«Հասկանալի է՝ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց մասին մենք ըստ էության տեղյակ չենք». Վահրամ Բալայանը՝ Արցախի շուրջ զարգացումների մասին

Ինչո՞ւ ՀՀ կառավարության անդամները չեն ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Այս հարցի պատասխանն Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի համար պարզ է, քանի որ, նրա խոսքով՝ կան գաղտնի գործընթացներ, որոնք Հայաստանի իշխանությունները թաքցնում են։

«Այստեղ մի բան այն չէ, այդ պատճառով էլ Հայաստանի կառավարության անդամները ռիսկ չեն անում նման խոսք ասել։ Իսկ իրենց այն հայտարարությունները, որ նման բան չեն ասում, քանի որ դա կարող է խանգարել գործընթացին, ապա ասեմ՝ նման բան հայտարարելը որևէ բանով չի խանգարի գործընթացին։ Ի վերջո, ում հետ բանակցում են, նա պետք է իմանա հայկական կողմի «կարմիր գծերը», այսինքն՝ թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանալու։

Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանը հիմար չէ, որ գա իրենց հետ անորոշ սկզբունքների և հարցերի շուրջ բանակցություններ վարի։ Հասկանալի է, որ կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնց մասին մենք ըստ էության տեղյակ չենք, և այդ պայմանավորվածությունների շուրջ են բանակցությունները գնում։ Վտանգավորությունն այն է, որ խախտվում է 1992 թվականի գերագույն խորհրդի հայտնի որոշումը, որով փաստորեն Հայաստանն իր վրա պարտականություն վերցրեց չստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախի Հանրապետությունը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Փաստորեն այս փաստաթուղթը, այսպես ասած, դե ֆակտո դրված է վտանգի տակ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։

Ըստ նրա, տեղեկատվական դաշտում եղած փաստերը, ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի իշխանությունների ներկացրած հայտարությունները եթե համեմատության մեջ են դնում, ապա կարելի է ենթադրել, որ զարգացումները բնավ Հայաստանի ու Արցախի շահերից չեն բխում։

«Ադրբեջանը ժամանակի ընթացքում պարտված երկիր է եղել, սակայն մշտապես պայքարել ու չի հրաժարվել Արցախից, պայքարել է, որպեսզի իր իշխանությունը տարածի Արցախի վրա, սա էլ այն դեպքում, երբ չի ունեցել որևէ իրավական հիմք։ Այսօր Ադրբեջանը հաղթել է և, բնականաբար, իր կամքն է փորձում պարտադրել Հայաստանին ու Արցախին, և Հայաստանի համապատասխան կառույցները պետք է իրենց մեջ ուժ գտնեն դիմակայելու այն ամենին, ինչը մեկ բառով կարելի է անվանել արհավիրք»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Արցախի ԱԺ պատգամավորի գնահատմամբ՝ առկա փաստերը համեմատելիս ինչ-որ տեղ ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելուց։

«Եթե խոսում են միայն անվտանգությունից, ապա այդ անվտանգությունը երաշխավորելու հասկացությունը բավականին լայն է, և Ադրբեջանն էլ կարող է հայտարարել, որ կարող է Արցախի համար անվտանգության այնպիսի համակարգ ստեղծի, որ արցախահայությունն իր կազմում անվտանգ ապրի։ Սա հարցի լուծման ելք ու տարբերակ չէ, և մտահոգիչ է, նաև անհեռանկար»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի վերջին հայտարարությանը, թե 1998 թվականից սկսած Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որը Արցախը չի դիտարկել Ադրբեջանի կազմում, Վահրամ Բալայանը նկատեց՝ ամբողջ խնդիրն այն է, որ հանրությանը պետք է ճշմարտությունն ասել, այլ ոչ թե պոպուլիզմով հանդես գալ։

«1998 թվականից սկսած Հայաստանում երբեք չի եղել մի իշխանություն, որը Արցախը դիտարկեր Ադրբեջանի կազմում, նման բան չի եղել։ Այդ ամբողջ գործընթացն ընթանում էր Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու տակ և նրանց միջնորդությամբ։ Հայկական, ադրբեջանական կողմերը և միջնորդները խոսում էին երեք հիմնական սկզբունքների մասին՝ տարածքների ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։ Այսինքն՝ նման պարագայում ինչպե՞ս կարող էր բանակցությունները 20 տարուց ավելի ընթանային, եթե այդ երեք սկզբունքները համադրելի չլինեին։ Քիվեստում ժամանակին խոսվում էր, և նույնիսկ Ադրբեջանն էլ համաձայնություն էր տվել, որ Արցախը լինի Հայաստանի կազմում։ Նշանակում է խոսք ու քննարկում է եղել, չէ՞, Հայաստանի իշխանությունները մշտապես խոսել են այն մասին, որ Ադրբեջանի մաքսիմալիստական ձգտումների պատճառներով ամեն ինչ ձախողվել է։ Եթե Հայաստանի նախկին իշխանությունը Արցախը դիտարկեր Ադրբեջանի կազմում, ապա այն գլխից էլ կդիտարկեր ի սկզբանե, և պատերազմ չէր լինի։ Սրանք փաստեր են, որոնք հասանելի են բոլորին, գաղտնի որևէ բան չի եղել»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Տեսանյութեր

Լրահոս