Պետության վախճանը՝ գինու օրգիաներում

Հայաստանում վերջին տարիներին կատարված ու այսօր շարունակվող գործընթացներն ունեն խորքային, անտեսանելի շերտեր, որոնք անտեսանելի լինելով՝ ընդհանրության մեջ՝ ամեն օր, հատվածաբար երևակվում են ընթացիկ իրադարձություններում։

Ընդհանուր բնորոշմամբ՝ այդ ստորջրյա գործընթացներն ունեն մեկ գլխավոր նպատակ՝ հայ հասարակությանը զրկել ինքնությունից։ Դրա նպատակն էլ իր հերթին՝ վերջնարդյունքում պետությունից զրկելն է՝ բառի եթե ոչ ուղիղ, ապա առնվազն բովանդակային իմաստով։

Ամեն գնով խաղաղություն հաստատելու մոլուցքն իրականում անինքնության շքահանդես է, որը հանգում է անկախ ամեն ինչից լավ ապրելու մտակաղապարին։

Իշխանության անուղղակի ուղերձն այն է, որ կարևոր չէ՝ ում կպատկանի Արցախը կամ Սյունիքը, ինչ համազգեստ կունենան Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներին կանգնած մաքսավորները, ինչ ծագում կունենան ռազմավարական ոլորտներում ներդրում կատարողները․․․ կարևորը, որ դրա արդյունքում կլինի լավ կյանք։ Ինքնությունը, այսպիսով, փոխարկվում է ժամանակավոր լավ կյանքով, կամ որ նույնն է՝ փողով։

Սպառողականությամբ աշխարհից հետ չմնացող, իսկ գուցե առաջ անցած հայ հասարակության պատկառելի հատվածի համար այս գործարքը շահավետ է թվում․ հրաժարում ինքնությունից՝ հանուն լավ կյանքի։ Իշխանությունն այս գործարքի հիմնական շահառուն է ու նաև իրագործողը, որովհետև ամեն ինչից զատ՝ դա նաև իշխանությունը պահպանելու միջոց է, և բացի այդ, դրանում կա փող, գուցե շատ փող։ Ահա այս չերևացող առանցքի շուրջ են պտտվում բոլոր գործընթացները Հայաստանում, ուղղակիորեն իրար հետ չկապված բազմաթիվ իրադարձություններ խորքային հարթությունում սպասարկում են հենց ինքնությունից հրաժարումին։ Ոտքով գետնին ընկած քաղաքացուն հարվածող ոստիկանն ահա այդ անինքնության համազգեստավոր դրսևորումն է։ Իր հազարավոր համազգեստավոր գործընկերների նման, ովքեր, կրելով թշնամու հանդեպ կուչ եկած պետության ուսադիրները, իրենց վայրենու նման են պահում սեփական հայրենակիցների հանդեպ։

Վայրագության այդ ցուցքը, ըստ ամենայնի, ոչ պատահաբար տեղի է ունենում հատկապես այն օրը ու այն ժամին, երբ զուգահեռ փողոցում կայանում է անինքնության ավելի մասշտաբային էքզիբիցիա՝ գինու փառատոն։ Դրա կազմակերպիչներին, իսկ որ ավելի հավանական  է՝ կազմակերպիչների կազմակերպիչներին հատկապես անհրաժեշտ է ցուցադրել հայ հասարակության այն «առաջադեմ հատվածին», որոնք էքստազի մեջ զուգահեռ փողոցում պարում են ոստիկանական հարվածներին ուղիղ համեմատական ռիթմերով։

Ինքնությունն այդպիսով հորդում է գինու գավաթներում՝ այն նույն պահին, երբ հարևան փողոցում հորդում է սեփական հայրենակիցների արյունը։ Իրականությունների այս զուգահեռությունը սահմռկեցուցիչ է, բայց հենց դա է անհրաժեշտ ինքնության դեմ պայքարի ստվերային շահառուներին։ Ինչպես որ անհրաժեշտ է անտարբերների հսկայական քանակություն և «սոցցանցային ակտիվիստների» մի զանգված, որը՝ շվեդական հանդուրժողականություն ցուցաբերելով ադրբեջանցիների ու թուրքերի նկատմամբ, փողոցային բառապաշարով անվանարկում է իշխանության դեմ հանդես եկող ազգակիցներին։

Առանց ինքնության մարդկանց համար պետությունն ունի երկրորդային նշանակություն, կամ չունի նշանակություն ընդհանրապես։ Անինքնությունն ազգային ու տարածական պատկանելություն չունի, համեղ ու արբեցնող կարող է լինել նաև ադրբեջանական գինին, իսկ մարմնաշարժությունը հնարավոր է կազմակերպել նաև թուրքական մուղամի ներքո։

Շատ քիչ է մնացել, որ Հայաստանը հասնի պետության բովանդակային վախճանին։ Ինքնության հետ կապված ամենայնի դեմ պայքարը զգալի հաջողություն է արձանագրել։ «Ինքնություն՝ հանուն լավ կյանքի» գործարքը թևակոխելու է եզրափակիչ արար՝ վերափոխվելով «պետություն՝ հանուն լավ կյանքի» վերջնավաճառքի։ Պահպանելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է գուցե իր վերջին առաքելությունը՝ երաշխավորում է հենց այդ գործարքի կայացումը։ Ի՞նչ միջնորդավճարի դիմաց, արդեն անգամ հետաքրքիր չէ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս