«Արցախը Հայաստան է և վերջ». ձեր ղեկավարի այս դիրքորոշումը հիմա էլ եք կիսո՞ւմ. Տիգրան Աբրահամյանը՝ Էդուարդ Աղաջանյանին

Խորհրդարանում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածուների ներկայացնելու  փուլը։ «Իմ քայլը» խմբակցությունն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել է Էդուարդ  Աղաջանյանին։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարց ուղղեց Էդուարդ Աղաջանյանին՝ նախ նշելով, որ իշխանության նախընտրական ծրագրում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ կա ձևակերպում, որտեղ նշվում է, թե հետպատերազմյան իրավիճակում աշխատանքներ իրականացնելու խիստ անհրաժեշտություն կա, և դրանով պայմանավորված քայլեր են ձեռնարկվում Արցախի իշխանությունների հետ փոխգործակցությունն առավել խորացնելու համար, ինչը ենթադրում է Արցախի հետ նոր ձևաչափեր ստեղծելը։

«Ինձ համար այս հարցը խիստ կարևոր է երկու տեսանկյունից, նախ,  ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումներն այս հարցում, այդ համագործակցությունը խորացնելու ի՞նչ նոր ձևաչափեր եք տեսնում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք որպես այդպիսի ֆորմատ՝ առաջարկել էինք, օրինակ, Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումը, որն իշխանական խմբակցության կողմից մերժվեց։ Նշում էիք, որ դրա կարիքը չկա, քանի որ կա այլ ֆորմատ»,- հանձնաժողովի նախագահի թեկնածուին հարց ուղղեց Տիգրան Աբրահամյանը։

Պատասխանելով  պատգամավորի բարձրացրած հարցին, Էդուարդ Աղաջանյանն ասաց՝ տեղյակ են, որ հետպատերազմյան շրջանում Հայաստանի կողմից աննախադեպ ֆինանսական աջակցություն է տրվել և շարունակում է տրամադրվել Արցախի Հանրապետությանը։

«Այդ թվերին դուք ևս վստահաբար ծանոթ եք, և Հայաստան-Արցախ համագործակցության խորացումը և նոր մակարդակի վերհանումը ենթադրում է, այդ թվում՝ նաև ֆինանսական աջակցության նոր սանդղակների սահմանումը, որպես համեմատություն, եթե չեմ սխալվում, այս մասին վարչապետն իր համապետական հանրահավաքի ժամանակ այդ թիվը հնչեցրել է։ Ֆինանսական աջակցության այն ծավալը, որը տրամադրվել է Արցախին վերջին այս ծրագրերի շրջանակներում, կազմում է  ավելին, քան երբևէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը։

Նա նաև պարզաբանեց, որ իշխանության այն քայլը, որը կարելի է  տեղավորել այդ ծրագրի դրույթներում, հենց այն ֆինանսական աջակցության չափն է, որի մասին արդեն ասել է։

Տիգրան Աբրահամյանը հնչեցրած պատասխանին նախ արձագանքեց, որ հետևում է, որ  Հայաստան համահայկական հիմնադրամը բնակարանաշինության և ենթակառուցվածքների համար հատկացրել է 110 միլիարդ, ինչպես նաև Կառավարության կողմից տարբեր սոցիալական ծրագրերի  համար հատկացումներին, ապա շարունակեց.

«Սակայն իմ հարցն այլ է՝ ցանկանում էի հասկանալ, թե սա ի՞նչ նոր ձևաչափի մասին է խոսքը, որը պետք է առավել խորացնի համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ։ Ուզում էի նաև հստակեցնել, արդյո՞ք Ձեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը պահպանվում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության հետ կապված, արդյո՞ք այսօր էլ եք կիսում այդ դիրքորոշումը»,- հետաքրքրվեց Տիգրան Աբրահամյանը։

Պատասխանելով՝  Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը համարվում է իրենց արտաքին քաղաքականության առանցքը, դա նշանակում է , որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը  մեծապես զբաղվելու է հենց Արցախի հարցերով։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն  այդպես էլ չպատասխանեց հարցին, թե պահպանվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և արդյո՞ք կիսում է այդ դիրքորոշումը։

Տեսանյութեր

Լրահոս