«Թուրքի հետ հնարավոր չի ապրել», «թող ինքը գա՝ ադրբեջանցու հետ խաղաղ ապրի, դրա իմաստն էլ հասկանա, վիճակն էլ տեսնի»․ Իվանյանի բնակիչներ
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում մարդիկ, իրենց առօրյա աշխատանքի ու հոգսերի հետ միասին, ուշադրության կենտրոնում են պահում անվտանգության խնդիրները և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները, ինչը նրանց մոտ անհանգստություններ է առաջացնում։
Նրանց խոսքով՝ այսօր Արցախից մի բուռ է մնացել, ինչը պետք է պահել ամեն գնով։
«Ճիշտն ասած, մեծ մեղքը ղեկավարությանն է, ժողովուրդը միամիտ ժողովուրդ է, սպասում են՝ տեսնեն, թե ղեկավարն ինչ պետք է անի, հետո տեսնում են, որ արդեն տարածքն էլ է տված, իրենց վիճակն էլ է վատացած։ Ես լավ բանի չեմ սպասում, չգիտեմ՝ Երևանի վիճակն ինչպես է, բայց եթե Արցախը մնաց թուրքի ձեռքի տակ՝ այստեղ մի հայ չի մնալու, սա իմ ենթադրությունն է։
Առաջին պատերազմի ժամանակ Մարտակերտի բնակիչները ոտաբոբիկ հասել են այստեղ, Ստեփանակերտում նրանցից 9 հոգու տեղ եմ տվել։ Նրանց ոտքերն ուռած, ոտքերի տակը կարմրած, կաշին պոկված, այդպես հասել են այստեղ։ Այդքան բան, որ ես տեսել եմ, ի՞նչ կարող եմ մտածել, պատերազմ էլ եմ տեսել։ Եթե այս պատերազմը նախորդի նման ընթանար, 100 տոկոս համոզված եմ, որ մեր Արցախի տղաները կհաղթեին, բայց հիմա ուրիշ է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Իվանյան գյուղի բնակիչ Ռոզա Աղայանը։
Նրա խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմին երկու որդիներն էլ մասնակցել են, մեկը ՌԴ-ում է ապրում, պատերազմի օրերին վերադարձել է ու գնացել դիրքեր։ Թեպետ մինչև վերջ պայքարել են, սակայն այսօր տիկին Ռոզան հույս չունի, որ արցախցիների վիճակը կարող է լավանալ։
«Այս խոսակցություններն էլ, որ լսում ենք, թե ամեն ինչ փաստաթղթերով կատարված է, բայց ժողովրդին խաբում են՝ հույս չունեմ, որ լավ է լինելու։ Թուրքի հետ ապրել եմ, թուրքի հետ աշխատել եմ, ես դրանց բնավորությունը գիտեմ, դրանք երբեք սուս չեն մնա, ներքին կարգով էլ իրենց վատությունը հային անում են, սպասում են։ Հիմա էլ են անում՝ պոստերում իրենց ուզած ժամին մարդ էլ են սպանում, կրակում են, ուզած բառերն արտահայտում են, բայց մեր հայը չի անի, որովհետև իր ընտանիքն այստեղ է»,- հավելեց Ռոզա Աղայանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ «խաղաղության դարաշրջան» բացելու, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին, Ռոզա Աղայանը նկատեց՝ «թող ինքը գա՝ ադրբեջանցու հետ խաղաղ ապրի, դրա իմաստն էլ հասկանա, վիճակն էլ տեսնի»։
«Ով ապրել ու տեսել է, նա է հասկանում, Երևանից մինչև այստեղ արցախցու նկատմամբ արտահայտություններ են անում՝ սա շատ վիրավորական է։ Նա չի հասկանում այստեղի տարածքների դասավորվածության ձևը ու ասում է, թե Խրամորթը, Իվանյանը, Ասկերանը թուրքի տարածքն է։ Ասում է՝ Ղարաբաղը թուրքի տարածքն է, արտահայտե՞լ է, արտահայտել է, բայց ինքը հասկանո՞ւմ է, թե ղարաբաղցին այս տարածքում քանի տարվա պատմություն ունի, չի՛ հասկանում, թող կարդա հասկանա։ Լյոխ իր բառերի հետևանքն է, որ մեր ժողովուրդն այսքան տուժվում է, հենց առաջին օրվանից էլ ինքն ասել է, որ՝ Ղարաբաղն ով է, ինչ է, որ ես նրան տիրություն անեմ։ Հենց առաջին օրվանից էլ իր բառերն ադրբեջանցիներին ոտքի է կանգնեցրել ավելի ուժեղ, քան թե մեզ, մենք կոտրվել ու կծկվել ենք։
Բոլոր կրակոցները մեր գլխավերևով են գնացել Ստեփանակերտ, այդ բոլոր սթրեսները մենք ապրել ենք։
Մեր հայ տղաները մտածում են միայն հողի պաշտպանության մասին, ինչու չեն կարո՞ղ ուրիշների նման գնալ այլ տեղ ապրել»,- նշեց նա։
Իվանյանի բնակիչ Աիդա Միքայելյանը, ով տարիներ շարունակ աշխատել է զինվորական համակարգում, ասում է՝ այսօր Իվանյանում վախի մեջ են ապրում, չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց։
«Վախվխելով ապրում ենք, Արցախից մի բուռ է մնացել, թողնեն այդ մի բռան մեջ ապրենք։ Մենք գնալու տեղ չունենք, մեր տեղն այստեղ է։
Թոռնիկներս ծառայում են, վախենում ենք, թողնենք այստեղ, ո՞ւր գնանք։ Ամեն մի չխկոցից վեր ենք թռնում, անգամ այստեղ պալիգոնում աշխատում ենք, վազելով գալիս ասում եմ՝ ինչ պայթեց։ Վախի մեջ ապրում ենք, բայց չենք լքում, եթե մնանք Ադրբեջանի կազմում, հնարավոր չի լինի այստեղ ապրելը։ Թուրքի հետ հնարավոր չի ապրել, մենք չպետք է մնանք Ադրբեջանի կազմում»,- նշեց Աիդա Միքայելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում