«Եվրամիությունը զոհաբերելու է Հայաստանի բոլոր շահերը՝ այլընտրանքային գազամուղի համար». Հայկ Նահապետյան
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Ռուսաստանը դուրս չի մղվել բանակցային գործընթացից:
«Հայաստանի և Ադրբեջանի կողմից կազմված հանձնաժողովի հաջորդ հանդիպումը Մոսկվայում է, և Մոսկվան ամեն կերպ ձգտելու է, որ իր վերահսկողության ներքո լինի ցանկացած գործընթաց, որը վերաբերում է Արցախի հիմնախնդրի կարգավորմանը և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ներառյալ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Բրյուսելյան հանդիպման արդյունքում Շառլ Միշելի տարածած հայտարարության վերաբերյալ Փաշինյանն ասել էր, թե ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. «ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից: Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է»: Իսկ Արմեն Գրիգորյանը նշել է, որ պետք է շարունակեն աշխատել և ստանան այնպիսի տեքստ, որն ամբողջությամբ համապատասխանում է հայկական շահերին, սա ամբողջությամբ չի համապատասխանում: Հայկ Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ հավաքական Արևմուտքը Հայաստանին աջակցում է միայն ժողովրդավարության վերաբերյալ գովեստի խոսքերով, իսկ Ադրբեջանին՝ այդ երկրի շահերը սպասարկելով:
«Հայաստանը, փաստորեն, համաձայնել է Բրյուսելում ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի կոնկրետ պնդումների և ձևակերպումների հետ, ընդ որում՝ երբ կետը վերաբերում էր խաղաղության պայմանագրին, որի մեջ նշված էր Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության մասին, այդտեղ մեկ կարևոր բառ կա Միշելի կողմից նշված՝ անհրաժեշտ է այդպես գնահատել, այսինքն՝ դա պարտադրանք էր: ԵՄ-ն, այո, շահագրգիռ է, որ Ադրբեջանի շահերն ամբողջովին սպասարկվեն, որովհետև Եվրամիությունն Ադրբեջանով ունի շատ կարևոր ստրատեգիական խնդիր իր համար լուծելու. Ռուսական գազամուղին դեպի Եվրոպա այլընտրանքային գազամուղի ստեղծումը: Ադրբեջանն ունի գազի լուրջ ռեսուրսներ, եթե դրան էլ գումարենք, որ Թուրքմենստանը ևս ունի, որը գազային խողովակներով կապված է Ադրբեջանի հետ, և եթե դրան էլ գումարեն, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում այդ գազամուղին կարող է միանալ նաև Իրանը, որի նկատմամբ ԱՄՆ-ը վերջերս կոնկրետ գործնական քայլերով բավական լոյալ է, ապա ԵՄ-ն մի խնդիր ունի՝ ստեղծել ռուսական գազամուղին այլընտրանք: Եթե չլինի այլընտրանք, դա նշանակում է, որ Եվրոպան ՌԴ աշխարհաքաղաքական մի գործիքի ներքո է գործելու, որի անունն է գազամուղ: Դրա համար Եվրամիությունը զոհաբերելու է Հայաստանի բոլոր շահերը՝ այլընտրանքային գազամուղ իր տարածք մտցնելու համար»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, հնարավոր լինելո՞ւ է կանխել այս գործընթացները, նա պատասխանեց. «Այդ գործընթացներն ուղղակիորեն հակասում են Ռուսաստանի ռազմավարական շահերին: Հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի ռազմավարական կնքած պայմանագրեր, և Ռուսաստանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանին ևս ձեռք չի տալիս այդ գազամուղի ստեղծումը: Այստեղ ակնհայտ է լինելու Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի բախումը, որի համատեքստում հայկական կողմը բավականին շահեկան դիրքեր կարող է գրավել: Ռուսաստանն այս պահին Ուկրաինայում իր համար ստրատեգիական կարևոր խնդիր է լուծում, իսկ Ուկրաինայում ՌԴ-ԱՄՆ հակամարտություն է, ուղղակի Ուկրաինայի տարածքում ռազմական ձևով է դա երևում: Ուկրաինայում նոր ստատուս-քվո հաստատելուց հետո ՌԴ-ն իր համար խոցելի Հարավային Կովկասում շատ ավելի ակտիվ է լինելու: Այստեղ կոնկրետ երկու ուղղությամբ խնդիր է լուծելու՝ Հայաստան-Ադրբեջան և Վրաստան-Ռուսաստան»:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը, Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, որովհետև Ռուսաստանն այս պահին խնդիրներ ունի իր արևմտյան ուղղությամբ. «Ռուսաստանի հաղթանակից հետո Ռուսաստանի դիրքորոշումն այս տարածաշրջանում շատ ավելի կոշտ է լինելու»:
Հայաստանի իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանի վերաբերյալ նա նշեց, որ այն իրականում Հայաստանի չգոյությունն է. «Չգոյություն է, երբ երկիրը պաշտպանված չէ: Եթե տեսականորեն նայենք, որ Արցախում ռուս խաղաղապահներ չեն լինելու, իսկ Հայաստանում՝ 102-րդ ռազմաբազա, ապա որևիցե խոչընդոտ չի կարող լինել, որպեսզի Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ագրեսիայի ենթարկեն Հայաստանին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում