարք գործողությունների հիման վրա պետք է հարուցված լինեին քրեական գործեր, բայց քանի որ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի կամ ուժի ձեռքում, որին հնազանդվում են իրավապահ համակարգն ու օրենսդիր մարմինը»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Գոհար Մելոյանը:

Խոսելով ընդդիմության նպատակների ու շանսերի մասին, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը արձանագրեց, որ այսօր դեպքերը շատ արագ են զարգանում, և դրանք, ի վերջո, հանգեցնելու են Փաշինյանի հրաժարականին: Թե իրավական իմաստով ո՛ր մեխանիզմը կգործի, որը կլինի ավելի կենսունակ, ցույց կտա ժամանակը: Այսինքն՝ Փաշինյանն ի՞նքը հրաժարական կներկայացնի, թե՞ խորհրդարանը կպահանջի՝ պայմանավորված է գործընթացներով, բայց որ նա այս վիճակում չի կարող պաշտոնավարել, ակնհայտ է, որովհետև դրա հեռանկարը իրավական և քաղաքական ճգնաժամն է:

«ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ այլևս խորհրդարան չեն վերադառնալու ֆունկցիոնալ աշխատանքի, իսկ մանդատները վայր չեն դնում, որ եթե հանկարծ Փաշինյանը հրաժարական տա, կամ նրան անվստահություն հայտնվի, քվեները չպակասեն նոր վարչապետ ընտրելու համար: Ընդդիմությունը խորհրդարան կարող է գնալ միայն իրենց նախանշած օրակարգով: Եթե պարզվի, որ ընդդիմությանը մանդատները պետք չեն, ընդդիմությունը կարող է ֆորմալ առումով ընդհանրապես հրաժարվել մանդատներից, ցուցակների բոլոր հաջորդ համարների պատգամավորների թեկնածուները նույնպես հրաժարվեն մանդատներից, ու կստացվի, որ մեր խորհրդարանում ընդդիմություն առհասարակ գոյություն չունի, իսկ դա սահմանադրական կարգի խախտում է, որովհետև ՀՀ Ընտրական օրենսգրքով, խորհրդարանում ընդդիմությունը պետք է լինի պատգամավորների թվի 30 տոկոսը: Հակառակ դեպքում խորհրդարանը դադարում է խորհրդարան լինել: Եթե խորհրդարանական երկրում չկա  խորհրդարան, ապա իշխանություն նույնպես չկա: Սա կարող է հանգեցնել լուրջ իրավական ու քաղաքական ճգնաժամի: Որևէ դեպքում մեր հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու միակ լուծումը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչո՞ւ է իշխանական խմբակցությունը պարբերաբար սպառնում ընդդիմությանը զրկել մանդատներից, եթե դա կարող է կաթվածահար անել խորհրդարանը, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Իրենք արկածախնդիրներ են, սեփական որոշումներ չեն կայացնում, դա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ղեկավարվող մեկ միասնական մարմին է, այնտեղ սեփական դատողություններով թեկուզ մեկ պատգամավոր գոյություն չունի: Դա ցույց տվեց հունիսի 3-ը: Ընդդիմությունը կանչում է Հայաստանի համար կարևորագույն հարցի քննարկմանը, կարող էին, չէ՞, գալ, մասնակցել ԱԺ նիստին, հարցեր տալ հիմնական զեկուցողին, ելույթներ ունենալ, քննարկել հարցը, վերջում դեմ քվեարկել հայտարարության նախագծին: Բայց ընդհանրապես բոյկոտեցին նիստը: Իրենք խորհրդարանի գործունեությունը պատկերացնում են միայն իրենց ուզած օրը, իրենց ուզած օրակարգով: Իսկ իրենք ասում են՝ եթե մի հարց խորհրդարան է բերում ընդդիմությունը, մենք դա չենք էլ քննարկում: Ասում են՝ եթե դուք չեք գալիս խորհրդարան մեր նախանշած օրակարգը քննարկելու, ուրեմն ձեզ կզրկենք մանդատներից, աշխատավարձից»:

Ըստ Էդգար Ղազարյանի, ընդդիմադիր պատգամավորների գաղափարախոսությունը, մեր հանրային կյանքի օրակարգային գլխավոր խնդիրը Արցախի կարգավիճակից բխող անվտանգային խնդիրն է: Եթե այդ հարցը դեռ չի քննարկվել, դրա վերաբերյալ մեր պետությունը՝ ի դեմս խորհրդարանի, չունի քաղաքական դիրքորոշում, չի կարող լինել օրակարգային ցանկացած այլ հարց:

«Հարցը հետևյալն է, արդյոք «ՔՊ» խմբակցության մեջ կգտնվե՞ն պատգամավորներ, որոնք դուրս կգան «ուսապարկի» կարգավիճակից և կսկսեն որոշումներ կայացնել՝ որպես ինքնուրույն քաղաքական գործիչներ: 2018-ին, ըստ տրամաբանության, Նիկոլ Փաշինյանը չպետք է ընտրվեր վարչապետ, որովհետև «Հանրապետական» խմբակցությունը մեծամասնություն էր խորհրդարանում, բայց գտնվեցին պատգամավորներ, որ քաղաքական ճգնաժամից խուսափելու և երկիրը կոլապսի չտանելու համար կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանով, ըստ էության, հաղթահարվեց ճգնաժամը, որը կարող էր առաջանալ»,- մանրամասնեց Էդգար Ղազարյանը:

Մեր զրուցակիցը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է պահում իր կողմից ղեկավարվող Ոստիկանությունը՝ բիրտ ուժի միջոցով: Պետական կառավարման համակարգում ոստիկանությունը վարչապետին առընթեր մարմին է: Ոստիկանությանը բիրտ ուժ կիրառելու, ցուցարարներին բերման ենթարկելու, վարկաբեկելու հրաման տալով՝ Նիկոլ Փաշինյանը պահում է իր իշխանությունը: Նրան իշխանությունից հեռացնելը հասարակական պահանջ է, անկախ դրա արտահայտման եղանակից: Փաստացի Փաշինյանը բռնությամբ է պահում իշխանությունը: Միայն Ոստիկանության ֆունկցիոնալ գործունեության խաթարումը կհանգեցնի իշխանությունից հեռանալու որոշմանը:

Փաշինյանի հրաժարականի հասարակության պահանջը վարչապետի լեգիտիմության խնդիր առաջացնո՞ւմ է՝ հարցին, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը պատասխանեց. «Իրավական առումով՝ ոչ, քանի որ եղել են ընտրություններ, ընտրվել է խորհրդարան, ապա Փաշինյանին ընտրել են վարչապետ: Նորից գնալ Փաշինյանի կազմակերպած ընտրությանը՝ անիմաստ է, որովհետև 2021-ի խորհրդարանական ընտրությունը, ըստ էության, իշխանության զավթում էր: Փաշինյանը շատ լավ գիտակցում և տեսնում է հասարակական դժգոհությունը, իսկ դրա ինդիկատորը ոստիկանության չափազանց մեծ ուժերի կուտակումն է: Փաշինյանը պարզապես պատրանք է ստեղծում, թե ապրում է սովորական կյանքով, մասնակցում է գինու փառատոնի, նրա կինը սրճարաններից լուսանկարներ է հրապարակում, իրականում ապրում են վերին աստիճանի լարված կյանքով, շատ լավ գիտակցելով, որ հասարակության մեծ մասը դժգոհ է իրենից: Այլ հարց է, որ թույլ չեն տալիս, որ այդ դժգոհությունն արտահայտվի»:

«Նիկոլ Փաշինյանի վտանգն այն է, որ նրա իշխանության միակ շահառուն Ադրբեջանն է, նրա պաշտոնավարումը ձեռնտու է միայն Ադրբեջանին: Նրա պաշտոնավարման ամեն օրն օգուտ է Ադրբեջանին՝ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հաշվին»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս