Մանկապղծություն՝ Կառավարության շենքում

Քրեական օրենսգրքով մանկապղծության համար սահմանված է ամենախստագույն պատիժը։ Մանկապղծության համար դատապարտվածներին քրեակատարողական հիմնարկներում ամենադաժան կերպով պատժում են նաև ոչ ֆորմալ միջոցներով։ Բայց ինչպես Քրեական օրենսգրքում, այնպես էլ՝ հանրային բարոյականության տիրույթում մանկապղծությունը դիտարկվում է առավելապես ֆիզիկական իմաստով, երբ որևէ վիժվածք սեռական ոտնձգության է ենթարկում մանկահասակ երեխային։ Քրեական օրենսգիրքն ու հանրային բարոյականության իմպերատիվները, սակայն, լռում են այն դեպքերի առնչությամբ, երբ մանկապղծությունն արտահայտվում է ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն, երբ բռնության է ենթարկվում երեխաների ոչ թե մարմինը, այլ հոգին, մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։

Հենց այդպիսի ցայտուն օրինակ էր նախօրեին Կառավարության նիստերի դահլիճում Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված միջոցառումը, որի ընթացքում նա «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դեռահասների առաջ հանդես էր գալիս մենախոսությամբ։

Անհաշվելի անհեթեթ ու հակաբարոյական թեզերով համեմված այդ ճառից առավելապես ուշադրության արժանացավ նրա այն միտքը, թե թամադաները հարսանիքների ընթացքում պետք է խմեն ոչ միայն զինվորների, այլ նաև հարկ վճարողների կենացը։

Բայց Նիկոլ Փաշինյանի դասախոսության մյուս հատվածները շատ ավելի վտանգավոր ու քայքայիչ մտքեր էին պարունակում։

Կարդացեք նաև

Նա երկար խոսում էր կրթության, դպրոցի, ուսուցիչների մասին և իր բոլոր դատողությունները եզրափակում էր նրանով, որ կրթության, դպրոցի, ուսուցչի առաքելությունը երեխային իր հմտությունները վաճառել սովորեցնելն է։

«Վաճառք»։

Ահա այն գաղափարը, որով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարության շենքում լվանում էր երեխաների ուղեղը։

«Վաճառք, վաճառել բառն ունի բացասական երանգ»,- ասում է նա ու երկար փորձում երեխաներին համոզել, որ վաճառելն իրականում ոչ միայն բացասական չէ, այլև բոլորի կյանքի նպատակն է։

Նիկոլ Փաշինյանը թվարկում է բոլոր հնարավոր երևույթները, որ կարելի է ու պետք է վաճառել. մասնագիտական հմտությունից՝ մինչև ծառայություններ, և երեխաներին համարյա պարտադրելով բացատրում, որ կյանքի գլխավոր նպատակը պետք է լինի լավ վաճառել կարողանալը։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, չի ասում, բայց հասկացողը հասկանում է, որ նա հենց այդ սկզբունքով է ղեկավարում Հայաստանը, որը, ի թիվս վաճառքի ենթակա ամենայնի, վաճառում է աշխարհաքաղաքական շուկայում։

Նա կրկին չի ասում, բայց հասկացողը էլի հասկանում է, որ իրականում ինքը ոչ թե Հայաստանի ղեկավարն է, այլ վաճառքի մենեջերը, ով հպարտանում է վաճառելիքը լավ գնով հրամցնելու կարողությամբ։

Խնդիրը, իհարկե, վաճառքը կամ բիզնես հարաբերությունները չեն, որոնց մասին էր Նիկոլ Փաշինյանի մենախոսությունը։

Խնդիրն այն է, որ բիզնես մտածողությունը նորմալ ու արդարացված է գործարար աշխարհում ու հարաբերություններում, որտեղ իսկապես ամենայնի գերնպատակը հնարավորինս շատ շահույթ ստանալն է։

Բայց պատկերը միանգամայն այլ է պետական կառավարման դեպքում, որին շատ հաճախ բիզնես մտածողությունն ուղղակի հակացուցված է․պետական շահը կարող   է պահանջել և որպես կանոն պահանջում է որոշումներ, որոնք նյութական իմաստով ոչ միայն շահավետ չեն, այլև վնասակար են։

Եվ դա կրկին մտածողության, աշխարհայացքի խնդիր է, ինչը հերթական անգամ վկայում է, որ բիզնես մտածողությամբ, միայն շատ փող աշխատելու մոլուցքով առաջնորդվող մարդուն չի կարելի թույլ տալ մոտենալ պետական կառավարմանը։ Նիկոլ Փաշինյանը՝ ամբողջությամբ կրելով այդ մտածողությունը, կյանքի գերնպատակ համարելով փող աշխատելը, այդուհանդերձ չի կարող չգիտակցել դեռահասների առաջ նման մտքեր արտահայտելու վտանգավորությունը։

Նա շատ լավ գիտակցում է դա և դա անում է միտումնավոր, որովհետև նրան պետք է, որպեսզի երիտասարդ սերունդը կիսի իր արժեքներն ու մտածողությունը՝ իր իսկ կատարած հակապետական քայլերի. լայն իմաստով՝ պետության վաճառքի դեմ չընդվզելու, դա որպես «լավ գործարք» ընկալելու համար։

Նիկոլ Փաշինյանը գիտակցված է դիմում հոգեբանական մանկապղծության՝ հասկանալով, որ միայն պղծված հոգիներով երիտասարդները կարող են նորմալ վերաբերվել պետականապղծության իր գործողություններին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս