Էմբարգոն հանելուց հետո թուրքական ապրանքների ներմուծումն անգամներով ավելացել է
Մինչ իշխանությունները չեն թաքցնում իրենց անմնացորդ նվիրումը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, իսկ նրանց սպասարկուները, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջնորդությամբ, քարոզում են այդ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը մեր տնտեսության զարգացումների գործում, թուրքական ապրանքները վերստին արագորեն գրոհում են հայաստանյան շուկան։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ որպես հարաբերությունների հաստատման հերթական ժեստ՝ իշխանությունները հանեցին էմբարգոն։ Էմբարգոյի վերացումից հետո թուրքական ապրանքների ներմուծումը անգամներով ավելացել է։
Էմբարգոն, որպես այդպիսին, գործեց ընդամենը մեկ տարի։ Իր թերություններով հանդերձ՝ այն նպաստեց, որպեսզի թուրքական ապրանքների հոսքը Հայաստան կրճատվի։
Եթե 2020թ. պաշտոնական տվյալներով, Թուրքիայից ներմուծումը կազմել էր 231 մլն դոլար, էմբարգոյի կիրառումից հետո 2021թ. կազմեց 73 միլիոն։ Կրճատվեց 3,1 անգամով։
Իհարկե, այլ երկրների անվան տակ որոշակի քանակությամբ թուրքական ապրանքներ ևս մտնում էին հայկական շուկա, բայց դրանով հանդերձ՝ ծավալները զգալիորեն պակասել էին։ Դա բերեց տեղական առանձին արտադրատեսակների արտադրության ակտիվացման։ Մարդիկ հավատալով իշխանությունների այն հայտարարություններին, որ էմբարգոն շարունակվելու է, ներդրումներ կատարեցին և ընդլայնեցին արտադրության ծավալները։
Էմբարգոն իր հերթին՝ օգնեց, որպեսզի տեղական արտադրանքը մրցունակ դառնա շուկայում։
Ճիշտ է, դրանից տուժում էին սպառողները, բայց շահում էր տեղական արտադրողը։
Առանձին ոլորտներում անցած տարի ունեցանք արտադրության ու իրացման ծավալների բավական մեծ աճեր՝ առաջին հերթին՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելման արդյունքում։
Բայց այս տարի իրավիճակը վերստին փոխվել է։ Տեղական արտադրողները կրկին խնդիրների առաջ են՝ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների ավելացման հետևանքով։ Համեմատաբար էժան թուրքական ապրանքները շուկայից դուրս են թողնում տեղական արտադրողներին։ Դրա վկայությունն է նաև այդ ապրանքների ներմուծման ծավալների արագ ավելացումը։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 2 ամիսներին, այսինքն՝ էմբարգոյի վերացումից հետո, Հայաստան ներմուծված թուրքական ապրանքի հոսքը 4 անգամ ավելացել է։
Անցած տարի այն կազմել էր ընդամենը 5,6 մլն դոլար։ Այս տարի արդեն անցնում է 22,9 միլիոնից։
Հունվարին ներմուծվել է՝ 7,9 միլիոնի, փետրվարին՝ 14,9 միլիոնի ապրանք։
Աճի դինամիկան ակնհայտ է։
Կասկած չկա, որ առաջիկա ամիսներին այդ դինամիկան կշարունակի խորանալ։
Ի տարբերություն ներմուծման, ինչպես մինչև էմբարգոն, այնպես էլ՝ էմբարգոյի վերացումից հետո, նույնքան տխուր իրավիճակ է հայկական ապրանքների արտահանման պարագայում։ Անցած ամբողջ տարվա ընթացքում արտահանումը Թուրքիա կազմել էր ընդամենը 443 հազար դոլար։
Այս տարվա սկզբին էլ պատկերը նույնն է. արտահանումը գրեթե զրոյական է։
Հունվար-փետրվարին ընդամենը 19-20 հազար դոլարի ապրանք է գնացել Հայաստանից Թուրքիա։
Նույնիսկ անիմաստ է համեմատել, թե ներմուծումը քանի անգամով է գերազանցում արտահանմանը։ Էմբարգոյի վերացումից հետո, մինչ թուրքական ապրանքների հոսքը Հայաստան մեծ տեմպերով վերականգնվում է, արտահանումը տեղից չի շարժվում։
Սրանից հիմնական տուժողը տեղական արտադրողն է։ Մրցունակության պատճառով այն աստիճանաբար տեղը զիջում է թուրքականին։
Մրցակցային խնդիրներն ավելի են սրվել հատկապես թուրքական արժույթի կտրուկ արժեզրկումից հետո։
Ինչպես հայտնի է, անցած տարի թուրքական լիրան ռեկորդային անկում գրանցեց, ինչի շնորհիվ այդ երկրի արտադրանքն արտաքին շուկաներում մրցակցային նոր առավելություններ է ստացել։ Էժան լիրան արտաքին շուկաներում նպաստել է թուրքական ապրանքների մրցունակության բարձրացմանը։
Մեր շուկայում, առանց դրա էլ, նախկինում դժվար էր մրցակցել թուրքական ապրանքների հետ, հիմա մրցակցությունն էլ ավելի է դժվարացել։ Տեղական արտադրողներն արդեն խոսում են արտադրության ծավալներն էապես կրճատելու մասին, որոնք ավելացրել էին թուրքական ապրանքների ներկրման նկատմամբ կիրառվող արգելափակումներից ու իրականացված ներդրումներից հետո։
Ներդրումներ են արել այն հույսով, որ էմբարգոն մի քանի տարի կպահպանվի, ինչը հնարավորություն կտա ամրացնել դիրքերը տեղական շուկայում։ Բայց հայտնվեցին փաստի առաջ, երբ վերջին պահին իշխանությունները որոշեցին իրենց խաղաղասիրական նկրտումները լրացնել թուրքական ապրանքների մուտքի արգելանքը վերացնելով։
Նրանք, ովքեր հավատացել էին իշխանություններին ու ներդրումներ արել թուրքական ապրանքների փոխարինողների արտադրության, ինչո՞ւ չէ, նաև այլ երկրներից ներմուծումներ կազմակերպելու համար, հիմա ստիպված են հաշվել կորուստները։ Մի մասն էլ սկսել է մտածել սեփական արտադրությունը դադարեցնելու և ներմուծմամբ փոխարինելու մասին։
Թե սրանից ի՞նչ է շահում մեր տնտեսությունը, տեսնում ենք՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման ցուցանիշներում։ Դրանք ոչնչով մեր օգտին չեն և բացառապես տեղավորվում են Թուրքիայի տնտեսության շահերի տիրույթում։
Եվ սա՝ այն պարագայում, երբ դեռևս չեն բացվել սահմանները, և Հայաստանը Թուրքիայի հետ առնչվում է այլ երկրների միջոցով։ Սահմանի բացվելուց հետո թուրքական ապրանքների հոսքն ավելի կհեշտանա։ Եվ ոչ միայն հոսքը կհեշտանա, այլև կնվազի ներմուծման ինքնարժեքը։ Դա էլ կլինի հերթական խթանը՝ ներմուծման ծավալների ավելացման համար։
Փոխարենը՝ մենք շատ քիչ բան ունենք առաջարկելու թուրքական շուկային։ Ու եթե նույնիսկ այնպես ստացվի, որ սահմանները բացվեն, մեր տնտեսությունը չի շահելու այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չէ դրան։ Ընդհակառակը՝ մասնագետները սահմանի բացման մեջ նաև մեծ վտանգ են տեսնում մեր տնտեսության համար։ Քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն չի նպաստի, այլև կկործանի մեր տնտեսությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ