Դադիվանքը՝ նոր փորձության առաջ. հայ հոգևորականներին ռուս հոգևորականնե՞րն են փոխարինելու

168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը Դադիվանքի «ուդիականացման» պլաններում փորձում է ռազմավարություն փոխել։

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, Ադրբեջանը ռուսական կողմին առաջարկել է Դադիվանքում հայ հոգևորականներին փոխարինել Մոսկվայի պատրիարքարանի՝ Բաքվի Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներով։

Այս հարցում, ըստ էության, իր ազդեցությունն ունի ռուսական եկեղեցու՝ Բաքվի թեմի վարչակազմի քարտուղար արխիմանդրիտ Ալեքսիյ Նիկոնորովը: Նա այս ծառայությանը նշանակվել է 2021-ի հոկտեմբերի 24-ին:

Նիկոնորովը ծնվել է Բաքվում, պատմաբան է, փիլիսոփայության դոկտոր:

2000-ականների սկզբին նա Մոսկվայի հոգևոր ակադեմիայում դիսերտացիա է պաշտպանել «Քրիստոնեությունը կովկասյան Ալբանիայում» թեմայով:

Իր հարցազրույցներից մեկում Նիկոնորովը հայտարարել է, թե իբր Հայ Առաքելական եկեղեցին «կուլ է տվել» ալբանական եկեղեցու պատմությունը, սուվերենությունը:

Այսինքն, ըստ նրա, Հայ Առաքելական եկեղեցին իրեն է վերագրել ալբանական եկեղեցու պատմությունը:

Եվ հիմա, փաստորեն, Նիկոնորովը արդեն որպես Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ է փորձում ուդիներին աջակցել, այսպես ասած, «ալբանական եկեղեցու վերականգնման» հարցում:

Հավելենք, որ անցած տարեվերջին տելեգրամյան ալիքները գրեցին, որ Բաքվի Ռուս ուղղափառ եկեղեցում հոգևորականներն աղոթել են Ադրբեջանի նախագահ Ալիևի համար:

Մեկ այլ ուշագրավ փաստ. 2021-ի հոկտեմբերին «Սպուտնիկ Արմենիան» մի հոդված հրապարակեց, որտեղ նշվում էր, որ հոկտեմբերի 15-ին Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) Սրբազան Սինոդը Հայաստանում թեմ ձևավորելու մասին որոշում է կայացրել։

«Հայաստանի Հանրապետության սահմաններում ձևավորել Ռուս ուղղափառ եկեղեցու թեմը։ Երևանի և Հայոց թեմի թեմական եպիսկոպոսին «Երևանի և Հայոց» տիտղոս տալ ու Երևանում տաճար ունենալ»,- նշված է Սինոդի որոշման մեջ:

Գործակալությունը գրել էր, որ եպիսկոպոսի ենթակայության տակ են լինելու Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործող վեց եկեղեցիներ, իսկ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող Պոկրովյան եկեղեցին դառնալու է մայր տաճար։

«Credo Press» կրոնական-վերլուծական հարթակի գլխավոր խմբագիր, կրոնական մեկնաբան Ալեքսանդր Սոլդատովը կարծիք էր հայտնել, որ այդ որոշմամբ Համայն Ռուսիո պատրիարքը ձգտում է մարտահրավեր նետել Ամենայն Հայոց կաթողիկոսին, այսինքն, այն քաղաքական ենթատեքստ ունի: Ավելի կոնկրետ, ինչպես ասվում էր «Սպուտնիկ Արմենիայի» 2021թ. հրապարակված հոդվածում, կրոնագետ Ալեքսանդր Սոլդատովը պատահական չի համարել այն փաստը, որ Սինոդը նիստ է հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումից անմիջապես հետո, և, որ Պատրիարք Կիրիլի միջնորդությունը չի հարթեցրել հակադրությունը Գարեգին Բ-ի ու Ալլահշուքյուր Փաշազադեի միջև։

Սոլդատովն ակնարկել էր, որ Մոսկվայի պատրիարքարանում հույս ունեին, թե Հայոց կաթողիկոսի հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել։

«Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին չի հաջողվել պատրիարք Կիրիլի հովանու ներքո որևէ բանի շուրջ համաձայնության գալ։ Հայաստանում ռուս ուղղափառ եկեղեցու թեմի շուտափույթ ստեղծման մասին որոշումը հնչեց՝ որպես պատրիարք Կիրիլի պատասխանը Գարեգին Երկրորդի հռետորաբանությանը»,- ասել էր կրոնագետը։

Հիշեցնենք, որ 2021-ի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը, որը տևել էր մի քանի ժամ:

Պատրիարք Կիրիլն առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել Գարեգին Երկրորդի և Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։

Ի դեպ, Փաշազադեի հետ հանդիպմանը ներկա էր եղել նաև Ադրբեջանում ծնված ռուսաստանցի օլիգարխ Գոդ Նիսանովը, որը համարվում է Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկն ու Ալիևների ընտանիքի հիմնական լոբբիստն այդ երկրում։

Վերադառնալով Նիկոնորովին, ով սերտ կապերի մեջ է Բաքվի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ և օգտվում է Հեյդար Ալիևի անվան ֆոնդի «բարիքներից», և նպաստում է ալբանական եկեղեցու վերականգնման փորձերին, նկատենք, որ եթե Դադիվանքի հետ կապված ադրբեջանական այս ծրագիրն իրականություն դառնա, սա բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծելու եղբայրական հայ և ռուս ժողովուրդների հոգևոր, մշակութային և, անշուշտ, ռազմաքաղաքական բարեկամության համատեքստում: Ի վերջո, եթե Դադիվանքում չլինեն հայեր, հայ հոգևորականներ, ըստ էության, այնտեղ ռուսական խաղաղապահների գտնվելու իմաստը կորչում է, և Ադրբեջանը շատ հանգիստ կարող է բարձրացնել նրանց այնտեղից հանելու հարցը:

Մեծ հաշվով, այս պահին գնդակը ռուսական կողմի դաշտում է, քանի որ 2020-ին նոյեմբերյան կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Դադիվանքի վանական համալիրի հայկականության պահպանումը անցավ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական հովանու տակ։

Մամուլը գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի և Դադիվանքի հետ կապված զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ ՌԴ նախագահն Ալիևին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու:

Սա, իհարկե, չխանգարեց, որ Դադիվանքում իրենց ծառայությունը մատուցող հայ հոգևորականների հերթափոխերն իրականացվեն բարդություններով, որ արգելվի նրանց կողմից պատարագների մատուցումը և հայ ուխտավորների այցելությունները երկար ժամանակով, այն դեպքում, երբ Ադրբեջանի «ուդիական համայնքի» ներկայացուցիչները բազմաթիվ «ուխտագնացություններ» են անարգել իրականացրել:

Թե ինչպես կհանձնի այս քննությունը ռուսական կողմը, ժամանակը ցույց կտա: Ի վերջո, սա ևս մեր տարածաշրջանում ռուսական ներկայության պահպանման հարցերից է՝ հատկապես արևմտյան, թուրքական ակտիվության ֆոնին:

Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի

Sputnik via AFP

Տեսանյութեր

Լրահոս